Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում հիշյալ եռակողմ թուղթը ստորագրած և ճնշումներին ենթարկված ՀՀ կառավարությանը ինքնակամ հրաժարական տալ. «Ժառանգություն»

Նոյեմբեր 12,2020 09:17

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․

Արցախյան պատերազմը դադարեցնելու Հայաստանի և Արցախի համար ծանրագույն և հայության մեծամասնության համար անընդունելի կետեր ներառող եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում հանրային-քաղաքական հուզումներ են՝ ցասման խորացող դրսևորումներով:

«Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է քաղաքացիական հակամարտության հնարավոր արագընթաց բորբոքմամբ: Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների որդեգրած պահվածքը ընդդիմադիր գործիչներին և քաղաքացիներին ԱԱԾ կամ ոստիկանություն բերման ենթարկելու, ինչպես դրանից առաջ խստիվ դատապարտել ենք իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բիրտ բռնությունը, ապա նաև հանրային գույքի վնասումը:

«Ժառանգության» համար առաջնային է վարչապետ Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի անվավեր ճանաչման և դրույթների վերախմբագրման հրամայականը:

Առաջարկում ենք խորհրդարանական ուժերին և հատկապես «Իմ քայլի» քաղաքական մեծամասնությանը անհապաղ ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ստորագրված փաստաթուղթն անվավեր ճանաչելու հարցով, որից հետո դիմել ՍԴ նույն առաջարկով:

ՀՀ նախագահն արդեն հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ թղթի դրույթներին, ուստի Հայաստանը լիովին իրավասու է սկսել նոր բանակցություններ՝ նախորդ իր կողմից չեղարկվող պայմանավորվածության կետերը հնարավորինս փոխելու համար, հատկապես Արցախյան պատերազմի հետ ուղղակիորեն չկապված Մեղրիի մասով:

Այս համապատկերում, հաշվի առնելով ստեղծված օրհասական վիճակը, կոչ ենք անում հիշյալ եռակողմ թուղթը ստորագրած և ճնշումներին ենթարկված ՀՀ կառավարությանը ինքնակամ հրաժարական տալ՝ օրենսդրական ուղի բացելով պատերազմ սանձազերծած պետության և միջնորդ Ռուսաստանի հետ նոր բանակցությունների համար:

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ որպես օրինական կարևոր հաստատություն, պետք է համակարգի այս գործընթացը: Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է ընթանալ իրավական ուղիով՝ բացառելով որևէ քաոս ու առավել ևս՝ բռնություն: Ժամանակը սուղ է:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30