«Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը ֆեյսբուքում գրառում էր արել այն մասին, որ Շուշիի պատմության, կերպարվեստի եւ երկրաբանության թանգարանների հավաքածուները չեն տարհանվել, ինչը դավաճանություն էր որակել: Նաեւ նշել էր, որ արժեքներն իր կողմից փաթեթավորված են եղել, սակայն մնացել են ռմբապաստարաններում եւ չեն տեղափոխվել, իսկ հիմա իր ձեւակերպմամբ, Շուշիում թուրքեր են վխտում:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանից, հետաքրքրվեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ինչ է անում այդ ուղղությամբ:
Նարինե Խաչատուրյանը հետեւյալը փոխանցեց. «Մենք ինչ կարողացել ենք, արել ենք արդեն…Իսկ ո՞վ պետք է տեղափոխեր, Արցախի նախարարին, կառավարությանը դիմե՞լ եք… Նախարարը հիմա Երեւանում է, կարող եք դիմել տիկին Ղարախանյանին եւ հարցնել` ինչո՞ւ չեք տեղափոխել: Մենք շատ բան եք արել, որի մասին չենք խոսելու գոնե առայժմ: Այս պահին էլ Արցախում անում ենք, հենց հիմա, երբ ձեզ հետ խոսում եմ…Ես պատասխանատու չեմ իրենց կառավարության եւ նախարարության գործերի համար: Եթե փաթեթավորել էին, ինչո՞ւ չեն տեղափոխել: Կամ գուցե պատերազմական դրության պատճառով է այդպես եղել»:
Կարդացեք նաև
Թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանից: Նրա հեռախոսահամարն «անհասանելի» էր, հարցումը նրան ուղարկել ենք նաեւ ֆեյսբուքով: Անհասանելի է նաեւ գերատեսչության տեղեկատվության պատասխանատու Սարինե Հայրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը