Ազատության հրապարակում հանրահավաքից հետո ոստիկանները բերման ենթարկեցին 3 հոգու՝ ձեռք ու ոտքը ոլորած: Հավաքվածները բղավում էին, որ բերման ենթարկվածների մոտ «բոմբ» կար, զենք կար:
Քիչ անց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանին մոտեցավ մի երիտասարդ ու սկսեց հարցեր տալ. «Ո՞վ ա ստեղ միտինգ անում, դո՞ւք եք անում»: Տոնոյանը հորդորեց ոստիկաններին իր անվտանգությունը ապահովել, կոչ արեց հանգստանալ:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Տեսաք, չէ՞, որ հարձակվելու էր վրաս: Մենք ավարտել էինք հանրահավաքը, ժողովուրդը ցրվել էր, ինչի՞ համար սկսեցիք բերման ենթարկել մարդկանց: Մենք ունենք տեղեկություններ, որ սադրանքներ են հրահրվելու իշխանության կողմից ներդրված սադրիչների կողմից: Ինձ վրա կոնկրետ հարձակվեցին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ, ինքներդ տեսաք: Քանի որ իշխանության գործելաոճի մեջ այլեւս ադեկվատության որեւէ նշույլ չի մնացել՝ վարչապետի գլխավորությամբ, ես կարծում եմ, որ անհավասարակշռության հերթական ցնցման մեջ համապատասխան հրահանգ է իջեցվել ոստիկաններին բերման ենթարկել արդեն իսկ ավարտված հանրահավաքի մասնակիցներին: Մեր ոստիկանությունը ստիպված է կատարել նման անհավասարակշիռ հրամաններ, ցավում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ