Այսօր ժամը 17:00-ից Մատենադարանի մոտից հանրահավաք երթ է մեկնարկել․ ընդդիմադիր 17 կուսակցություններ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մինչ հանրահավաքը՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին «դեմոկրատական Հայաստանում» քաղբանտարկյալներ են՝ Գագիկ Ծառուկյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը եւ մյուս գործընկերները։
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը սպառնալիքներ է ստանում, թե՝ «վիզդ կկտրեմ»։ Տիկին Զոհրաբյանը զգուշացրեց․«Եթե ինձ մի բան պատահի, միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»։
Ըստ տիկին Զոհրաբյանի, դատախազին հանձնարարված է կյանքի գնով իրավական հիմնավորումներ գտնել եւ կոնկրետ իրեն՝ Նաիրա Զոհրաբյանին եւ Գեւորգ Պետրոսյանին անձեռնմխելիությունից զրկել, իսկ մյուս գործընկերներին՝ կալանավորել․ «Իմ տեղեկություններով՝ այս պահին դատախազը դժվարանում է գտնել որեւէ իրավական հիմնավորում»։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց․«Դիրքերից տղերքը չեն իջել, որովհետեւ հավատացել են Արծրուն Հովհաննիսյանին, որն նա ասում էր՝ Իլյուշ, սպասի Բաքվում չայ ենք խմելու։ Արծրուն, կարո՞ղ է Բաքվում ես ու հիմա չայ ես խմում։ Սպասիի, դիրքերից այդ տղաներն իջնելու են ու հարցեր են տալու»։
Նա կոչ արեց իշխանություններին՝ անտաղանդ քարոզչությունը դադարեցնել․ «Որեւէ մեկը չի հավատում մանիկյուր արած, հենց նոր մազերը ֆենած տղաներին»։
Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ԱԱԾ շենք։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ». ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրել է. «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանն առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը «հրահանգ» է ստացել ցանկացած գնով ձեռք բերել հիմնավորումներ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, խմբակցության այլ անդամների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններով ՀՀ Ազգային Ժողովին դիմելու համար:
Քանի որ տիկին Զոհրաբյանը առիթը բաց չի թողնում այս ապատեղեկատվությունը անհիմն կերպով շարունակաբար կրկնել, ստիպված ենք հիշեցնել, որ նախ՝ ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե հիմնավորումներ ու ապացույցներ գտնող չէ և ի տարբերություն տարատեսակ գրավոր հանձնառություններով իրենց կաշկանդող անձանց՝ հրահանգներով, հանձնարարություններով չի առաջնորդվում և իր գործառույթներն իրացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների, իսկ քրեական վարույթների շրջանակներում՝ նաև քրեադատավարական ընթացակարգերի և ապացույցների, փաստական տվյալների համակցված ամբողջականության գնահատման հիման վրա:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու, դա քաղաքական նպատակներին ծառայեցնելու գործելակերպից, մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ»: