Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ, երբ վտանգը հասել էր Ստեփանակերտին, պատրաստվում էինք այրել մեր տները, դրա համար չեմ բացառում, կարող են լինել նման դեպքեր եւ կլինեն. Արցախի նախագահի խորհրդական. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 12,2020 07:30

Արցախում ապրել շարունակող մեր հայրենակիցների անվտանգության գրավականը շարունակելու են լինել մեր զինված ուժերը, ինչպես նաեւ ռուս խաղաղապահները։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը գթասրտություն է ցուցաբերելու․ «Ամեն դեպքում, Արցախում մնացողների անվտանգությունն այն խնդիրն է, որ պիտի ժամանակը ցույց տա, պատերազմը վերջանալու է, բայց պայքարը շարունակվելու է»։

Տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ Արցախի բնակիչները, դատարկելով իրենց տները, այրում են դրանք, որպեսզի թույլ չտան թշնամուն այնտեղ ապրել։ Բաբայանի խոսքով՝ ինքն առայժմ նման դեպքերի չի հանդիպել, սակայն չի բացառում, որ մարդիկ կդիմեն նման քայլի․ «Մենք էլ, երբ վտանգը հասել էր Ստեփանակերտին, պատրաստվում էինք այրել մեր տները, դրա համար չեմ բացառում, կարող են լինել նման դեպքեր եւ կլինեն»,- ասաց նա։

Ի տարբերություն Ստեփանակերտի՝ բերդաքաղաք Շուշիում, ցավոք, վերջին մի քանի օրվա դրությամբ՝ խաղաղ բնակիչներ այլեւս չկան։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ նրանք ժամանակին տարհանվել են, անվտանգ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ըստ Սարգսյանի՝ նրանց կեցության հարցը ՀՀ-ում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ է կազմակերպվել, բոլորն այժմ ապահով տեղերում են։

Սարգսյանը մտահոգություն հայտնեց հայկական այն հուշակոթողների եւ գերեզմանների համար, որոնք մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ․ «Նախկին պատերազմերը ցույց են տվել, որ նրանք մեր եկեղեցիները, սրբավայրերը, մեր գերեզմանները լրիվ ավիրել են, եւ այսօր էլ սպասվում է ավելի վատը, որովհետեւ հիմա ոչ միայն Ադրբեջանը, այլեւ տարբեր երկրների վարձկաններ են եկել, որ հնարավոր է՝ ամեն ինչ անեն»։

Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ գերեզմանաքարեր անհատապես տեղափոխելու դեպք Շուշիում չի եղել, բայց նախօրեին իրեն է դիմել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի մայրը՝ ցանկություն հայտնելով որդու դին Շուշիից հանել․ «Բայց հնարավորություն չկար, ես իրեն խորհուրդ էլ չեմ տվել, առայժմ չենք ուզում այդ մասին մտածել, մեր մտքերում հույսը դեռ չի մարել»,-ասաց նա։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30