«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, եղել եմ Արցախում իմ հոգու կանչով, որպես կամավոր զինվորական եղել եմ բանակի հրամանատարության կողքին, իմ առաջարկներով փորձել եմ լրացնել այն որոշումները, որոնք կայացրել են իրենք: Այնուհետեւ հոկտեմբերի մեկից հետո եղել եմ Արցախի հանրապետության նախագահի մոտ եւ օգնել եմ Արցախի նախագահին ռազմական դրության եւ պետության պատերազմական ժամանակահատվածի անցման միջոցառումների իրականացման հարցում՝ հատկապես ուշադրություն դարձնելով օրինակ պարետային ծառայության ճիշտ կազմակերպմանը, մոբիլիզացիոն ռեսուրսի ու աշխարհազորի ձեւավորման աշխատանքներին եւ խորքում ինժեներական աշխատանքներ կատարելու գործում: Իմ նախաձեռնությամբ՝ եղել եմ տարբեր ճակատներում, օգնել հրամանատարներին իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվելու ու ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Այդ ժամանակահատվածում որեւէ հրամանատարական գործառույթ կամ որոշումների ընդունման վերջնական փուլում դրանց վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել…համապատասխան աջակցություն ցուցաբերել եմ նաեւ Շուշիում ու Շուշիի մերձակայքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում:
Շուշիից վերջին դուրս եկողների մեջ եմ եղել, 8-10 ժամ գտնվել ենք շրջափակման ու հայկական կողմից մեկուսացման մեջ, մինչեւ վերջին պահը մնացել եմ, որ իմ մոտ գտնվող զինվորները, սպաները դուրս գան եւ իրենց հետ ենք դուրս եկել: Շուշիում մարտական գործողությունների ընթացքում չեմ նկատել եւ երբեւիցե չեմ հավատում, որ Շուշին վաճառվել է: Արցախի ՊԲ-ն մարտնչել է Շուշիի պաշտպանության համար մինչեւ վերջին հնարավորությունը, մինչեւ վերջին փամփուշտը, անձնազոհաբար կռվել են: Այնուհետեւ նոյեմբերի 6-ի առավոտյան դուրս գալուց հետո Շուշիի հրամանատարությունը նորից հակագրոհներ է կազմակերպել: Ես նահանջի հրաման չեմ լսել, հրամանատարական կետն է տեղափոխվել, ինչից հետո հակագրոհներ են եղել, որքան գիտեմ այսօր հրադադարից հետո Շուշիում դեռ կան որոշակի հայկական խմբավորումներ, որոնք ծայրամասում են գտնվում ու վտանգի մեջ չեն»,- Aravot.am-ին ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Մեր հարցին, թե Կոմանդոսի հաշվարկներով Շուշին հնարավոր էր պահպանել, ինչը թույլ չտվեց դա անել պարոն Օհանյանը շարունակեց. «Թե ինչպիսի սխալներ են եղել, այնտեղ գտնվելով՝ իմ վերլուծություններն ունեմ, եթե ՊՆ ղեկավարությունը ցանկանա իրենց կհայտնեմ, դրանց մեջ բավականին մեծ գաղտնիություն կա, որն այս պահին չեմ ցանկանում հրապարակել… 90-ականների եւ ներկա իրավիճակի տարբերությունը կայանում էր ուժերի հավասարակշռության մեծ խախտման մեջ. ե՛ւ սպառազինության, կրակային խոցման, օդում գերակայության եւ քանակական առումով: Շուշին եւ Շուշիի մատույցները լեռնանատառային պայմաններ են, իսկ լեռնանատառային պայմաններում քանակության առումով մխրճվել եւ անցնել այդ անտառների միջով ու հայտնվել թիկունքում շատ հեշտ է, դրանից էլ օգտվելով՝ կարողացան Շուշիի թիկունք ներթափանցել, անհնար էր ամեն մի մետրի վրա պաշտպանող ստորաբաժանում ունենալ»:
Պարոն Օհանյանը համամիտ չէ, որ եռակողմ հայտարարությունը պետական դավաճանություն էր. «Այդ հարցերը պետք է տան պետության դե յուրե ղեկավարությանը, նրանք պետք է դուրս գան ու ժողովրդին բացատրեն, այն որ մեզ համար շատ վատ փաստաթուղթ է միանշանակ է, այն որ այս իրավիճակում ճիշտ ելքը պատերազմը կանգնեցնելն էր, դա էլ է ճիշտ: Այդ փաստաթղթի պատասխանատվությունը պետք է կրի երկրի ղեկավարությունը: Չեմ ուզում հավատալ, որ դա դավաճանություն էր, կարծում եմ՝ ճարահատյալ որոշում էր, բայց, ցավոք սրտի, պարտություն է, որի պատասխանատվությունը ոչ թե բանակը, այլ պետության ղեկավարությունը պետք է կրի»:
Կարդացեք նաև
Պարոն Օհանյանի կարծիքով, այդ փաստաթղթից հնարավոր էր խուսափել, եթե սեպտեմբերի 30-ից ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ճիշտ վերլուծություններ արվեին ու ուժերի ճիշտ վերաբաշխում իրականացվեր:
Մեր հարցին՝ համամի՞տ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե ստեղծված իրավիճակի համար մեղավոր են վերջին տասնամյակներին պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնյաները, պարոն Օհանյանը պատասխանեց. «Ես եղել եմ տեղում ու բարձր եմ գնահատում Արայիկ Հարությունյանի ջանքերը, երբ հատկապես տարբեր ճակատներում ճեղքվածքներ են եղել, ինքը փորձել է լրացնել, բանակի համար թիկունք ձեւավորել: Այն որ այս ամենը տեղի է ունեցել, մեղավոր ենք բոլորս, բայց առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրի այսօրվա պետական կառավարման համակարգը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ