Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլիներ, որ հենց Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ իր հրաժարականի գործընթացը». Ժիրայր Սեֆիլյան

Նոյեմբեր 12,2020 18:15

«Ազգային ժողովրդավարական բեւեռն» այսօր Ազատության հրապարակում հանրահավաք-երթ էր հրավիրել՝ «Ոչ ռուս-թուրքական զավթմանը» խորագրով: Հանրահավաքին մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում: Ոստիկանները բարձրախոսով նախազգուշացնում էին, որ ռազմական դրության պայմաններում հավաքներ եւ երթեր անցկացնելու իրավունքը սահմանափակված է:

Նախաձեռնության համակարգողներից Ժիրայր Սեֆիլյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք իրացնում են իրենց իրավունքը եւ նման իրավիճակում ավելորդ են օրինապահության այս հուզիչ տեսարանները:

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ելույթում ասաց՝ եկել է հրապարակ, քանի որ չի կարողանում այլեւս նստել համակարգչի առջեւ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բոլորիս շանթահարած լուրը լսելուց հետո: Նա համախմբման կոչ արեց, որպեսզի հնարավոր լինի իրավիճակից ելք գտնել, որպեսզի մեր երեխաները վաղը չերգեն՝ «քույրիկ ասա՝ ո՞րն է ճամփան Շուշիի»: Հասմիկ Պապյանը չի հասկանում, թե 45-օր «հաղթելու ենք»-ից հետո, ինչպե՞ս ստացվեց, որ կայացվեց նման որոշում. «Տեղի է ունեցել պետական մեծամասշտաբ դավաճանություն»:

Նախաձեռնության անդամ, պատմաբան Արա Պապյանն էլ ասաց, որ ստեղծված կիրավիճակում, տարածաշրջանում ազդեցությունը կորցնող ՌԴ-ի շահերի սպասարկուն, կցորդը չդառնալու, երկրորդ անգամ ցեղասպանության եւ հայրենազրկման չենթարկվելու համար անհրաժեշտ է վերանայել առկա ազգային անվտանգության ռազմավարությունը, քանի այն սնանկ է եւ ժամանակին դուրս գալ փլուզվող ռուսական փակուղուց, քանի որ նրա գնահատմամբ, հեռացող ՌԴ-ն ինքն է հանելու իր ռազմաբազան Հայաստանից եւ առաջնորդելու է ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու շարժումը: Արա Պապյանի գնահատմամբ, Արցախի կեղծ անկախացման քաղաքականությունն ավարտվեց ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ Արցախը բաժանելով: «Այս պատերազմը հերոսականության եւ դավաճանության միախառնում էր: Մարտնչող ժողովրդին եւ զինվորին հակառակ, ձախողված մոբիլիզացիա, անպատրաստ կամավորներին ճակատում բախտի քմահաճույքին թողնելու անթիվ դեպքեր, կառավարման քաոս, անհասկանալի նահանջներ եւ թշնամու կողմից անհավանական ճեղքումներ, քաղաքական ղեկավարների կողմից մոլորեցնող եւ հակասական տրամադրություններ, լուրերի եւ խուճապի տարածում»,- ասաց Արա Պապյանը՝ հավելելով, առանձին քննարկման առարկա պետք է դառնա պատերազմի ժամանակ պետական կառավարման մարմինների անգործությունը, քանզի ազգը եւ բանակը պատրաստ էին դիմագրավելու, սակայն, քաղաքական իշխանությունը գնաց պարտության: Այսպիսով, ըստ նրա, ՌԴ-ն նաեւ իր ազդեցությունն է տարածաշրջանում մեծացրել, ուստի Հայաստանը պետք է դուրս գա ռուսական գաղութային փակուղուց եւ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում շահեր ունեցող այլ պետությունների հետ:

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ասաց, որ ստորագրված փաստաթուղթը որեւէ իրավական ուժ չունի. «Հայաստանի հանրապետությունը՝ Արցախը ներառյալ, չի կարող ունենալ այնպիսի առաջնորդ կամ քաղաքական ղեկավարություն, որը երբևէ այդ փաստաթղթի նշված կետերն ի կատար կածի: Համոզված եմ, որ մենք շատ մոտ ապագայում ունենալու ենք այն իշխանությունը, որն այդ փաստաթուղթն ամբողջությամբ մերժելու է: Մենք թույլ չենք տա՝ այդ փաստաթուղթն ի կատար ածվի»:

Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ պահանջում են, որ հարցը վերադարձվի Մինսկի խմբի ձևաչափի լուծման տիրույթ. «Մենք արդեն լսում ենք Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, որ այդ երկրները՝ հանձին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, չեն ընդունում այս հակահայկական փաստաթուղթը»:

Իսկ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, ժողովուրդը չի ներելու տեղի ունեցածը. «Շատ ճիշտ կլիներ, որ հենց Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ իր հրաժարականի գործընթացը»:

«Սասնա ծռեր» կուսակցության անդամի գնահատմամբ,  թեպետ այժմ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հանգիստ չէ, բայց, պիտի բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել եւ «օր առաջ զբաղվել ադեկվատ քաղաքական գլուխ ձևավորելու գործով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30