Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանության սրտի սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին». Իվետա Տոնոյան

Նոյեմբեր 12,2020 13:35

«Մինչև երեկ մեր ելույթներում և հարցազրույցներում հույս էինք հայտնում, որ «Իմ քայլը» տեղյակ չի եղել միգուցե ստորագրվող խայտառակ հայտարարությունից»,- ՀՅԴ գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ըստ նրա՝ սակայն «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությունից հետո իրավիճակն այլ է. «Իմ քայլը, որը մի քանի օր շարունակ պատսպարվում էր ապաստարաններում, գրասենյակների նկուղներում, ըստ տարբեր շրջանառվող լուրերի՝ նաև Սորոսի գրասենյակում, ԱՄՆ դեսպանատան նկուղներում, հանդես է գալիս ուշ երեկոյան մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը»:

Իվետա Տոնոյանն ասաց՝ ունի տեղեկություններ և փաստեր, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ ֆեյսբուքյան մեկնաբանությունների մակարդակով հայտնում են, որ տեղյակ չեն եղել, կամ տեղյակ են եղել հայտարարության առաջին հատվածից, մնացածի մասով պատասխանատվություն չեն կրում: Այս առիթով ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ակնկալում եմ, որ անվանական բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել այդ հայտարարության տակ, որ հասկանանք, թե ովքեր են այն ԱԺ պատգամավորները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հավասար կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը: Ազգը պետք է իմանա բոլոր այն մարդկանց, որոնք ստորագրել են այս խայտառակ որոշման տակ: Հորդորով ուզում եմ դիմել մեր բոլոր գործընկերներին, որ դուրս չգան ժողովրդի դեմ, թողնեն հումանիտար միջանցք, հնարավորություն, որ նրանց կարողանանք փրկել ժողովրդի ցասումից ու զայրույթից»:

Իվետա Տոնոյանը խորապես ցավում է, որ «Իմ քայլին» թվում է, թե իրենք նման պարզունակ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել հիմնական օրակարգից. «Բազմաթիվ անգամներ ԲՀԿ-ն նշել է, որ այո, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, լիարժեք հարաբերությունները վերականգնելը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք՝ տարածաշրջանային անվտանգության միակ երաշխավորը հանդիսացել է ՌԴ-ն: Երբ հայտարարում ենք, որ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ կոնկրետ գործընթաց սկսելու, մեր երկրի իշխանության կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի: Ինչո՞ւ, եթե կարելի էր հարցը քննարկել դեռ սեպտեմբերի 29-ին, առանց հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների: Ինչո՞ւ իշխանությունները չգնացին այդ քննարկմանը և այդ բանակցություններին: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն: Ուզում եմ, որ այս հարցի պատասխանը տան իշխանության ներկայացուցիչները և ոչ թե փորձեն մանիպուլյացիաների միջոցով արհեստական օրակարգ ձևավորել»:

Իվետա Տոնոյանը վստահեցրեց՝ իմքայլականները սուպերի մեկ զանգով ստանում են հանձնարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանից և ձևավորում են իրենց օրակարգը: Նա նշեց՝ ուզում է՝ քաջություն և համարձակություն ունենան խոսել ժողովրդի հետ: Մտահոգություն հայտնեց՝ կաթվածահար է ամբողջ պետական համակարգի աշխատանքը:

Դիմելով՝ ԱԱԾ-ի, ոստիկանության, փրկարար ծառայության բոլոր ներկայացուցիչներին, որոնք ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները, պատգամավորը խնդրեց. «Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած չակերտավոր գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարակաները դուք չպետք է կատարեք, որովհետև պատմության մեջ մտնելու եք որպես հող հանձնողի հանձնարարություն կատարող»: Նա նաև վստահեցրեց՝ այդ համակարգում կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ:

Իվետա Տոնոյանը նաև հայտնեց. «Ունենք հստակ տեղեկություններ, որ 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրումներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանության կողմից: ՔՊ կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանության սրտի սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության մի քանի համակիրների, որ կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացնեն մեր կողմից ձեռնարկված միջոցառումների ընթացքում: Հասկանում եմ, որ զինվորական համազգեստի պղծումը, զինվորական արժեքների վրայով անցնելը Նիկոլ Փաշինյանը ապացուցել էր դեռ հեղափոխության օրերին, երբ ֆեյք Ռոբերտ Աբաջյանի պապիկներ էին շրջանառության մեջ դրվում: Հասկանում եմ, որ իրենց համար չկա այլևս որևէ սրբություն, բայց մի պղծեք զինվորականի, ազատամարտիկի արժանապատվությունը ու հեղինակությունը: Դիմում եմ այն մարդկանց, որոնք ստացել են այդ համազգեստը և զենքը, մի արեք նման բան, շուռ չտաք ժողովրդի դեմ, որովհետև ժողովրդի ցասումը լինելու է անկառավարելի և ունենալու է շատ վտանգավոր հետևանքներ: Հասկանում եմ, որ մարդկանց մեկը մյուսին դեմ հանելու գործում Նիկոլ Փաշինյանը չունի մրցակից, կարելի է նրան Նոբելյան մրցանակ տալ ժողովրդին միմյանց դեմ հանելու գործունեության մեջ ֆենոմենալ հաջողության համար, սևերի ու սպիտակների տարանջատման իր քաղաքականությունը ամրագրած մարդուց չունեմ շատ մեծ սպասելիքներ, ունեմ սպասելիքներ մեր հայրենակիցներից և ժողովրդից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30