Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռակողմ հայտարարությունը նոր, արդեն անխուսափելի պատերազմների սկիզբ է նախանշում, որի նպատակը այլևս ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Նոյեմբեր 12,2020 08:49

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը հաշվի առնելով՝ արձանագրում է, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը հայկական կողմերի համար խիստ պարտվողական է և ոչ այս փուլում, ոչ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում չի լուծում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ՝ գոյաբանական մարտահրավերը։

Այդ հայտարարությունը և դրանից բխող համաձայնագիրը չի լուծում արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այն նոր, արդեն անխուսափելի պատերազմների սկիզբ է նախանշում, որի նպատակը այլևս ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը։ 1994թ. մայիսի 12-ին հաստատված եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո 26 տարվա այս ողջ ժամանակահատվածում աշխարհում և տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների տոտալ չգիտակցումը, դիվանագիտական, պաշտպանական և անվտանգային համակարգերի անհրաժեշտ մակարդակի չապահովումը ըստ էության հանգեցրեց այս իրականությանը։

Այս օրհասական պահին ողջունում ենք Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությունը։ Խիստ կարևոր ենք համարում, որպեսզի նախագահ Սարգսյանը ձեռնամուխ լինի Հայաստանի դաշնակիցների, բարեկամների և գործընկերների հետ քննարկումների և խորհրդակցությունների անցկացմանը։

ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը, մասնագետների պնդմամբ, ունի սահմանադրականության հետ լրջագույն խնդիրներ։ Այս ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում արագ կերպով քննարկումներ սկսել միջազգային և սահմանադրական իրավունքի վկայակոչված մասնագետների հետ։

Ավելին՝ համաձայնագիրը հիմնավորապես խարխլում է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպական անվտանգության ապահովման տեսանկյունից կառույցի առանցքային դերն ու նշանակությունը։ Եռակողմ համաձայնագիրը դելեգիտիմացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քառորդդարյա աշխատանքը, որին Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա պետք է վերապահի Արցախյան չկարգավորված հակամարտության և այդ կառույցի շրջանակներում հավասարակշռված, տարածաշրջանին տևական, երկարաժամկետ կայունություն ապահովող լուծումներ փնտրելու միջազգային մանդատը։

Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով։ Երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ենթադրում է ընտրական արտահերթ գործընթացներ, որոնք պետք է տեղի ունենան հայաստանյան քաղաքական առողջ ուժերի և քաղաքացիական հասարակության լայն ներկապնակի հետ խորհրդակցաբար, որոնց անցկացումը պետք է երաշխավորվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ։ Այդ ուժերը անմիջապես պետք է ձեռնամուխ լինեն իշխանական ճյուղերի հետ համաձայնեցված ժամանակացույցի մշակմանը, երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածների հստակ սահմանմամբ։

Առաջիկա 72 ժամերը Հայաստանի համար ունեն ճակատագրական կարևորություն։ Հավատացած ենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդես գալ իրավիճակը բեկող լուծումներով՝ անհրաժեշտ քաղաքական աջակցություն ապահովելով հայկական զինված ուժերի՝ իրենց դիրքում աներեր ու անսասան մնալուն։

Առավել երկարաժամկետ հեռանկարում պետք է ստանձնել ռազմավարական խնդիրների կազմման աշխատանքները, որոնք կերաշխավորեն ՀՀ ազգային անվտանգությունը ապահովող ինստիտուտների անցնցում գործարկումն ու ապահովումը։

Վստահ և համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական մարտահրավերը կդիմագրավի խոհեմությամբ և բարձր պատասխանատվությամբ։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30