Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կեսգիշերին կայացրած որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին ձերբակալելու մասին հատուկ քննչական ծառայության որոշումը. նա ազատ է արձակվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Գեղամ Մանուկյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Սահակյանը: Նրա փոխանցմամբ՝ Գեղամ Մանուկյանը ներկայանալու է ՀՔԾ, որպեսզի դատարանի որոշումն ի կատար ածվի:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության առաջնորդների մի մասը, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանը, ձերբակալվել էին՝ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար:
Հարցին՝ նախաքննական մարմինը հիմնավորե՞լ է՝ Գեղամ Մանուկյանի արարքում հանցակազմ առկա է, թե ոչ, Գարիկ Սահակյանը պատասխանեց. «Այս պահին քննում էինք միայն ձերբակալման իրավաչափությունը, որի հիմքը կարող է հանդիսանալ, օրինակ, վարույթն իրականացնող մարմնից փախչելը կամ մեղսագրվող, կասկածվող արարքը կատարվելը: Դա է քննարկվել, եւ արարքի բուն փաստական հանգամանքների մեջ չենք մտել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ