Փոխզիջո՞ւմ: Բա փոխը ո՞րն է, ո՞ւր է փոխը… Ավելի շուտ՝ կապիտուլյացիա՝ թելադրված թուրքի կողմից: Ընթերցեք, վերընթերցեք ստորագրված «փաստաթուղթը»: Որտե՞ղ է թուրքական կողմի զիջումը: Արդյոք այնտե՞ղ, որտեղ իրականացվում է թուրքադրբեջանական մեկդարյա երազանքը. մենք, մե՛նք ենք ապահովելու Անկարա–Բաքու ցամաքային կապը: Թող մեկն ինձ բացատրի՝ ի՞նչ կապ ունի Նախիջևան–Բաքուն Արցախի հետ: Ինչո՞ւ են բոլորը համոզված պնդում, թե պատերազմն ավարտվեց. չէ՞ որ 1994–ին մեզ կանգնեցրեց նույն Ռուսաստանը և չհայտարարվեց, թե պատերազմն ավարտվեց: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա չորրորդ հրադադարի որոշումն էր: Պահպանվե՞լ են արդյոք նախորդ երեք հրադադարների որոշումները, և ո՞վ էր չպահպանողը…
Արդյոք Պուտինը քե՞ն քշեց Նիկոլին, որ թավիշը պրոռուսական չէր, թեպետ վարչապետ Նիկոլը, ի տարբերություն պատգամավոր Նիկոլի, իր բերանով ոչ մի հակառուսական արտահայտություն չէր արել: Բայց դա անում էին իր սատելիտները, իր շրջակա սորոսականները: Ինչո՞ւ ժողովրդի հետ չքննարկվեց համաձայնագիրը, թեև «թավիշի» ժամանակ հայտարարվել և միանշանակ խոստացվել էր, որ առանց Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ խորհրդակցելու ոչ մի որոշում չի ընդունվի: Ինչո՞ւ Արցախը չդարձավ բանակցային կողմ, ինչպես խոստացվել էր: Ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծեցին տանդեմ, իսկ մեր տան դեմը դատարկ մնաց: Ինչո՞ւ որևէ խոսք չկա Արցախի՝ թեկուզ ապագայում ստանալիք կարգավիճակի մասին, ու Ալիևը, ելույթ ունենալով իր մասսայի առաջ, ասում է. «… Փաշինյան, ստատուս չկա…» ու քահ – քահ ծիծաղում է իմ երկրի, իմ պետության ղեկավարի վրա… Ի վերջո, ինչո՞ւ տվեցինք այսքան իմաստավորված զոհ, եթե վերջում մենք ապրելու էինք այսքան անիմաստ…
Եթե սա լավագույն լուծումն էր, ապա հետաքրքիր է, վատագույնը ո՞րն է. թուրքի գրած համաձայնագրի տակ ստորագրել ենք անվերապահ, առանց առարկության, առանց կարգավիճակ, առանց փոխ – ի… սա միակողմանի կապիտուլյացիա է:
Հարութ ՀԱԴՐՈՒԹՑԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։