Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեգիտիմության պաշարը կորցրած իշխող ուժից հաստատակամորեն պահանջում ենք անհապաղ գումարել ԱԺ նիստ և հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոնկրետ օր. «Պահպանակողական» և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների կոչը

Նոյեմբեր 12,2020 14:57

Արցախյան 44-օրյա պատերազմի հիմնական շահառուն Ռուսաստանն է, որին հաջողվեց իր զորքերը տեղավորել հարավկովկասյան ևս մեկ հանրապետությունում, ինչի գինը վճարեցին հայ երիտասարդության սերուցքը, Արցախի անկլավայնացումն ու Հայաստանի ինքնիշխանության աստիճանը: 2020թ. պատերազմի սցենարը նույնությամբ կրկնեց 1920 թ. ռուս-թուրքական ագրեսիայի տրամաբանությունը:

Որպեսզի վիժեցվի այս պայմանավորվածության գոնե երկրորդ արարը՝ ներպետական քաոս ստեղծելու միջոցով Ալեքսանդրապոլի մի նոր պայմանագրի հասցնելը, այսինքն՝ Հայաստանի պետականության կորուստը, Կառավարությանը և քաղաքական ընդդիմությանը, Զինված ուժերի հրամանատարությանը և, մանավանդ, հերոսական ժողովրդին կոչ ենք անում պահպանել սառնասրտություն, չկատարել դեպի քաոս տանող որևէ գործողություն, ապահովել համազգային համերաշխության մթնոլորտ՝ գոնե ժամանակավորապես հրաժարվելով սև-սպիտակի, նախկին-ներկայի, մեղավոր-անմեղի բաժանումները: Լեգիտիմության պաշարը կորցրած իշխող ուժից հաստատակամորեն պահանջում ենք անհապաղ գումարել ԱԺ նիստ և հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոնկրետ օր: Վտանգված է Հայոց պետականությունը:

Վստահ լինենք, որ օրավուր տկարացող Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները չեն կարող երկարաժամկետ լինել, առավել ևս՝ հանդուրժվել քաղաքակիրթ աշխարհի կողմից: Զինադադարի այս ընթացքը պետք է լիարժեքորեն օգտագործվի տարածաշրջանային գալիք պատերազմում հոգեբանորեն, տնտեսությամբ, զինվածությամբ, սեփական առաքելության հստակ արձանագրմամբ, նոր չափումների աշխարհին ներդաշնակությամբ և դաշնակիցների հզոր բանակով շահեկան ելք ապահովելու համար: Արցախի Հանրապետության, Նախիջևանի և բռնակցված այլ տարածքների վերջնական ազատագրման ժամը հեռու չէ: Կա քարերը շպրտելու և հավաքելու ժամանակը:

Պարտությունը կայանում է այն ժամանակ, երբ մտքիդ ու հոգուդ մեջ ես պարտվել, իսկ մենք տանուլ ենք տվել ընդամենը ճակատամարտը: Հողի կորուստն անդարձ կորուստ չէ, Մարդու և Պետականության կորուստն է անդարձ: Կոչ ենք անում չծնկել ու չընկճվել, տուրք չտալ դրսից հրահրվող ներքին երկպառակտությանը, չնպաստել պետական ենթակառուցվածքների կազմալուծմանը, պահպանել զգոնությունն ու պատերազմի օրերին կոփված Ոգին, համազգային ամբողջ ներուժն օգտագործել Պետականությանը սպառնացող ամենաիրական վտանգի չեզոքացմանը:

Միքայէլ Հայրապետեան /ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան /«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30