Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա Մելիքսեթը հմուտ դիպուկահար էր․ նա կենաց-մահու կռիվ էր մղել․ ահաբեկիչներին զինաթափել ու նահատակվել էր

Նոյեմբեր 12,2020 16:08

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչության դեմ պայքարելիս՝ նահատակվել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի բնակիչ Մելիքսեթ Սարգսի Արոսյանը։ Հերոսը ծնվել է 1992 թվականին՝ մանկավարժների ընտանիքում, հայրը դպրոցի զինղեկն էր, մայրը՝ դասվար։ Նա ևս շարունակել է ծնողների աշխատանքը․ մեկ տարի էր՝ աշխատում էր Ղազանչիի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։ Ավարտել էր Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը։ Արժանացել էր սպայի կոչման։ Աշխատանքին զուգահեռ կցագրված էր Վանաձորի զորամասում՝ որպես պահեստազոր։

Մելիքսեթը տան միակ արու զավակն էր, ունի մի քույր։ Հերոսի քույրը՝ Շողիկը, մեզ պատմեց, որ նրա մոտ փոքրուց նկատելի էր հայրենասիրությունը․ հաճախ է մեջբերել Խոշաբից Հայկ Նահապետի հնչեցրած, Հալիձորից՝ Մխիթար Սպարապետի ու նաև Դավիթ Բեկի հաղթական կոչերը։

«Եղբայրս սպորտ ֆեդերացիայի անդամ էր, հաճախ էր մասնակցում Ծաղկաձորում կայացած դահուկային և անվադահուկային առաջնության մրցումներին ու մեծ հաջողություններ ուներ։ Բանակում ծառայելու ժամանակ էլ մեդալներ էր ստանում, երեք մեդալ ստացավ, պարգևատրվեց «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանց» շքանշաններով։ Հետախույզ դիպուկահար էր, այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում ու նաև Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին։

Եղբայրս նաև որսորդմիության անդամ էր, ազատ ժամանակ իր որսորդական շների հետ դուրս էր գալիս որսի, երբեմն էլ ձկնորսության էր գնում։ Կենդանիներ շատ էր սիրում, տարբեր տեսակի շներ ունի, իր շները մնացին՝ իրեն սպասելով։ Մի անգամ գայլ էր խփել ու հպարտությամբ ասում էր՝ ամեն որսորդ չէ, որ գայլ է խփում։ Այնքան բարի էր, ընկերասեր, բոլորին նվիրված, յուրահատուկ մարդ էր, ոչ մեկին ոչ մի անգամ չէր նեղացրել, բոլորին հասնող, օգնող էր։ Մեծ շրջապատ ու անուն ուներ, որսորդության ժամանակ գրեթե բոլոր մարզերից իր ընկերներին հյուրընկալում էր։

Չափից ավելի համարձակ էր, երբ պատերազմը սկսվեց, նա առանց երկմտելու մեկնեց Վանաձոր ու նշանակվեց հրամանատար։ Մի ամիս Վանաձորում պարապմունքներ էր անցկացնում ռազմաճակատ մեկնողների համար, դրանից հետո որոշեց, որին ինքն էլ պիտի մեկնի առաջնագիծ։ Վանաձորից մեկնել է Ջաբրայիլ ու մասնակցել թեժ մարտերի։ Մարտական ընկերները պատմում են, որ շատ մոտ է եղել թշնամուն, իր դիվերսիոն հետախուզական խմբով, հմուտ դիպուկահարւթյամբ հետ է շպրտել հակառակորդին, բնաջնջել նրանցից շատերին, կենաց-մահու պայքար է մղել, առգրավվել է 7 ավտոմեքենա զենք-զինամթերքներ։ Վիրավորվել էր, հասցրել էին հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր։ Ասում էին՝ որտեղից այդքան ուժ, քաջություն այդ նուրբ դիմագծերի տակ։

Նա պատվով կատարեց իր պարտքը, վեհ առաքելությունը, ընկավ հերոսի մահով, նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգությունը, խաղաղ երկնքի տակ ապրելու ամեն մի պահը։ Մեծ հպարտություն է նրա քույրը լինելը․ մենք պարտական ենք մեր բոլոր հերոսներին, ովքեր մեր երազած հաղթանակն էին կերտում»։

Շողիկը նաև ասաց՝ հայրը, որը լուրջ առողջական խնդիրներ ունի, խորհուրդ է տվել որդուն չգնալ ռազմաճակատ, սակայն Մելիքսեթն առարկել է, ասելով՝«Ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պիտի գնա, ո՞վ պիտի պաշտպանի»։

«Իր հետի տղաներն ասացին, որ կամավոր է գնացել, առաջնագիծ մեկնելիս՝ հարազատներից ոչ մեկին ոչինչ չէր ասել, մտածել է, որ կգնա, նորից հետ կգա, ո՛չ պապայիս, ո՛չ մամայիս, ո՛չ հորաքույրներիս բառ չէր ասել, միայն ամուսնուս էր ասել, թե հանկարծ տնեցիներին չասես, կգնամ, հետ կգամ։ Եղբորս կորստի ցավը բառերով չեմ կարող նկարագրել, անհավատալի է, բայց գոնե հաղթանակ տոնեինք․․․»,-ասաց Շողիկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30