Լրահոս
Օրվա լրահոսը

Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք պատկերը լիովին այլ կլիներ. ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Նոյեմբեր 12,2020 17:40

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: Իրենց ուսերին տանելով պատերազմի մեծ բաժինը, երկրապահ կամավորականները, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում, կանգնեցին հայրենի հողի պաշտպանության դիրքերում եւ Հաղթական փառքով պսակեցին 90-ականների պարտադրված այդ պատերազմը` ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրելով ամբողջ Արցախ աշխարհը:

Ադրբեջանաթուրքահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին էլ Երկրապահ կամավորականներն առաջին իսկ օրից համախմբված վաշտերով ռազմաճակատում էին, իրենից սերված մեր փառապանծ բանակի, զինվորի հետ առաջնագծում էին: Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր:

Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր:

Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում եւ չենք փորձում ուրախացնել մեր թշնամուն ներքաղաքական անկայունությամբ: Դարերի պատմություն ունեցող մեր ազգի ամենամեծ սխալը, ամենամեծ ամոթալի էջը կլինի, եթե մենք չսթափվենք եւ չսկսենք համախմբված ու միասնական գործել: Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք պատկերը լիովին այլ կլիներ:

Մենք դեռ պատերազմի մեջ ենք, պահպանե՛ք հանգստություն: Եթե տրվենք քաղաքական սադրանքների մենք ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնենք:
Ես հպարտանում եմ մեր բանակով, մեր հերոս զինվորներով, կամավորներով: Ես հպարտանում եմ Երկրապահներով՝ իմ մարտական ընկերներով. շատերս մեր երրորդ պատերազմն անցանք:

Փա՛ռք մեր բանակին, կամավորներին, Երկրապահին,
Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին,
Փա՛ռք հերոսածին մայրերին, Հայ ազգին:

Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում եւ պահանջում եմ, եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջեւում է:

«Տաճարի սյունը, որքան էլ կարծր ու սրբաշատ լինի, առանց ամուր հիմքի չի կարող գմբեթ պահել իր վրա…»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան:
Եկեք դառնանք մեր պետության ամուր հիմքերն ու հենասյունը: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել:

Եվ վերջում, կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը,
Փա՛ռք սփյուռքահայությանը:

Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵԿՄ վարչության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30