Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Այս համաձայնագիրն ինչ-որ տեղ փրկություն է, այն մերժելը նշանակում է Ռուսաստանին դուրս հրավիրել»

Նոյեմբեր 12,2020 15:55

«Մեր հայրենիքը` Հայաստանը եւ Արցախը ծանր վիրավոր են: Ի՞նչ է պահանջվում, երբ կա նման վիճակ…առաջին հերթին հոգատարություն, ջերմություն, համապատասխան վերաբերմունք, խուսափել քաղաքացիական պատերազմից, առճակատումից եւ անհանդուրժողականությունից… Այսօր ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց զավակներին, եղբայրներին, ծնողներին, ունենք մեծաթիվ վիրավորներ, ընտանիքներ, որոնցով պետք է զբաղվենք, ինչպես նաեւ Արցախից եկած հայրենակիցներ, որոնք նույնպես կարիք ունեն մեր ուշադրության…

Մենք նաեւ կարիք ունենք իրար հանդեպ ջերմության, ինչը չի նշանակում դավաճանել սեփական սկզբունքներին, հայացքներին: Կա գերագույն նպատակ` պետություն եւ մեր բոլոր ազգային իղձերը կարող են իրագործվել միայն այն ժամանակ, երբ կա պետություն: Առանց պետության` գաղութային մակարդակով ազգային իղձերն իրագործելը ֆոլկլորային մակարդակով ինչ-որ բան պահելու նման կլինի»,- «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ինչ վերաբերվում է ներկա վիճակին, այս մասին էլ արվեստագետն ասաց. «Ես չեմ սիրում վերջակետ դնել: Ես չեմ կարծում, որ հազարամյակներից եկող եւ դեպի հազարամյակներ գնացող ազգն իրավունք ունի իր պատմության որեւէ էտապում վերջակետ դնելու: Ամենակարեւորն է սթափ գնահատել իրավիճակը, չզբաղվել ինքնախաբեությամբ, որովհետեւ հաճախ ենք նման բաներով զբաղվել եւ երեւույթները ոչ իրենց անուններով կոչել, այստեղ էլ կա մեր մեղքի բաժինը…Օրինակ, զինադադարը կոչել ենք պատերազմի ավարտ, նույնիսկ հաղթանակ` մոռանալով, որ զինադադարը պարզապես զինադադար է…Հարցն արդեն դուրս է եկել նույնիսկ ռեգիոնալ քաղաքականության շրջանակներից: Այստեղ բախվել են շատ խոշոր խաղացողների հետաքրքրություններ, շահեր: Կա նաեւ մի շատ պարզ տրամաբանություն, երբ երկու կողմ չեն կարողանում իրար հետ պայմանավորվել, խառվում են երրորդ կողմերը, եւ ամեն մի կողմ հետապնդում է սեփական շահը…Սա բնական է, մարդկային հարաբերությունների մեջ էլ է այդպես»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, ներկայումս սկսվել է շատ նուրբ ու դժվարին էտապ, որը պահանջում է ուղեղ, ընդունակություններ, համախմբում: Նրա խոսքով, երկար տարիներ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում` առաջին հերթին զինված ուժերի միջոցով, որոնք առկա էին բոլոր նախկին հանրապետություններում, եւ այդ ծրագրին ընդդիմանում էին Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուբեն Բաբայանը փաստում է, որ փաստորեն ռուսական զորքն արդեն մտել է Ադրբեջան, ինչից այդ երկիրն ամենաշատն էր խուսափում:

Ինչ վերաբերվում է աղմուկ հանած հայտնի եռակողմ համաձայնագրին, արվեստագետի համոզմամբ, այն մնալու է, ինչ իշխանություն էլ լինի ու հարկավոր է զինադադարն օգտագործել ուժեղանալու եւ մի շարք հարցեր լուծելու համար, հատկապես որ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները եւս սկսել են խոսել Արցախի եւ Հայաստանի շահերի մասին:

Նա նաեւ ընդգծում է. «Պետք է հասկանալ, որ պետական շահն ու հայրենիքն ավելի կարեւոր են հայրենիքն ավելի կարեւոր են… Այս համաձայնագիրն ինչ-որ տեղ փրկություն է, այն մերժելը նշանակում է Ռուսաստանին դուրս հրավիրել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30