Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոցելի բնակչության, ինչպիսիք են երեխաներն ու ծերերը, լայնամասշտաբ տեղաշարժը ստեղծում է բոլորովին անհարկի հումանիտար ճգնաժամ. ԱՄՆ

Նոյեմբեր 13,2020 11:15

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առկա հակամարտության առնչությամբ

Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներեւ հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք մշտապես ասել ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ խորապես ցավում ենք վերջին շրջանի գործողությունների հետեւանքով անհարկի կորսված կյանքերի համար, այդ թվում եւ քաղաքացիական անձանց շրջանում։ Իրավիճակի զարգացմանը եւ նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության մասին ավելին իմանալուն զուգընթաց մենք պետք է անդրադարձ կատարենք թափանցիկ խաղաղության ապահովման հարցում միջազգային հանրության եւ ԵԱՀԿ-ին վերապահվող դերակատարմանը։

Տեղում տիրող հումանիտար իրավիճակը բոլորիս համար խիստ մտահոգիչ է։ Մենք վերահաստատում ենք կողմերին երկուստեք ուղղված հրատապ կոչերը հետեւելու հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, որը կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 17-ին, ապա նաեւ հոկտեմբերի 25-ին։ Մենք նաեւ կողմերին երկուստեք կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնեւում համաձայնեցված քայլերը։

Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական կառույցները։ Քաղաքացիական անձանց, այդ թվում խոցելի խմբերի՝ տարեցների ու երեխաների մասշտաբային տեղահանությունները գլոբալ համավարակի ընթացքում եւ ձմռան նախաշեմին գրեթե անկասկած հանգեցնելու են անհարկի հումանիտար ճգնաժամի։

Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տեւական խաղաղություն կերտելու նպատակով։ Արտաքին ուժերին հորդորում ենք գործել պատասխանատու կերպով եւ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նորովի բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունները։

Այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Հուսով ենք, որ տեւական խաղաղությունը մեր տեսադաշտում է։ Վստահ ենք, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատեւ խաղաղության հաստատմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30