Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Չեմ կարծում, որ կառավարության հրաժարականը ճիշտ քայլ կլինի, այս լարվածությունը հնարավոր է հանել երկխոսության միջոցով. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 13,2020 09:25

Ո՞րն է լինելու այս իրավիճակի ելքը, վարչապետի հրաժարականը կարո՞ղ է խնդիր լուծել. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ.

Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական այս լարվածության հանգուցալուծումը: Հնարավո՞ր է արդյոք, որ այս ուժերը հասնեն Կառավարության հրաժարականին:

– Նախ, ես չեմ կարծում, որ կառավարության հրաժարականը ճիշտ քայլ կլինի, իմ կարծիքը դա է: Գիտե՞ք, ինձ համար շատ կարեւոր է հասկանալ՝ ով է պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Ո՞վ է պահանջում, դա շատ կարեւոր է: Պահանջում են այդ թվում այն ուժերը, որոնք 20 տարի իշխանության էին՝ ՀՀԿ-ն եւ իրեն սատարող ուժերը: Կներեք էլի, 20 տարվա արած սխալների համար ոչ մի պատասխանատվություն չեն կրել, հիմա պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ես հարց եմ տալիս՝ ինչու՞ իրենք էդ 20 տարվա մեջ չարեցին այնպես, որ մեր բանակը լիներ հզոր: Կարո՞ղ է իրենք չեն հիշում կոռուպցիայի մասշտաբը Հայաստանի ներսում, կարո՞ղ է պատահի մտածում են, որ մարդիկ հիմա դա մոռացան:

– Ի՞նչ ելք կարող եք առաջարկել ստեղծված վիճակից դուրս գալու համար:

– Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, ձեւավորեց շատ լավ ավանդույթ. պարբերաբար հանդիպում էր ե՛ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ե՛ւ այն ուժերի հետ, որոնք ակտիվորեն մասնակցում էին դեմոկրատական զարգացումներին Հայաստանում, փորձագետների հետ, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ պետք է այդ ֆորմատները վերականգնվեն: Այդ հանդիպումները դադարել են կորոնավիրուսի պատճառով: Շատ լավ կլինի, որ կառավարությունը հանդիպումներ նախաձեռնի այնպիսի փորձագետների հետ, որոնք կարողանում են պատերազմի ժամանակ մեր գիծը առաջ տանել աշխարհում, ազդեցություն ունենալ, այլ ոլորտների մասնագետների հետ, հասարակական գործիչների հետ, որոնք լայն հանրության հետ շատ են շփվում եւ կարող են գաղափարներ, մտքեր տեղ հասցնել: Ի վերջո այս լարվածությունը հնարավոր է հանել շփման միջոցով, երկխոսության միջոցով: Մենք ասելիք ունենք, թե ոնց այս ճգնաժամից դուրս գալ: Բացի այդ, այդ հայտարարության ստորագրումից հետո իրականացման հետ կապված շատ հարցեր են առաջանում: Ու այստեղ է, որ մենք մեր փորձով, մեր հմտություններով կարող ենք օգտակար լինել Կառավարությանը: Սա է ելքը, հրաժարականը քաոս է բերելու, ես կտրականապես դեմ եմ, որ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ այլընտրանքը չես հասկանում որն է:

Սյուզաննա Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30