Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի հրամայականն էր, պահը՝ օձին իր բնում խեղդելու…

Նոյեմբեր 13,2020 12:30

Ոչ ոք չի մոռացվել

Իբրեւ նախաբան ասենք, որ ներքոհիշյալ թեմաների անդրադառնալիս բազում կնճռոտ հարցեր են առաջանում, հարցեր, որոնք նորանոր պարզաբանումներ են պահանջում։ Ինչո՞ւ եղեռնազարկ եղած, հայրենազրկված Հայաստանը Հայրենական պատերազմում թվաքանակով ավելի շատ մասնակցություն եւ զոհեր ունեցավ, քան, ասենք, Ազարբայջան կոչվող արհեստածինը, միութենական այլ հանրապետություններ։ Եվ ով է հիմա ավելի շահեկան դիրքերում հայտնվել։ Պարզից էլ պարզ է՝ արհեստածինը։ Ո՞ւմ տարածքն է մեր տարածքների հաշվին ընդարձակվել, ո՞վ է զենք-զինամթերքով հարուստ, ո՞ւմ հետ են հաշվի նստում … Պարզ է արհեստածնի։ Եվ ո՞վ է վերջինիս հրահրում, օգնում… Հասկանալի է։ Իսկ ո՞վ է կախյալ վիճակում, շրջափակման մեջ, ո՞ւմ զարգացումը, առաջընթացն է խաթարված։ Այդ էլ գիտենք։ Բա որ գիտենք, ինչո՞ւ չենք ինքներս մեզ թափ տալիս, մեզ ներարկված թմբիրից արթնանում, զգոնություն պահպանում, թացն ու չորը միմյանցից ջոկում… Էլ չենք ասում ժողովրդի բարոյահոգեբանականի, սոցիալ-տնտեսականի, արտաքին եւ ներքին թշնամու մասին։ Ո՞ւմ ենք մենք սպասում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի՝ մենք արարչագործված ազգ ենք…

Հայրենական պատերազմի հենց սկզբից գաղթականներից կազմվեցին հայկական զորամիավորումներ եւ ռազմաճակատային դիրքեր զորակոչվեցին։ Մի՞թե հոգեցունց, արյունաքամ հայ ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը կրկնակի ոճրագործություն չէր։ Կորուստների քանակն ավելացրել են նաեւ 1937-ը, Կերչի պաշտպանությունը, 1946-ը, 1959-ը՝ հայոց զարթոնքի սկզբնավորումը, 1988-ից մինչ օրս։ Եվ կորուստնե՜ր, կորուստնե՜ր…

Բավական չէ՞ արդյոք սովորենք կորուստներ ունենալուն։ Եվ հանգում ես այն մտքին, որ այն դավադրական մի ծրագիր է եղել եւ կա, որը տասնամյակներ շարունակ գործողության մեջ են դրել մեր ոխերիմ բարեկամներն ու ոխերիմ թշնամիները։ Դրա վառ վկայություններից մեկն էլ Մոսկվայի պաշտպանական մարտերում զոհված Դրաստամատ Մաթեւոսի Մարգարյանն է, որի կենսագրությունը տողերիս հեղինակին տրամադրեց զոհվածի որդին՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, Արմավիր քաղաքի նախկին մշակույթի երկարամյա ղեկավար Վոլոդյա Մարգարյանը։

Ինքնակենսագրությունը դիմանկարի էսքիզ է, որտեղ ընդգծված է քաջարի հայորդու կերպարը. Բարի, հավատարիմ, նվիրված լինելը։ Սեղմ ներկայացնենք. Դրաստամատ Մարգարյանը եղեռնից փրկված հայու բեկորներից է։ Ծնվել է 1910թ., Սուրմալու գավառի Հուսեին գյուղում։ Դժնդակ տարիներ են եղել։ Եղեռնից մազապուրծ, 1918թ. ընտանիքով գաղթել եւ որոշ ժամանակ ապրել են Վաղարշապատում, Եղվարդում, ապա՝ 1920թ. բնավորվել Էջմիածնի գավառի ներկայիս Արմավիր գյուղում։

Մղձավանջային տարիները խոր հետք են թողել պատանի Դրաստամատի հոգում, բայց նրա ձգտումը, սերը դեպի ուսումը մեծ է եղել։ 1925թ. ավարտել է գյուղի 1-ին աստիճանի դպրոցը, 1930-ին՝ գյուղերիտ դպրոցը, 1933թ. բամբակագործական տեխնիկումը։ 1931թ. աշխատել է շրջանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի կոմիտեի նախագահ, 1932թ. կոլվարչության կողմից արժանացել պատվոգրի, շնորհակալագրերի… 1933թ. զորակոչվել է Կարմիր բանակ՝ Լենինականի (Գյումրի) հեծելազորային գունդ։ Առաջին տարին սովորել է գնդի դպրոցում՝ ավարտել, հաջորդ տարում նույն գնդում ծառայությունը շարունակել՝ որպես դասակի հրամանատար։ 1935-ին լեյտենանտի կոչումով զորացրվել եւ 1936թ. վերանշանակվել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի շրջանային կոմիտեի նախագահ։ 1937թ. Նովոչերկասկ քաղաքի Բուդյոննու անվան ռազմական ակադեմիայում հրամանատարական բարձրագույն դասընթացներում վերապատրաստվել է։ 1938թ. ընդգրկվել է ԽՄԿԿ շարքերը, 1939-ին ընդունվել Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, որտեղից էլ 1941թ., երրորդ կուրսից կամավոր մեկնել ռազմաճակատ։ Զինգրքույկում նշված է եղել՝ հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, 24 ժամվա ընթացքում ներկայանալ Լենինականի հեծելազորային գունդ։ Բացի սեւ թղթից, այլ տվյալներ չեն եղել։

2019թ. Լամա գետի մերձմոսկովյան հեռավոր ափեր։ Արյան կանչը, պրպտումներն, ի վերջո, որդուն՝ Վոլոդյային տանում են այնտեղ, որտեղ հայրը՝ Դրաստամատը, 13-րդ զորամիավորման, 17-րդ գնդի մարտիկների շարքերում մարտնչել է Մոսկվայի պաշտպանությանը։ Ըստ 7-րդ հեծելազորային զորամիավորման տվյալների՝ 29 հայ է զոհվել, որոնց ջոկի հրամանատարը եւ միակ սպան Դրաստամատն էր։
հպսՖրՍՈÿ վՏՉՖ (20.09.2019, N38) շրջանային թերթում նշված է. «Սեպտեմբերի 7-ին հեռավոր Հայաստանից մեր շրջանը հյուր եկավ 13-րդ հեծելազորային զորամիավորման 17-րդ գնդի՝ Մոսկվայի պաշտպանության մարտերում, 1941թ. նոյեմբերի 16-ին, Օշեյկինո, Եգորե, Գլուզկովո գյուղերի մոտակայքում, Լամա գետի առափնյա ռազմական սահմանագծում զոհված Դրաստամատ Մարգարյանի որդի Վոլոդյա Մարգարյանը։ Այդ պաշտպանական մարտերում զոհվել է ավելի քան 200 խորհրդային զինվոր։

Հայաստանից եկած հյուրն այցելեց Լոտոշյան շրջանի գավառագիտական պատմական թանգարան, որտեղ ծանոթացավ Մոսկվայի պաշտպանության համար մղված մարտական դրվագներին, զենքերի ցուցանմուշներին… Ապա նրան ուղեկցեցին Օշեյկինո գյուղ, որտեղ իր խոնարհումը բերեց անհայտ զոհվածների եղբայրական հուշահամալիրի առջեւ։ Եգորե գյուղի ականատես տարեցները պատմեցին Լամա գետի ափամերձ շրջաններում 1941թ. նոյեմբերին տեղի ունեցած պաշտպանական մարտերի իրադարձություններից…»։
Տեղին է մեջբերել տողերիս հեղինակի «Զոհվածները» բանաստեղծության վերջին տողերը.

«…Իսկ զոհվածները, որ հիմա չկան,
Հագել են կանաչ ձայները հողի
Ու չեն ծերանում.
Նրանք մի երկրորդ կյանք են հորինում
Անմահության մեջ»։

Անպատմելի է, թե ինչպիսի հուզիչ պահեր է ապրել Վոլոդյա Մարգարյանը, սակայն նրա հոգին թեթեւացած է զգում, որ այցելել եւ իր որդիական պարտքն է կատարել։ Եվ այսօր դրվատանքով է պատմում հոր սխրանքի մասին, ով կռվելու եւ զոհվելու պահին իր մտապատկերում ունեցել է Հայաստանի փրկությունը։ Բայցեւայնպես մի խո՜ր ափսոսանք կա նրա հոգում, մի անմեկնելի որդիական կարոտ…

Որպես վերջաբան էլ ասենք, որ հայն իր ճակատագիրը ապաշնորհ «ղեկավարների» ձեռամբ հանձնել է օտարներին, որ նրանք ինչպես ցանկանան, այնպես էլ վարվեն մեզ հետ։ Դրա վառ վկայությունն էլ այս դիմանկարային էսքիզն է։

…Կոչենք ապրողաց. Մեր ներուժը միավորենք՝ ինքներս մեզ օգնենք…

Խոնարհումով՝ Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Հ.Գ. Ահավասիկ եւս մի թարմ վկայություն. Սեպտեմբերի 27-ին, ժամը 7-ին երես առած, երես տված թուրք-ազերիական բաշիբոզուկների պատերազմի սանձազերծումը, որը պահանջում էր համայն հայության համախմբում, աչալրջություն, հարձակողական պաշտպանություն։

Ժամանակի հրամայականն էր, պահը՝ օձին իր բնում խեղդելու…

«Առավոտ» օրաթերթ
12.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30