Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում իշխանավոր բարեկամներիս

Նոյեմբեր 12,2020 10:00

Պատերազմի ժամանակ պետք է անել այն, ինչ հրամայում է գերագույն հրամանատարը՝ ով էլ լինի, եւ ավել-պակաս չխոսել, առավել եւս՝ հրաժարականներ պահանջել: Երբ նոր պատերազմ սկսվի (իսկ դրանում ես չեմ կասկածում), էլի նույնն եմ ասելու՝ դարձյալ անկախ առաջին դեմքի անձից: Բայց այս մի պատերազմն ավարտվել է՝ ցավոք, անպատվաբեր կապիտուլյացիայով: Եվ հիմա ես ուզում եմ դիմել իշխանավորներին, որոնց դեմ, իհարկե, անձնապես ոչինչ չունեմ եւ, հակառակը, բարեկամաբար եմ տրամադրված, թեկուզ այն պատճառով, որ նրանց մի մասը դուրս է եկել իմ՝ լրագրողական միջավայրից:

Հարգելի՛ իշխանավորներ՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ: Ես հասկանում եմ, որ իշխանությունը քաղցր բան է: Ձեր մեծ մասին փողը չի հետաքրքրում, եւ դրանով դուք տարբերվում եք նախորդներից: Շատ ապրեք: Ձեզ հետաքրքրում է բուն իշխանությունը՝ կարեւորված զգալը, մարդկանց վերեւից նայելը, կաբինետները, հրամայելը, իշխելը, «գյադեք ես կողմ, գյադեք էն կողմ» անելը եւ այլն: Դեմ չէի լինի, եթե հանդարտ իրավիճակում դուք շարունակեիք վայելել այդ «անմեղ» (նախորդների կոռուպցիայի հետ համեմատ) հաճույքները: Բայց հասկացեք, սիրելիներս, որ այդ ամենը բոլոր դեպքերում շուտով վերջանալու է: Հարցն այն է, թե ԻՆՉՊԵՍ է վերջանալու:

Կա, ըստ էության, երկու տարբերակ:

1/ Դուք մնացած՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ խնդիրը պահում եք քաղաքական, սահմանադրական շրջանակներում, քննարկում եք վարչապետի հրաժարականը, խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ ընտրությունները, որոնց, բնականաբար, «Իմ քայլը» նույնպես կարող է մասնակցել:

2/ Մի քիչ էլ եք երկարաձգում ձեր իշխանությունը՝ արդարանում եք, պարտության համար մեղադրում եք բոլորին՝ Ծառուկյանից սկսած Աշոտյանի վարորդով վերջացրած, սպառնում եք «նախկինների» վերադարձով (հավանաբար, ենթադրելով, որ մեր ժողովուրդը մազոխիստ է եւ նրանց ձայն կտա): Այդ ընթացքում Արցախից Հայաստան են գալիս հազարավոր գաղթականներ՝ հայրենիք, հարազատներ եւ ունեցվածք կորցրած, եւ… ձեր հանդեպ ցասումով լցված: Գալիս են նաեւ պատերազմի մասնակիցները, շատերը՝ զինված: Այդ դեպքում նույնպես դուք կզրկվեք իշխանությունից, եւ բռնաճնշումները, քարոզչությունը, «լայվերը», ֆեյքերը, ֆան-ակումբը ձեզ ոչնչով չեն օգնի: Ընդդիմադիր քաղաքական գործիչները նույնիսկ ոչինչ չեն կարողանա անել: Այդ՝ երկրորդ տարբերակը չափազանց վտանգավոր է, որովհետեւ կարող է բերել քաոսի, անիշխանության, գուցեեւ քաղաքացիական պատերազմի:

Ընտրությունը ձերն է:  Ձեր մեջ բազմաթիվ խելացի մարդիկ կան, եւ հենց դո՛ւք՝ խելացիներդ, պետք է բացատրեք նրանց, ովքեր կարծում են, թե կարճ ժամանակ անց ամեն ինչ կվերադառնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եղած վիճակին, որ իրենք սխալվում են:

Հիշեցման կարգով ասեմ, որ 95-96 թվականներին ժողովրդի մեծամասնությունը ցասումով էր լցված պատմական հաղթանակ ապահոված Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Դրա համար էլ, իհարկե, պատճառներ կային:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կռիվը դեռ չի պրծել, հիմա պետք է միավորվենք ու մեր միջից՝ սփյուռքը ներառյալ, հայտնաբերենք լավագույներից լավագույներին ու ստիպողաբար (որովհետեւ ՝՝քաղաքականությունը կեղտոտ գործ է՝՝) բերենք իշխանության, լավագույն մասնագետներին կարող են ընտրել միայն մասնագետները, ոչ մի ավելորդ ժողովրդավարություն, պետք է լինի մասնագետների վարություն՝ ընդ որում, ընտրող մասնագետը ու ընտրվող մասնագետը պետք է իրար ճանաչեն ամենաքիչը, ընտրողն իր ձայնն է տալիս իր ընտրվողին, որը միաժամանակ նաեւ ընտրիչ է, որն էլ իր հավաքած ձայները տալիս է մի մակարդակ բարձր ընտրիչի եւ այդպես ըստ ձայների քանակների ձեւավորվում է մասնագիտական իշխանական բուրգը: Իսկ ժողովուրդը զինվորի նման պետք է ենթարկվի մասնագիտական իշխանության հրամաններին: Սուրբ տեղը դատարկ չի մնում, եթե մեր լավագույն մասնագետները հրաժարվեն իշխանությունից, նրանց տեղը արագ կզբաղեցնեն այլ ազգերի հատուկ ծառայությունների մանկլավիկները: Մեզ պետք է հայ փող, որը շրջանառվում է միայն հայության մեջ՝ սփյուռքը ներառյալ, որի արտադրությունը միմիայն հայերի ձեռքում է, հայ հատուկ ծառայություններ՝ սփյուռքը ներառյալ (էլ չգրեմ, սփյուռքը միշտ էլ ներառյալ է), հայ բանակ, հայ տնտեսություն, որտեղ շրջանառվում է միայն հայ փողը, իսկ դրսից բերում ենք այնքան դրսի փող, ինչքան արտահանում ենք դուրս: Մենք այնքան արդյունավետ ազգ պետք է դառնանք, որ ցանկացած մարտահրավեր հաճույքով ու հաղթանակով պետք է պսակենք:

  2. Ruben says:

    1918-ին տրոցկիստ-գլոբալիստ-դաշնակցականները չվերականգնեցին հայկական պետականությունը:
    1991-ին դիլետանտ-լիբերալ-գլոբալիստները չվերականգնեցին հայկական պետականությունը:
    Սրանցից ոչ մեկը չի դարձել հայկական պետականության իրավահաջորդը:
    «Օղակ» գործողությունը 30 տարի անց կրկնվեց «կուզիկ» բարձրախոսի շնորհիվ:
    Զանգվածներն արժանի են իրենց ընտրյալին:
    Ցավում եմ հայրենիքի համար զոհված ու տանջված հայազգի մարդկանց համար:
    «Ոչխարները կերան մարդկանց»
    Թոմաս Մոր, «Ուտոպիա», XVI դար:

  3. Քաղաքացի says:

    Բազմաթիվ տեղեկությունները և վերլուծությունները իմի բերելով, հասկացա հետևյալը՝
    1.Հանրությունը ոչինչ չգիտի, թե ինչ է իրականում կատարվել և կատարվում, սա մի խաղ է, որի քայլերը հաշվարկված են և Շուշիի “հանձնումը” քայլերից մեկն է: Այսօր վստահելի լրատվամիջոցներից մեկում հայտնվեց Գրիգորի Խաչատուրովի հայտարարությունը առ այն, որ նա Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ դիմել էր ռազմական Գլխավոր Շտաբին լուծել հարավային հատվածի վերականգնման խնդիրը, սակայն նրա առաջարկը անտեսվել էր: Ում կողմից և ինչու հայտնի չէ: Շուշին անհրաժեշտ էր “հանձնել”: Բազմաթիվ կծկտուր և տրամաբանությունից դուրս մեզ հասնող տեղեկությունները հաստատում են այդ իրողությունը:
    2. Այս Հայտարարության ստորագրումը ևս քայլ էր:
    3. Ոչինչ դեռ որոշված չէ, ամեն ինչ դեռ արջևում է, պայքարը դեռ նոր է սկսվում:
    4. Ամենակարևորը երկու հանրապետություններում իրականացնել լուրջ ՔԱՂԱՔԱԿԱՆ բարեփոխումներ, որոնք չեն անպայմանորեն ենթադրում իշխանական փոփոխություններ, բոլորովին չբացառելով իշխանության մասնակի հատվածի փոփոխությունը, նպատակահարմարությունից ելնելով:
    5. Փաշինյանը շատ բաների է տիրապետում, ինչի մասին, բնականաբար, չի կարող արտահայտվել:
    6. Հաջորդ պատերազմը անխուսափելի է: Մենք ազգովի պետք է պատրաստ լինենք: Այս պահին օգտվենք զինադադարից, վերականգնենք և վերազինենք բանակը, ռազմական ինքնագործունեությամբ չզբաղվենք:
    Ներքին քաղաքական կյանքի ընթացքը, անկախ նրանից, ով ինչ է ուզում, կամ ինչ է մտածում, մնում է, բնականաբար, ներկայիս կառավարության լիազորության և պատասխանության ներքո: Անհրաժեշտ է այն կայունացնել, ինչը բոլորովին չի ենթադրում շարունակել հետագա թավիշը: Իրավիճակներ կան, երբ անհրաժեշտ են կոշտ լուծումներ: Փաշինյանը բոլոր վրիպումներով հանդերձ, ազնիվ հայրենասեր է, իսկ դա շատ մեծ արժանիք է, ուստի պետք է հավատանք և յուրաքանչուրս անենք ամեն ինչ հետ բերելու “Կարսը”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30