Փորձենք դիտարկել՝ հնարավո՞ր է խափանել տեղի ունեցածը կամ դավը
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւի, ՀՀ վարչապետ Փաշինյանի համաձայնությամբ եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածության դրույթներին բոլորս տեղեկացված ենք:
Հիշյալ դրույթներից` ռազմական գործողությունները դադարեցնելու եւ խաղաղապահներին տեղադրելու առաքելությունը ներկայումս գործողության մեջ է դրվել, իսկ Աղդամի, Լաչինի, եւ Քելբաջարի շրջանների տարածքները վերադարձնելու համար ժամկետ է նախատեսված նոյեմբերի տասնհինգից մինչեւ դեկտեմբերի մեկը ներառյալ:
Տեղի ունեցածը միջազգային իրավունքի բնորոշմամբ կոչվում է կապիտուլյացիա, այսինքն, պատերազմող կողմերից մեկը հարկադրված դադարեցնում է ռազմական գործողությունները, եւ հաղթողին վերապահում իր պայմանները թելադրելու կամ առաջադրելու իրավունքը (մնում է Նիկոլը սպիտակ դրոշը ծածաներ):
Կարդացեք նաև
Հաջորդը, հայտնի համաձայնագրի ստորագրումը նշանակում է, որ հայկական կողմը անվերապահ կատարել է Մադրիդյան սկզբունքներով նախատեսված յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու պահանջը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ համանախագահներն ավելի քան քսանհինգ տարի քննարկումներ են կատարել եւ մնացել էր անկատար:
ՌԴ միջնորդական ջանքերը`խաղաղապահների ներգրավումը եւ պատերազմական գործողությունների դադարեցումը միջազգային հանրությունը դրական է գնահատում, իսկ Անկարան հայտարարել է, որ Բաքվին աջակցելու է պայմանագրի դրույթների կատարման համար: Եթե ՄԱԿ-ի հանձնակատարի մասնակցությամբ իրականացվի նաեւ փախստականների վերադարձը, ապա Մադրիդյան սկզբունքներից չլուծված է մնում միայն Արցախի կարգավիճակի հարցը:
Ռուսաստանի Դաշնությունն այս խնդիրը միակողմանի չի կարող լուծել, այն համանախագահ պետությունների իրավասության ներքո է:
Մենք այս խնդրում ունենք քաղաքական եւ դիվանագիտական լայնածավալ աշխատանքներ:
Նկատենք, որ ՀՀ վարչապետի կողմից առանց քննարկումների, միակողմանի Արցախի հիմնահարցի լուծումները կամ դավը Հայաստանում եւ Արցախում ներքաղաքական խորը ճգնաժամ է առաջացրել եւ ժողովուրդը արդարացի պահանջում է չեղարկել կամ անվավեր ճանաչել վարչապետի ստորագրությունը, իսկ կառավարությանը անվստահություն հայտնել:
Փորձենք դիտարկել՝ հնարավո՞ր է խափանել տեղի ունեցածը կամ դավը:
Հայաստանի հայտնի համաձայնագիրը, որի ժամկետը հինգ տարի է, այնուհետեւ ավտոմատ երկարացմամբ, եթե հինգ տարին լրանալուց վեց ամիս առաջ կողմերը հրաժարվելու առաջարկ չեն ներկայացրել:
Եթե հայկական կողմը չեղարկի վարչապետի ստորագրությունը եւ հրաժարվի պայմանագրից, ապա Ադրբեջանը եւ Ռուսաստանի Դաշնությունը կարծում եմ չեն համաձայնվելու (պրակտիկայում նման դեպք տեղի է ունեցել. օրինակ, երբ Լ.Տեր-Պետրոսյանը եւ Հեյդար Ալիեւը ստորագրեցին համաձայնագիրը, այնուհետեւ Ալիեւը հրաժարվեց իր ստորագրությունից):
Պայմանագրից հրաժարվելը հանգեցնելու է պատերազմական գործողությունների վերսկսմանը: Սա ռազմաքաղաքական խնդիր է, ինչը պահանջում է խորը եւ գրագետ վերլուծություն:
Երկրորդը` կառավարության վստահության հարցը կարգավորվում է Սահմանադրական նորմով.157 հոդված: Ըստ որի, որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացնելուց 72 ժամվա ընթացքում եւ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ներկայումս, ՀՀ-ում հայտարարված է ռազմական դրություն: Իսկ 157 նորմի 5-րդ մասի համաձայն, կառավարությունը չի կարող դնել վստահության հարցը ռազմական դրության ժամանակ: Մինչ այդ խոչընդոտի վերացումը, կարծում եմ, վարչապետը պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի:
Երրորդ, պայմանագրի առարկա, այսպես կոչված, գրավյալ տարածքները, փաստացի գտնվել են Արցախի ինքնահռչակ հանրապետության վերահսկողության ներքո, մինչդեռ, դրանք օտարելու համաձայնությունը ստորագրել կամ գործարքը կատարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կարծում եմ, ուրիշ պետության վերահսկողության ներքո գտնվող տարածքները օտարելը ՀՀ վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում եւ իրավական որեւէ նորմով կարգավորված չէ, հետեւաբար, գործարքը իրավական տեսակետից ճանաչվում է անվավեր:
Մինչ այս խնդիրների արդարացի հանգուցալուծումը կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին պահպանել կարգապահություն, զերծ մնալ օրենքով արգելված եւ պատժելի անկարգություններ, բռնարարքներ, ջարդեր եւ այլ արարքներ կատարելուց, կամ կազմակերպելուց, քանզի դրանք վտանգում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությանը եւ միջազգային իմիջը:
Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
12.11.2020