Երկրում քաղաքական մշակույթը մանկամտության մակարդակի վրա է․ մինչ Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը և մեր էթնոսին, մեր «քաղաքական գուրուները» աթոռակռիվ են տալիս։
Ստեղծված իրավիճակում միակ ելքը կլիներ այնպիսի քաղաքական ուժի կողմից իշխանության ստանձնումը, որը կկարողանար համախմբել բևեռացված ու բարոյալքված հասարակությանը և Հայաստանը կպատրաստեր մոտալուտ գոյապայքարին։
Ցավով արձանագրենք, որ այդպիսի ուժ չկա․ «Իմ Քայլը» չի կարող համախմբող ուժ ունենալ, քանզի խայտառակ փաստի առաջ է կանգնեցրել երկրին, նախկինները ընդհանրապես չպետք է երևան քաղաքական դաշտում, որովհետև նպաստել են վերոնշյալ խայտառակությանը՝ համակարգված թալանով և քաղաքական մշակույթի ոչնչացմամբ, ինչը, սակայն, չի արդարացնում և ազատում «Իմ Քայլին» պատասխանատվությունից։
Նոր ուժ էլ, ցավոք, դեռ չկա։
Կարդացեք նաև
Ուստի տվյալ իրավիճակում առաջարկում եմ իշխանությունը հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ՝
1․ Ա․ Սարգսյանը հասարակության որևէ խավի կողմից կարծես ատելության չի արժանացել, ինչը կարող է օգնել Սարգսյանին՝ համախմբելու հասարակությանը;
2․ Ա․ Սարգսյանը ունի դիվանագիտական ունակություններ և կապեր, ուստի կարող է օգտագործել դրանք ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենից գոնե քաղաքական օգնություն ստանալու և խայտառակ փաստաթուղթը փոքրիշատե վերաձևելու, Վ․ Պուտինի հետ այդ վերաձևումը բացեիբաց քննարկելու ուղղությամբ։ Ի տարբերություն, Նիկոլ Փաշինյանը, ցավոք, չունի որևէ քաղաքական և դիվանագիտական կապիտալ՝ նման մակարդակի քննարկումներ անցկացնելու համար;
3․ Ա․ Սարգսյանը ո՛չ ներկա և պարտության պատասխանատու իշխանության հետ իրականում կարող է ասոցացվել (ըստ իրեն՝ նույնիսկ տեղյակ չի եղել այդ փաստաթղթից), ո՛չ էլ նախկին թալանչիականների, ուստի նա կարող է ընդունվել նոր ուժ՝ թեպետ անհատի տեսքով։
Իմ կարծիքով առաջարկս երկիրը քաղաքական հետագա բևեռացումից ու քաղաքացիական պատերազմից փրկելու միակ ընդունելի տարբերակն է, ուստի լավ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը՝ ներկաներն ու նախկինները, սևերն ու սպիտակները, պատրիկներն ու պլեբեյները, ունիթորներն ու հակաունիթորները, վիգերն ու թորիները համաձայնության գան և արագ ու անցնցում իշխանությունը հանձնեն նախագահին՝ կա՛մ նրան ԱԺ–ում վարչապետ ընտրելով, կա՛մ այլ իրավական մեխանիզմով, քանզի ժամանակը քիչ է, իսկ մեր գլխին կանգնած վտանգը՝ մոտալուտ։
Այսքանը։ Խաղաղություն և սթափություն բոլորիս:
Վահրամ ԱՅՎԱԶՅԱՆ
Վահրամ Այվազյանը միջազգայնագետ է և ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակիցն է Քլայմիթ Ռիալիթի (Climate Reality) ծրագրում ու նորարարական (startup) գաղափարների հեղինակ է։