Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահ վաճառողների» ժամանակը

Նոյեմբեր 13,2020 13:30

«Առավոտի» զրուցակիցն է վերլուծաբան Արբակ Խաչատրյանը

– Ժամանակին կանխատեսել եք, որ Թրամփն այն նախագահն է, որի օրոք գերտերություն համարվող ԱՄՆ-ն դեռեւս ազդեցիկ վարկ եւ կշիռ է ունենալու: Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ընտրություններում հաղթած Ջո Բայդենից:

– Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի աշխարհում, եթե միջուկային այդ գերտերության ներսում սկսվեն ներքաղաքական սրացումներ: Ֆինանսաբանկային համակարգի փլուզման վտանգը, որի մասին դեռ տարիներ առաջ էի շեշտում, օրավուր ավելի ակնառու է դառնում: Եթե ստեղծված իրավիճակին հավելվեն նաեւ հետընտրական անկանխատեսելի զարգացումները, պատկերն ավելի մռայլ կդառնա: Նախկին հարցազրույցներիցս մեկում ես նշել եմ, որ առեւտրականի հոգեբանությամբ անհատը՝ քաղաքական անհեռատեսության պատճառով չի կարող ստանձնել երկրի ղեկավարումը: Ըստ իս՝ ի դեմս Ջո Բայդենի, ԱՄՆ-ն չի կորցնի, ավելին գուցե եւ ոչ ամբողջությամբ կվերականգնի սասանված ազդեցությունը աշխարհում: Ի հեճուկս Թրամփի՝ Բայդենը թույլ չէր տա, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, առանց կազմակերպության համաձայնության, զենք կիրառեր մեկ այլ երկրի դեմ՝ ինչը կարող էր պատճառ հանդիսանալ պատերազմական տուրբուլենտության՝ շոշափելով ազգություն եւ կրոն:

– Դեռ 2015 թվականին «Պուտին 24» կայքում հրապարակված «Միջուկային ձմռան շեմին» հրապարակմամբ ուշագրավ եզրահանգումներ էիք արել, ըստ էության, դեռ այն ժամանակ կանխատեսելով թե՛ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների ընթացքը, թե՛ Թուրքիայի կողմից դրսեւորվող այսօրվա վարքը: Հետաքրքիր է, որ կանխատեսումները այդպես էլ չեն արժանանում իրավասուների ուշադրությանը:

– Անկեղծ ասած՝ չգիտեմ: Երեւի կամ ժամանակից շուտ արված կանխատեսումները նրանց հավատ չեն ներշնչել, կամ էլ, թերեւս ինչ-ինչ պատճառներով դրանք ձեռնտու չեն եղել նաեւ իշխանական որոշ շրջանակների, կամ պարզապես հաշվի չեն նստում իրականության հետ: Ինչեւէ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններին. ըստ իս, երկրի նախագահի դերում հայտնված առեւտրականի պարտությամբ գլոբալ մի փուլ է ամփոփվում՝ մարդկությանը հարկադրելով վերանայել ու վերագնահատել ամեն ինչ ու գտնել համակեցության ունիվերսալ ուղին՝ զերծ մնալով ամեն ինչ առեւտրի վերածելու արատավոր փորձից, հակառակ դեպքում, իմ խորին համոզմամբ, մարդկությունը դատապարտված է կործանման: Գիտե՞ք որն է զավեշտականը՝ Երկիր մոլորակի ապագան է վտանգված, մինչդեռ այս պարագայում անգամ՝ օգտվելով ստեղծված խառը իրավիճակից, որոշ արկածախնդիրներ փորձում են մեծ շահաբաժիններ ստանալ, արեւի տակ իրենց տեղն ավելի ամրապնդել, տիրապետության սահմաններն ընդլայնել ու ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից:

– Ո՞ւմ նկատի ունեք: Թուրքիայի նախագահին եւ տարածաշրջանում նրա նկրտումնե՞րը:

– Ո՛չ միայն: Այս պարագայում գործում է հաղորդակից անոթների օրենքը: Ֆինանսավարկային համակարգի «սեյսմիկ ակտիվությունը» վաղ թե ուշ հանգեցնելու է երկրների ներսում արձանագրվելիք ներքին ցնցումների, գիշատչի վարք դրսեւորած իշխանությունների դեմ ուղղված համաժողովրդական ընդվզման: Հնարավոր այդ «ցունամիից» խուսանավելու եւ հարվածի վեկտորը փոփոխելու նպատակով էլ առավել «աչքաբացները», ինչպիսին ասենք Էրդողանն է, սանձազերծում են պատերազմներ, հակամարտություններ դրացիների հետ, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն համավարակի պայմաններում էլ ավելի նկատելի դարձող ներքին խնդիրներից: Սիրիայում, Լիբիայում շարունակվող ճակատին, հիմա էլ Արցախյան ֆրոնտն է ավելացել: Այս պարագայում կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու պատրվակով, Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանային լիարյուն դերակատար: ԱՄՆ-ի հանցավոր համաձայնությամբ սառը պատերազմի ողջ ընթացքում ԽՍՀՄ-ի համար ամբարված ՆԱՏՕ-ի զինական ամբողջ արսենալը առանց դրա իրավունքն ունենալու Թուրքիան կիրառում է Արցախյան ճակատում, այդ թվում նաեւ խաղաղ բնակչությանը: Ի թիվս այլ զինատեսակների, Ադրբեջանը եւ Թուրքիան կիրառում են միջազգային օրենքներով արգելված մի շարք զինատեսակներ՝ կասետային եւ ֆոսֆորական ռումբեր՝ մարդկանց զուգահեռ ոչնչացնելով նաեւ բնությունը: Ցավալին գիտե՞ք որն է, որ քաղաքակիրթ որակված աշխարհը այս կապակցությամբ ծպտուն իսկ չի հանում, ինչպես դա արեց Ավստրալիայում բռկված հրդեհների օրերին արձանագրված էկոաղետի ժամանակ: Սա էլ հո քաղաքական այս կամ այն համակարգին տրված նախապատվության հետ կապ չունի՞, սա վերաբերում է Մայր բնությանը, ասել է թե՝ մարդկության ապագային: Առանձին խոսակցության նյութ է Իսրայելի կողմից դրսեւորվող վարքը:

– Անդրադառնալով Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելու առնչությամբ իրենց ուղղված մեղադրանքին, Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այստեղ թշնամի-բարեկամ փնտրելու անհրաժեշտություն չկա, որ սա բիզնես է եւ վերջ:

– Երբ այս մասին զրույցներից մեկի ընթացքում ասացի մոսկովյան ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչ ընկերներիցս մեկին, նա նկատեց, որ ավաղ զենքի վաճառքի արգելանք գոյություն չունի, որ դա պայմանավորված է ընդամենը այդ կերպ գումար աշխատելու հանգամանքով: Ամեն ինչ ճիշտ կլիներ, եթե խոսքը չվերաբերեր Իսրայելին, որն, ըստ իս, ֆինանսական կարիք չունի: Սա առավելապես ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական հարց է: Նույն այդ տրամաբանությամբ կարող ես արդարացնել նաեւ հոլոքոստ իրականացրած Ադոլֆ Հիտլերին: Նա էլ էր չէ՞ հրեական կապիտալին տեր կանգնելու նպատակով ցեղասպանություն իրականացնում: Ադրբեջան առաքվող դրոնների չարագույժ ձայնը նույն այդ հրեաների մոտ Բուխենվալդում, Օսվենցիմում, Դահաույում, գերիներին մահվան խցեր ուղեկցող վագներյան երաժշտության հետ հուշեր չե՞ն արթնացնում, արդյոք: Սա իսկապե՞ս հոլոքոստ տեսած ժողովրդի պահվածք է: Դեկլարատիվ հայտարարությունից առավել կարեւորը այդ հրեշագործության դատապարտումն է հանրային մակարդակով: Հակառակ դեպքում հազարավոր երիտասարդների արյունը նրանց խղճին է մնալու: Ի դեպ, ինձ մշտապես հետաքրքրել է, թե ինչո՞ւ մինչ օրս այդպես էլ պատասխանատվության չեն կանչվում նացիստական ռեյխին ֆինանսական ահռելի միջոցներ տրամադրած, ըստ էության՝ պատերազմ ֆինանսավորած ու միլիոնավոր մարդկանց կյանք խլած անդրօվկիանոսյան բանկիրները…

– Հավանական համարո՞ւմ եք, որ Էրդողանը դիմի, այսպես ասած, պահուստային անկանխատեսելի քայլի ու հավատի պատերազմ հռչակի: Դրա բոլոր նախադրյալները կարծես կան:

– Որքան էլ անցանկալի լինի իրադարձությունների զարգացման նման տրամաբանությունը, ավաղ, այդպես էլ կա: Դրա հայտարարված մեկնարկն ազդարարվեց՝ Կոստանդնուպոլսի մզկիթ հռչակումով: Էրդողանն իր աշխարհակալական նկրտումների՝ նեոօսմանյան կայսրություն ստեղծելու մասին արդեն հրապարակավ է հայտարարում: Հանձինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործուն աջակցության իշխանությունը պահած, խմբավարի «վարժ փայտիկով» Ղարաբաղյան խնդիրը կարգավորած Էրդողանն արդեն այնքան հանդուգն է դարձել, որ Ղրիմն էլ է իր «վերականգնվող» կայսրության անքակտելի մասը համարում: Ու դա օրինաչափ է, քանի որ ռուսական ինքնաթիռ խոցած թուրքերն ու ռուսական ուղղաթիռ խոցած ադրբեջանցիները, ոչ միայն ներվեցին, այլեւ վերջինիս թողտվությամբ տարածաշրջանում դարձան հաղթողներ: Այնպես որ, եթե ինքնակոչի ախորժակը միահամուռ ուժերով չզսպվի, հետեւանքներն անդառնալի են լինելու: Էրդողանն ամենեւին էլ Պուտին չէ, որ կարողանա մեջբերումներ անել բոլոր ազգերի սուրբ գրքերից, այդ կերպ ակնարկելով համակեցության ու փոխհանդուրժողականության կարեւորությունն ու՝ բաժանարար գծերի անցանկալիությունը:

– Մեր վերջին հարցազրույցներում, անդրադառնալով ապագայի տեսլականին, Դուք մարդկային համակեցության անկյունաքար եք դիտարկում արդարությունը՝ այն հակադրելով օրենքին եւ Սահմանադրությանը, որի անվան տակ են իրականացվում աշխարհում իրագործվող գրեթե բոլոր անարդարությունները: Կպարզաբանե՞ք արդարություն ասվածի էությունը:

– Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ երկրների կառավարման հիմքում օրենքից առավել պետք է լինի արդարությունը: Մարդկությունը իր հազարամյա գոյության ընթացքում Աստծո պատգամներից առավել ազնվագույն բան չի կարողացել եւ չի էլ կարողանալու ստեղծել: Իմ ընկալմամբ աստվածային պատգամները համայն մարդկության համար նույնն են եւ մարդն է, որ հազարամյակների ընթացքում բաժանում է դրել՝ ի դեմս կրոնների, օրենքների կամայական գործադրման, պետական շահերի եւ ազգային խտրականության:

Զրույցը վարեց՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հ. Գ. Զրույցը կայացել է նոյեմբերի 8-ին:

«Առավոտ» օրաթերթ
13.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30