«Պետք է փորձել ամեն ինչ վերցնել՝ ցանկացած փաստաթուղթ»,- «Մեդիա կենտրոնի»՝ «Ի՞նչ անել, որպեսզի հետագայում որպես ապացույց օգտագործվող նյութեր ունենալ ` մասնավոր ու մշակութային իրավունքների վերականգնմանն ուղղված հայցերի համար» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում ասաց իրավաբան Մելինե Մայիլյանը։
Նրա խոսքով՝ պետք չի միայն կենտրոնանալ սեփականության վերաբերյալ փաստաթղթերի վրա․ պետք է վերցնել ամեն ինչ, որը կարող է հետագայում իրենց պետք գալ։
Մելինե Մայիլյանը խորհուրդ է տալիս տան դուռը փակելուց առաջ վերցնել ինչ հնարավոր է․ «Սկսում ենք մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթից՝ անձնագրից, ծննդյան վկայականից։ Դրանից հետո արդեն սեփականության իրավունքի, իրենց տան, բիզնեսի, հողային տարածքի հետ կապված փաստաթղթեր։ Կարող է իրենց բնակության վայրից ընդհանրապես շատ հեռու տեղում իրենք հողային տարածքներ ունեն։ Նմանատիպ փաստաթղթերի հավաքագրումը պետք է տեղի ունենա։ Եթե ունեն ուրիշ մասնավոր սեփականություն, օրինակ, անշարժ գույք, ավտոմեքենաներ և այլ նմանատիպ փաստաթղթեր, կամ մշակութային արժեք ներկայացնող իր»։
Ամերիկյան Nixon Peabody իրավաբանական ընկերության փաստաբան Իռեն Շոլ-Թադևոսյանն էլ հավելեց, որ եթե նույնիսկ մարդիկ չհասցնեն վերցնել այդ փաստաթղթերը, ապա պետք չէ խուճապի մատնվել․ «Եթե ձեր հեռախոսում ունեք լուսանկարներ, որտեղ երևում է ձեր տունը և այն, որ դուք ապրում եք այդ տանը, պետք է այդ նկարները պահեք մի քանի տեղերում, որ լուսանկարները չկորեն։ Նմանապես, եթե թերթերում հոդվածներ են հրապարկվել, որտեղ ներկայացված են տարածքում ապրող ընտանիքների մասին և թե ինչ նրանք ունեն, պետք է գտնել դրանք և պահել։ Կարծես, թե դրանք փաստաթղթեր չեն, բայց դրանք կարող են օգտագործվել որպես ապացույց»։
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ մարդիկ չպետք է ակնկալեն, որ փոխհատուցում կարող են ստանալ․ «Դա երաշխավորված չէ։ Մենք չգիտենք, թե ինչ է լինելու ապագայում։ Գործը, որի վրա աշխատում էի ավարտվեց այս տարի, իսկ Հոլոքոստը՝ 40-ականներին։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենալու 30, 40, 50 տարի հետո։ Եվ այդ փաստաթղթերը, որ իրենք վերցնում են, պետք է պահել շատ երկար ժամանակ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ