Հադրութի՝ Երեւանում ապաստանած բնակիչներն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիայի հայաստանյան դեսպանության առաջ էին՝ բողոքի ձայն բարձրաձայնելու այն փաստի դեմ, որ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությունը ենթադրում է, այդ թվում Հադրութի շրջանի հանձնում Ադրբեջանին: Բնակիչներին դեսպանատան բակում ընդառաջ եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ լսեց նրանց բողոքը: «Դեսպանատունը միշտ բաց է ձեր համար: Այն, ինչ կատարվում է այս պահին, շատ լարված իրավիճակ է ստեղծում: Մենք գիտենք, որ Հադրութն ամենաշատ տուժած տարածքներից է, որ Հադրութի ժողովուրդն ամենատուժած ու տանջվածներից է, որ ՀՀ-ում իրավիճակը բարդ է, որ շատ հարցեր կան այդ հայտարարության հետ կապված»,-նախ փաստեց Ջոնաթան Լաքոթը:
Ապա նա շեշտեց՝ Ֆրանսիան եւս շատ հարցեր ունի այդ հայտարարության առնչությամբ, որովհետեւ չի ստորագրել այն. «Մեր առաջնահերթությունն այն է, որ աջակցենք տուժած մարդկանց: Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է ՀՀ-ի ներկայացուցչի հետ: Ինչպես ասացի, մենք չենք ստորագրել այդ հայտարարության տակ: Նախագահ Մակրոնն ասել է, որ այն, ինչ կատարվում է, պետք է ներկայացնի նաեւ հայկական կողմի շահը: Հիշեցնեմ, որ մեր դեսպանատունը միշտ բաց է ձեր համար, որպեսզի արտահայտվեք եւ ներկայացնեք ձեր խնդիրները, թեեւ ես որպես դեսպան երբեք չեմ եղել Արցախում եւ Հադրութում»:
Դեսպանն ասաց. «Ես այդ հայտարարության մասին իմացել եմ տվյալ օրվա գիշերը, երբ ֆեյսբուքում տեսա Նիկոլ Փաշինյանի գրառումը: Եվ ասեմ, որ շատ անակնկալի եկա: Այդ նորությունը զեկուցեցի Փարիզին: Երեքշաբթի օրից մենք վերլուծում ենք այս հայտարարությունը, որն, ասեմ, շատ հարցեր է առաջացնում, բայց դրական են հետեւյալ փաստերը՝ հրադադարը, գերիների փոխանակումը, եւ այն, որ քաղաքացիական բնակչության տառապանքներն ավարտվեցին, որ երիտասարդ զինվորներն այլեւս չեն զոհվի: Բայց մենք դեռ վերլուծում ենք այդ փաստաթուղթը, որը տարածաշրջանային անվտանգության շատ հարցեր է պարունակում: Մենք դեռ ուսումնասիրում ենք փաստաթուղթը եւ ջանքեր ենք գործադրում, որպեսզի պաշտպանենք Հայաստանի շահերը: Առաջնահերթ, սա եռակողմ համաձայնագիր է՝ ստորագրված ՀՀ-ի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից, որում չեն ներգրավվել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Մենք կոնկրետ չգիտենք, թե որն է այս փաստաթղթի բնույթը՝ այն միայն հրադադար է ենթադրում: Շատ հարցեր ունենք այն մասին, թե ինչպես է այն հաստատվել, արդյոք այն կարիք ունի՞ վավերացվելու խորհրդարանի կողմից…շատ հարցեր կան, ուստի քննարկում ենք այս խնդիրները»:
Թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել, դեսպանը նշեց. «Ֆրանսիան կդիտարկի բոլոր հնարավորությունները, որպեսզի տարածաշրջանում հաստատի խաղաղություն եւ որպեսզի պաշտպանվեն հայ ժողովրդի շահերը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, որը տուժել է այս հակամարտությունից եւ հիմա Հայաստանում է գտնվում: Նրանց մենք պետք է հումանիտար օգնություն ցուցաբերենք՝ հատկապես ընտանիքների, կանանց համար, որոնք ամեն ինչ են կորցրել: Այսօր Փարիզում նախագահ Մակրոնը նախաձեռնելու է հանդիպում հայկական կառույցների հետ՝ սահմանելու համար հումանիտար օգնության ֆրանսիական փաթեթը: Այն հատուկ միայն Հայաստանի համար է լինելու»:
Կարդացեք նաև
Զրույցի ավարտից հետո Հադրութի կանայք լրագրողների հետ զրույցում ասացին. «Դեսպանը բարյացակամորեն ընդունեց եւ հասկացավ մեր խոսքը, մեր սրտի ցավը: Փաստեց, որ Հադրութը միշտ Արցախի կազմում է եղել եւ հայերը կարող են ապավինել Ֆրանսիայի աջակցությանը: Նա ընդգծեց, որ այդ չարաբաստիկ թղթին մասնակցություն չեն ունեցել: Փաստորեն, այսօր Մակրոնն ընդունելու է ՀՀ-ի ներկայացուցչին, որպեսզի ինչ-որ դետալներ քննարկեն եւ փորձեն հասկանալ կատարվողը եւ եթե հնարավոր է՝ միջամտեն, որպեսզի պատմական սխալ տեղի չունենա: Դեսպանը գոնե ընդգծեց, որ հումանիտար օգնություն կարող ենք ակնկալել»:
Հադրութի բնակիչները նաեւ ասացին, որ բողոքի ցույցը շարունակական է լինելու, մինչեւ համանախագահող երկրները նպաստեն արդարության վերականգնմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ