Հայուհիները հայ ու օտարազգի արվեստագետների ոգեշնչման աղբյուր են եղել եւ հիմա էլ շարունակում են մուսայի՝ իրենց «առաքելությունը»:
Օրինակ Ֆլորենցիայի հանրահայտ Ուֆֆիցի պատկերասրահում է ցուցադրվում իտալացի նկարիչ Մարիո Բալասսիի «Հայոց թագուհու դիմանկարը», որ հեղինակը վրձնել է 1660 թ: Որոշ արվեստաբանների պնդմամբ՝ կտավի շիկահեր կինը արքայադուստր Մանտովան Մարգարիտա Գոնզագան է: Կա նաեւ կարծիք, որ «Հայոց թագուհին» մտացածին կերպար է, եւ հայտնի մարդկանց դիմանկարների հեղինակ Բալասսին հայուհու կերպարում մարմնավորել է իր երազանքները կնոջը:
Հովսեփ Փուշմանի «Հույս եւ ակնկալիք» կտավը (1917թ.),որտեղ հայկական տարազով պատկերված է հեղինակի զարմուհին՝ գեղեցկուհի Դորան, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին արված նվեր է՝ հայկական պատվիրակության կողմից, ոը Փուշմանի տիկնոջ՝ Ջուլիայի ղեկավարությամբ 1917 թ այցելել է Սպիտակ տուն ու հանդիպել նախագահ Վիլսոնին: Այժմ այս աշխատանքը պահվում է Վաշինգտոնում գտնվող Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում:
Կարդացեք նաև
Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանը՝ ճանաչված գիտնական Կլոդ Մութաֆյանի հայրը, որի գործերից որոշները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, եւս մարմնավորել է հայ կանանց: Մասնավորապես «Հայուհի» կտավը նա նկարել է 1963թ: Մութաֆյանը միակն է իր ընտանիքից, որը փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Նրա որոշ գործեր կրում են ազգային ողբերգության կնիքը: «Հայուհի» եւ «Վերապրողը» կտավները ներկայացնում են կյանքի դաժան փորձություններով անցած կանանց, որոնք, չնայած դառնություններին՝ չեն կորցրել հավատը կյանքի հանդեպ:
Հայկական արմատներով լեհ անվանի նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին «Հայուհին» անչափ նրբագեղ է:Լեհական գեղանկարչության այցեքարտային դեմքերից մեկը հանդիսացող Աքսենտովիչը «Հայուհի» կտավը վրձնել է 1898թ.: Այս բացառիկ արվեստագետն ընդհանրապես հարյուրավոր գեղեցիկ կանանց դիմանկարներ ունի:
Մարտիրոս Սարյանը կանանց շուրջ 40 դիմանկար ունի: Դրանց մեծ մասում պատկերված է մեծանուն նկարչի տիկինը՝ Լուսիկ Սարյանը, իսկ 3 դիմանկարներում ավագ թոռնուհին է՝ Կատարինե Սարյանը: Մասնավորապես այս դիմանկարը, որտեղ Մարտիրոս Սարյանի կինն է, արվեստագետը նկարել է 1941թ.:
Սարյանից կառանձնացնենք նաեւ ոչ հայուհու, այլ եգիպտուհու պատկերող «Քայլող կինը» կտավը, որը հեղինակը վրձնել է 1911 թվականին՝ ոգեշնչված արևելյան մշակույթով: Այն Մարտիրոս Սարյանի ձեռագիրը ներկայացնող ամենահայտնի գլուխգործոցներից է ու նրա արվեստի ամենաբնորոշ խորհրդանիշներից մեկը, որը պահվում է նկարչի տուն-թանգարանում:
Մհեր Աբեղյանի «Հայուհի» կտավը, որ հեղինակը նկարել է 1957թ, պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում: Ընդհանրապես, Մհեր Աբեղյանի գլխավոր թեման Հայաստանն է
Լուսանկարները՝ armenianartgalleryz.com, gallery.am կայքերից եւ Վիքիպեդիայից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ