Ոստիկանությունը կեսգիշերն անց 5 րոպե ժամանակ տվեց ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին, որ դադարեցնեն հավաքը: «Ռազմական դրության ժամանակ հավաքներն արգելված են: Դա ողջամիտ ժամկետ է, որպեսզի դադարեցնեք հավաքին ուղղված գործողությունները, այլապես կենթարկվեք պատասխանատվության»,-հնչեց ոստիկանության պաշտոնյայի հայտարարությունը:
Սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, իրավիճակը հաշվի առնելով, քաղաքացիներին կոչ արեց տուն գնալ, բայց այսօր էլի են գործողություններ ձեռնարկելու:
«Հիմա գնում ենք գրասենյակ, որպեսզի մեր ծրագրերը պլանավորենք եւ հայտարարենք՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով եւ սադրանքները բացառելու համար: Եթե սահմանափակումներ լինեն, մարզերում՝ տեղում, միջոցառումները կկազմակերպվեն: Մեր բոլոր գործողությունները օրենքի շրջանակում են լինելու՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով փրկել հայրենիքը: Սա իշխանության կռիվ չի, սա աթոռակռիվ չի»,-նշեց նա:
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ շեշտեց. «Չենք ուզում, որ մի կաթիլ արյուն թափվի: Ոստիկանությունը մեր եղբայրն է, ընկերը, ոստիկան-քաղաքացի անջրպետը չպետք է խորանա»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստ պետք է հրավիրվեր՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով, եւ դրա համար անհրաժեշտ էր օրակարգը հաստատել ԱԺ խորհրդի նիստում, սակայն խորհրդի անդամ հանդիսացող «Իմ քայլի» պատգամավորների բացակայության պատճառով նիստը չեղավ:
Գեւորգ Պետրոսյանը հավելեց, որ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը», այնուամենայնիվ, խորհրդարանում սպասելու են իշխանական գործընկերների գալուն: «Ձեր դուխն ո՞ւր կորավ, ո՞ւր անհետացավ: Սպասում ենք: Գիշերն այստեղ ենք քնել»,-դիմեց նրանց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ