ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, երեկ, ինչպես միշտ «կաշին փրկող», մանիպուլյացիոն հայտարարություն տարածեց:
Մասնավորապես՝ ասում են, իբրև թե ընդդիմադիրները՝
1.կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2.կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3.կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Կարդացեք նաև
Սա հասարակությանը խաբելու, մոլորեցնելու հերթական փորձ է:
Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն: Ձեզ հազար անգամ ասել ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների ձեր, և ձեր «տերերի» կողմից վատթարացումը, բերելու է անդառնալի վատ հետևանքների: Ցավոք, այն տեղի ունեցավ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ հանգամանքից:
Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլյացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:
Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու: Ի վիճակի չեք, որովհետև չունե՛ք այլևս ներքին և արտաքին բավարար կշիռ, որպեսզի կարողանաք բանակցային ձևաչափում գոնե նվազագույն շահեկան դիրքերում հայտնվել:
Բացի այդ, եթե այդպես ջանասիրաբար հոխորտում եք ընդդիմադիր ուժերի վրա, ապա ինչո՞ւ նույն ջանասիրաբար չէիք անդրադառնում ալիևին, որն իր հրապարակային հարցազրույցներում, միջազգային մամուլով բացահայտ ծաղրում էր ձեր քաղաքական ղեկավարին: Ցավոք, նա նաև մեր երկրի ղեկավարն է:
Տիկնայք և պարոնայք, մանդատով չեն քաղաքական գործիչ դառնում, մանդատը ձեզ օժտում է հայրենիքին ծառայելու իրավա-քաղաքական ուժով, իսկ դուք երկրի շահը մի կողմ թողնելով, ձեզ անհրաժեշտ պահին, պարզապես դառնում եք սովորական բանսարկու: