Փոփոխության անհրաժեշտություն ընդհանրապես, իհարկե, առկա է, ի վերջո՝ երկրում ստեղծվել է ազգային-պետական կարեւորագույն հարցի առնչությամբ չափազանց բարդ ու հակասական իրավիճակ, եղել է ռազմական ու ռազմա-քաղաքական պարտություն, հետեւաբար այստեղ պետք է լինի կառավարության հանրային վստահության հարցադրում, որը կատարվում է արտահերթ ընտրության միջոցով: Սակայն հասկանալի է նաեւ, որ այդ ընտրությունը պետք է պատրաստվի, նախապատրաստվի, պետք է կրքերը հանդարտվեն եւ ապահովվի արտահերթ ընտրության արդարության, ազատության, օրինականության մթնոլորտը: Որովհետեւ, եթե այդ ամենը չի ապահովվում, ապա Հայաստանը կարող է ստանալ ոչ թե լուծում, այլ ընդամենը նոր խնդիրներ եւ իրավիճակի է՛լ ավելի բարդացում:
Հենց արտահերթ ընտրության ժամանակ էլ կքննարկվեն պարտության հետ կապված հարցերը, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները, առկա իրավիճակից օպերատիվ, մարտավարական եւ ռազմավարական ելքերը: Իսկ հանրությունը կընտրի` կամ պաշտպանվողներին, կամ մեղադրողներին վստահել կառավարումը հետագա քառամյակի համար: Կրկնեմ, դա այն դեպքում, երբ չկա կնքված համաձայնագիրը մեծ արագությամբ եւ օպերատիվությամբ փոխելու պատրաստակամություն, պատասխանատվություն եւ ինչ-որ իմաստով նաեւ երաշխիք:
Ըստ այդմ՝ կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը պետք է ուղեկցվի հանրությանն այդ կապակցությամբ շատ հստակ քայլերի հաջորդականություն ներկայացնելով, զուգահեռ նաեւ ներկայացնելով այն անձանց, որոնք կատարելու են այդ քայլերը: Հարթակի վրա հրաժարական պահանջող թե՛ ուժերը, թե՛ անձինք բավականին շատ են, ըստ այդմ՝ հանրությանը պետք է նախ հստակ դիրքորոշում ներկայացնել համաձայնագրի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, հստակ ներկայացնել հանձնառություն` թե ինչ են պատրաստվում անել, եւ հստակ ներկայացնել անուններ, որոնք պատրաստվում են անել այդ ամենը: Այդ դեպքում պարզ կլինի, թե որքան է օպերատիվ, անհապաղ հրաժարականի անհրաժեշտությունը:
Համենայնդեպս, առայժմ հանրությունը կարծես թե չունի այդպիսի կոնկրետության պատկեր, այն ներկայացված չէ քաղաքացիներին, որոնք եւս դժգոհ են ստեղծված իրավիճակից եւ կայացված որոշումից: Իսկ դա տարօրինակ է, առնվազն այնքանով, որ գործնականում կա հայտնի համաձայնագրով սահմանված գործողությունների ժամանակացույց, որտեղ չկա շատ ժամանակ, ինչը նշանակում է, որ հանրության դժգոհությունն առաջնորդելու փորձ անող որեւէ ուժ պետք է ժամ առաջ կոնկրետացնի հանրությանն իր առաջարկները:
Կարդացեք նաև
Մինչդեռ առայժմ կոնկրետ է միայն հրաժարականի պահանջը: Այն բնական է, տրամաբանական, սակայն առկա իրավիճակում քիչ` որպես իրավիճակից ելք:
Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: