«Երեկվանից հստակ տեղեկատվություն անգամ մեզ չէր տրամադրվում, թե ինչ մեղադրանք է ներկայացվել Գագիկ Ծառուկյանին»,- ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ արդեն հայտնի է Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքը. «Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով, որը ենթադրում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով և կալանքով առավելագույնը 2 ամիս ժամկետով»:
Իվետա Տոնոյանը հայտնեց՝ Գագիկ Ծառուկյանի՝ երեկվա կալանավորման փաստն արդեն փաստաբանների կողմից բողոքարկվել է. «Պարոն Ծառուկյանը ինը ժամ մնացել է ԱԱԾ-ում, որից հետո նոր միայն Քննչականի քննիչները բարեհաճել են գնալ այնտեղ և փորձել մեղադրանք կարել նրա նկատմամբ: Սա ձևավորված ոչ այնքան բարի ավանդույթի համաձայն: Թե′ պարոն Ծառուկյանի, թե′ մյուսների առումով իրականացվում են ոչ իրավաչափ գործողություններ: Մենք տալու ենք գնահատական, և նաև պատմությունն է տալու իր գնահատականը»:
Իվետա Տոնոյանը նաև հայտնեց, թե ուրիշ որ գործիչներն են կալանավորված. «Այս պահին կալանավորված է Գագիկ Ծառուկյանը՝ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, Գառնիկ Իսագուլյանը 307.1 հոդվածի առաջին մասով, Սուրեն Սուրենյանցը 225.1 և 307.1 հոդվածների առաջին մասով, Գեղամ Մանուկյանը քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, Դավիթ Համբարձումյանը նույն հոդվածով, Արա Սահակյանը նույն հոդվածով, Արթուր Վանեցյանը 225.1 հոդվածի և 307.1 հոդվածի առաջին մասով, Էդուարդ Շարմազանովը 225.1 հոդվածի առաջին մասով, Արթուր Ղազինյանը 307.1 հոդվածի առաջին մասով, Իշխան Սաղաթելյանը 307.1 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Այսօր կալանավորվել են Արծվիկ Մինասյանը, Արա Հակոբյանը և Արսեն Բաբայանը, նրանց ներկայացված մեղադրանքների մասին տեղեկություն դեռ չունենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ