Մարդու, բնության եւ առարկաների գեղարվեստական պատկերների ստեղծման գործընթացը նույնքան հետաքրքիր է, ինչքան որ դրա արդյունքը:
Գույների բազմության մեջ գեղանկարչի ձեռքը միայն ու միայն իրական պատկերների վրա է հիմնվում, միտքը՝ աստվածային արվեստի ամբողջության:
Էրիկ Դավթյանն արդեն հինգ տարի է, որ ընկերացել է Վերածննդի շրջանում մեծ վերելք ապրած գեղանկարչության հետ:
Բնությունը նրա երկրորդ ընկերն է: Նկարում է այն՝ ինչ կա բնության մեջ:
Կարդացեք նաև
Սեր, նվիրում, կարոտ, սպասում. ամեն ինչ կա իր նկարների մեջ: Իսկ ամենակարեւորն էլ այն է, որ հայրենի բնությունն անմահ է պահում՝ նկարների միջոցով հաղորդելով այն էներգիան ու դրական լիցքերը, որն իրականում էլ կա: Յուրահատուկ մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր աշխատանքի նկատմամբ՝ վրձինը միշտ բարձր է պահում, որովհետեւ Հայրենիք է նկարում:
Բացի բնապատկերներից, նաեւ առանձնակի հետաքրքրության են արժանացել դիմանկարներն ու կենդանիների նկարները, որոնք այսօր էլ ուշադրության կենտրոնում են:
Գեղանկարչի խոսքով՝ ապրելու համար կյանքում չպետք է գույների պակաս լինի, որովհետեւ ինչքան քչանում են գույները, այնքան կյանքը սեղմվում է:
Ամենատարբեր զգացողություններով է ստանում վերջնական պատկերը: Աշխատում է, որ լավատեսական տրամադրությունն ավելի շատ լինի նկարների մեջ:
Ճանապարհների, եկեղեցիների ու հին տների պատկերները թարմության շունչ են հաղորդում եւ դիտորդին զարմացնում իրենց նրբագեղությամբ:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2020