«Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ հրավիրվեցին Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը: Այս ասուլիսը պետք է վարեր Արծվիկ Մինասյանը: Քաղաքական բանտարկյալների բույլը ՀՀ-ում մեծանում է»,- ՀՅԴ գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
Նա վստահեցրեց՝ իրենց քաղաքական ճնշումներով, ԱԱԾ-ով չեն վախեցնի, իրենց պայքարը շարունակվելու է:
Լիլիթ Գալստյանը նշեց, որ քաղաքական բանտարկյալներ ՀՀ-ում ունենք հենց երեկվանից. դեռ հանրահավաքը չսկսված արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը:
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ գնահատականը մեկն է. «Արցախում սև գործը կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև ՀՀ-ում որդեգրել ճնշումների, քաղաքական բռնաճնշումների քաղաքականությունը՝ փորձելով լռեցնել մեզ, հայ ժողովրդի ցասումը, վիրավորանքը բռնության գործիքներով լռեցնել: Մեզ լռեցնել չի հաջողվի, քանի որ մենք ոչ միայն տասնյոթ կուսակցություններս ենք, որոնք բողոքի ալիքն են ղեկավարում, այլ մեզ հետ է հայ ժողովուրդը ՀՀ-ում, թե սփյուռքում, քանի որ մենք չենք պատրաստվում ընդունել մեզ նետած անարժանապատիվ սև ձեռնոցը: Չենք ուզում արձանագրել պատմության մեջ այս սև էջը: Մեզ համար թանկ է մեր երկրի ճանապարհն ու արժանապատվությունը: Կադրեր էինք նայում, թե ինչպես է Շուշիում հնչում նամազը, ցեղասպանությունից հետո ավելի սև էջ դժվարանում եմ արձանագրել: Մեր քաղաքական իշխանությունը պարտադրված մեզ հայրենազրկում է»:
Կարդացեք նաև
Լիլիթ Գալստյանը հայտարարեց՝ արդեն չորս օր է ՀՀ իշխանությունը չկա ու շարունակեց. «Այն քաղաքական իշխանությունը, որը հայտարարում էր, որ նա ժողովրդի ընտրյալն է, լեգիտիմ է, ո՞ւր է ձեր բարոյականությունը, եթե մի քիչ բարոյականություն, պատասխանատվություն ունենայիք ձեր ժողովրդի հանդեպ, կխոսեիք նրա հետ: Ո՞ւր է վարչապետը: Կապիտուլյացիայի գիշերն այս հետևի դռնից նա փախել է: Իսկ երկուսուկես տարի առաջ երեք ու կես միլիոն վարչապետներ ունեինք: Երեք ու կես միլիոն ՀՀ վարչապետներ, ձեր թիկունքում ստորագրվել է անարժանապատիվ մի հայտարարություն, համաձայնագիր, իրավական մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ: Եթե սրան ազգային դավաճանություն գնահատական չտանք, ապա ի՞նչ է: Եթե վստահ եք ձեր գործունեության մեջ, հիմա բունկերներում չէիք թաքնվի: Դուք արժեքներ ու համոզմունքներ չունեք դուրս գալու և ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառեցիք մեր քաղաքական հեռանկարները, մեր երկրի երազանքները ու ապագան»:
Նա վստահեցրեց՝ մեզ քաղաքական ճնշումներով չեք վախեցնի, մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք: Եթե հայրենիքի դեմ պայքարը քրեական հետապնդման գործ է, վստահ ենք, որ բոլորս պետք է պայքարենք մեկ մարդու պես:
Լիլիթ Գալստյանը իշխող ուժին հորդորեց ուղղակի անցնցում, սահուն հեռանալ. «Ձեր գնալու ժամանակն է, գնացեք առանց ներքին բախումների, ձեր թավիշով հեռացեք: Կան քաղաքական ուժեր, մարդիկ, քաղաքացիներ, պրոֆեսիոնալներ, որոնք ի վիճակի են, այն բոլոր ձախողումները, որոնք պարտադրել եք մեզ քաղաքական, դիվանագիտական դաշտում, ռազմական դաշտում, մենք կկարողանանք այդ ձախողումները խմբագրել: Պետք չէ մեր փառապանծ զինվորների վրա դասալիքի պիտակը փակցնել: Դա պղծություն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ