Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որեւէ մեկը երկիր մոլորակի վրա, որ փորձի Օսիպյանին դավաճան համարի, դավաճանի պիտակ կկպցնեմ իրան, դավաճա՜ն». Վալերի Օսիպյանը ցուցարարներին է միացել

Նոյեմբեր 12,2020 21:01

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին էր մասնակցում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նոր է ապաքինվել կորոնավիրուսից:

Օսիպյանն ասաց, որ այսօր նպատակահարմար է գտել կանգնել ժողովրդի կողքին. «Ինչպես գիտեք, Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այսօր էլ: Ձերբակալվածների մեջ էլ ունեմ ընկերներ (նկատի ունի Վանեցյանին)»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ գեներալի կոչում է ստացել Փաշինյանից, նա պատասխանեց. «Փաշինյանից չեմ ստացել կոչումը, ստացել եմ ժողովրդից: Ես ժողովրդի կողքին եմ, Օսիպյանը տարիներ շարունակ եղել է ժողովրդի կողքին»:

Հարցին՝ կիսո՞ւմ եք այստեղ հավաքված ժողովրդի կարծիքը, որ Փաշինյանը դավաճան է՝ նա պատասխանեց. «Եթե ես ժողովրդի կողքին եմ, ուրեմն ժողովրդի կողքին եմ»:

Հարցին, թե ի վերջո ինչո՞ւ պաշտոնանկ եղավ՝ Օսիպյանը պատասխանեց, որ հիմա ժամանակը չէ դրա մասին խոսել:

Հարցին՝ կարծում եք, ստեղծված իրավիճակի լուծման ճանապարհը վարչապետ Փաշինյանի հրաժարակա՞նն է՝ Օսիպյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, անհնարին բան չկա»:

Օսիպյանը նշեց, որ նախկին իշխանությունների մեջ էլ կան բանի պիտանի մարդիկ եւ կան սրիկաներ, ներկայիս իշխանության մեջ էլ կան սրիկաներ, որ բանի պիտանի չեն:

Վալերի Օսիպյանն ասաց, որ Ազատության հրապարակում է նաեւ, որ ժողովրդի մեջ որեւէ բախում չլինի, տարիներ շարունակ այդպես էլ աշխատել է:

Հարցին՝ դուք ապօրինի հրամաններ ստացե՞լ եք՝ Օսիպյանը պատասխանեց. «Ստացել եմ, բայց չեմ կատարել»:

Ինչ վերաբերում է վարչապետի խորհրդական նշանակվելուն՝ նա վստահեցրեց, որ նշանակվել է, բայց չի գնացել աշխատանքի. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, ես ունեմ փոքր երեխաներ եւ մտահոգված եմ իրենց ապագայի համար: Դրա համար ես այստեղ եմ, որովհետեւ բոլորն են այստեղ: Լուծում կգտնվի»:

Թե ինչո՞ւ ժամանակին իր մտահոգությունները չէր հայտնում՝ նա պատասխանեց, թե վատառողջ էր, հիվանդանոցում բուժում էր ստանում: Մինչ այդ ՌԴ-ում էր:

Օսիպյանը բարկացավ, երբ լրագրողները հարցրեցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ դավաճան համարի, ձեր քայլը դավաճանություն որակի, ի՞նչ եք անելու: Նա պատասխանեց կոշտ. «Չկա որեւէ մեկը երկիր մոլորակի վրա, որ փորձի Օսիպյանին դավաճան համարի, դավաճանի պիտակ կկպցնեմ իրան, դավաճա՜ն: Էն, որ Օսիպյանն ա արել, թող բոլորը անեն ու թող չփորձի որեւէ մեկը նման հարց ուղղի Օսիպյանին, ես իմ պարտականությունները կատարել եմ ճիշտ եւ հստակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30