Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տանել չեմ կարողանում վերջ բառը»

Նոյեմբեր 12,2020 13:30

Հարցազրույց ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, թույլ տվեք զրույցը սկսել դիտարկմամբ՝ պարտադրված պատերազմ եւ, փաստորեն, պարտադրված պատերազմի պարտադրված ավարտ: 2016 թ. քառօրյա պատերազմում ունեցանք շուրջ 170 զոհ, 44 օր տեւած այս պատերազմում զոհերի թիվը 1302 է: 1998-ից սկսած, մեր սահմաններում թշնամու դիպուկահարների գործունեության արդյունքում տասնյակ զոհեր ենք ունեցել՝ ժամկետային, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողներ…

– Դժվարանում եմ ասել, բայց միշտ չէ, որ պատերազմն ավարտվում է համապատասխան պայմանագիր կնքելով եւ միշտ չէ, որ պատերազմն ավարտվում է միայն զենք չօգտագործելով: Պատահում է, երբ պատերազմը շարունակվում է դիվանագիտական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում: Միակ տարբերությունն այդ պատերազմների այն է, որ դրանք մարդկային զոհեր չեն տանում, բայց այդուհանդերձ, պահանջում են միասնականություն, ամուր պետական համակարգ եւ պարզ դրված խնդրի լուծում: Հաճախ էլ այդ պատերազմներում հաջողությունները ավելի մեծ եւ նշանակալի դեր են խաղում, քան ռազմական գործողությունները:
Մի բան էլ. ես տանել չեմ կարողանում վերջ բառը: Վերջ գոյություն չունի: Եվ մենք այսօր իրավունք չունենք մեր հազարամյա պատմության մեջ երբեւիցե դնել վերջակետ: Մենք եկել ենք դարերից ու շարունակելու ենք մեր ճանապարհը եւ միայն մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի այն:

– Քովիդյան մարտահրավերները դեռեւս չհաղթահարած՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան երկրորդ պլան մղեց վարակվելու վախը: Եթե մինչ այս պատերազմը մշակույթին հետեւում էինք առցանց եւ արդեն կամաց-կամաց դռներ էին բացում մեր թատրոնները, թանգարանները, համերգասրահները, ապա այս արհավիրքը բացառեց մշակութային եռուզեռը՝ թե առցանց, թե կենդանի…

– Տիկնիկային թատրոնը նաեւ պատերազմական օրերին զբաղված էր մարդասիրական օգնության տարբեր միջոցառումներով, փորձում էինք տեր կանգնել Արցախից մեր հանրապետություն տեղափոխված հաշմանդամ երեխաներին, որոնք միանշանակ կարիք ունեն հոգատարության: Զբաղված ենք մեր մասնագիտական գործունեությամբ՝ խաղում ենք, նույնիսկ նոր բեմադրություններ իրականացնում եւ առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով՝ երեխաներին չպետք է զրկել մանկությունից եւ կյանքը չպետք է կանգ առնի: Մեզ ավելի շատ խանգարում է ոչ այդքան պատերազմական վիճակն, այլ համավարակը, որն, ըստ էության, եւս պատերազմ է:

– Պարոն Բաբայան, գիտենք. որ Ձեր ղեկավարած տիկնիկային թատրոնը պատերազմի օրերին չի էլ փակվել…

– Այո, մեր թատրոնը չփակվեց եւ շարունակում ենք խաղալ ներկայացումներ՝ պահպանելով համավարակի բոլոր կանոնները: Ընդ որում, Արցախից ժամանած երեխաների համար, բնականաբար, անվճար:

– Իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում այն թատրոններին, որոնց նույնիսկ բեմն այս օրերին վերածվեց իսկական արտադրամասի՝ հիմնականում, քողարկող ցանցեր հյուսելու, օրերս էլ սկսել էին տաք գուլպաների եւ գլխարկների «արտադրությունը»: Կարելի է մտածել Երեւանում կամ հանրապետությունում չկային համապատասխան տնտեսական տարածքներ: Մինչդեռ, մենք այն ժողովուրդն ենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ կոնկրետ 1943 թ. Երեւանում, հիմնվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը…

– 1992-ին էլ արցախյան պատերազմի տարիներին հիմնվեց Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը: Գիտեք, ռազմաճակատի ու զինվորների համար բոլոր գործերով էլ անհրաժեշտ է, որ զբաղվի արտիստը, բայց առաջին հերթին մասնագիտական: Չմոռանանք, որ թշնամին ունի ներքին կյանքդ կանգնեցնելու խնդիր եւ, եթե մենք չենք շարունակում մասնագիտական գործունեությունը, դրանով իսկ օգնում ենք հենց թշնամուն՝ իրագործելու իր առջեւ դրված խնդիրը: Եթե չենք խաղում ներկայացումներ, դա հենց այն է, ինչ որ թշնամին է ուզում եւ, այդպիսով, մեր կյանքը, փաստորեն, կանգ է առնում:

– Ցանկացած քաղաքակրթության հիմքում առաջնահերթ մշակութային ինքնությունն է, ինչով էլ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է այլ քաղաքակրթությունները:

– Միանշանակ այդպես է: Վերջիվերջո ազգային ինքնությունն, ինչի մասին մենք հաճախակի խոսում ենք, որոշվում է մշակույթով: Մշակույթ չունեցող ազգերը պարզապես ձուլվում են, եթե այն չի զարգանում, այլ դառնում է զուտ թանգարանային առարկա եւ չի արտացոլում ազգի դեմքը:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30