Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը կոչ է անում մեր հայրենակիցներին հեռու մնալ իրավիճակը սրող ծայրահեղ քայլերից

Նոյեմբեր 12,2020 13:45
sdhk

ՍԴՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անտարակույս, Հայաստանին ու Արցախին պարտադրված զինադադարի նվաստացուցիչ պայմանագիրը առաջացրել է համայն հայության արդարացի ցասումն ու խոր ընդվզումը: Ամբողջ 43 օրեր, հայ քաջարի զինվորն ու կամավորը, գերագույն զոհողության գնով, արիաբար ու բազում սխրանքներ գործելով պաշտպանեց հայրենիքի ամեն մի թիզ հողը, սակայն, դժբախտաբար, չկարողացավ հաղթահարել՝ իրենից սպառազինությամբ ու քանակով տասնապատիկ գերակայություն ունեցող թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիո առավելությունը: Մենք խոնարհվում ենք մեր նահատակված հերոսների հիշատակի առաջ ու մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրանց հարազատներին և համայն հայ ժողովրդին:

Մյուս կողմից, դատելով Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության պաշտոնական հայտարարություններից և ներկայացրած փաստարկներից, ակնհայտ է դառնում, որ այս զինադադարի այլընտրանքը ոչ միայն ամբողջ Արցախի անմիջական կորուստն էր, այլ մեր սահմանները դեռ պաշտպանող հազարավոր հայ զինվորների պաշարման ու ջարդի ենթարկման իրական վտանգը:

Միանշանակ է, որ դեպքերի այս աղետալի ընթացքի ու զարգացումների ամբողջական պատասխանատվությունը կրում է ներկա կառավարությունը, որ երբ պահը գա հաշվետու է դառնալու ժողովրդի կամքին: Բայց և այնպես, որքան էլ դառն լինի հայ քաջարի զինվորի ու ազատամարտիկի արյան գնով ազատագրված տարածքների կորուստը, ստեղծված իրավիճակը պարտադրում է մեզ լինել խոհեմ, կշռադատված և իրապաշտ:

Հասկանալի է ժողովրդի վրդովմունքն ու հուսախաբությունը ի տես այս անսպասելի շրջադարձին, սակայն անընդունելի և դատապարտելի է ստեղծված ծանր իրավիճակի շահարկումը՝ հանուն քաղաքական հետին նպատակների, որը ոչ միայն ապակայունացնում է երկիրը, այլ էլ ավելի է թուլացնում մեր պետականությունը: Վերջիվերջո, պիտի գիտակցենք, որ պատերազմը դեռ ավարտին չի հասել և իրավունքը չունենք թշնամու հետ բանակցային սեղան նստել ջլատված ու պառակտված:

Մյուս կողմից, մեր առջև ծառացած են բազում ծանր մարտահրավերներ, սկսյալ պատերազմի պատճառած մարդկային և նյութական հսկայական վնասների դարմանման աշխատանքներից մինչև նոր գաղթականական ճգնաժամի հաղթահարումը: Իսկ այս բոլորը պիտի կարոտ լինեն երկարամյա հետևողական և տիտանական աշխատանքի, որ անհնար պիտի լինի իրականացնել առանց միասնականության և հավաքական կարողականության գերլարման:

Ի տես այս բոլորին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը կոչ է անում մեր հայրենակիցներին հեռու մնալ իրավիճակը սրող ծայրահեղ քայլերից:

Կոչ ենք անում նաև իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և հանդուրժողականություն՝ իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվող քաղաքացիների նկատմամբ, գործել բացառապես ժողովրդավարական սկզբունքների համաձայն և միջոցներ ձեռք առնել մեղմելու առկա շիկացած մթնոլորտը:

Պահը օրհասական է և Հայաստանի ու Արցախի ապագան պարտադրում է բոլորիս լինել զգոն, որպեսզի նվազագույն ցնցումներով դուրս գանք ներկա վտանգավոր իրավիճակից ու ազգովին լծվենք մեր ցավերը ամոքելու ու Հայրենիքը վերականգնելու երկարաշունչ աշխատանքին:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության
Կենտրոնական Վարչություն
11-11-2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30