Սեդրակ Մամուլյանը կարծում է, որ ազգային խոհանոցը միայն քաղցը հագեցնելու միջոց չէ, այն նաեւ մեր մշակույթի անքակտելի մասն է
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ, «Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի» ղեկավար Սեդրակ Մամուլյանը հետաքրքիր դիտարկումներ արեց «Առավոտի» հետ զրույցում:
«Ելնելով այն հանգամանքից, որ մեր կազմակերպությունը 15 տարի է՝ ուսումնասիրում է մեր ազգային խոհանոցը եւ մարզային՝ տարածաշրջանային խոհանոցը, կարող ենք ասել, որ ունենք պատկերը բոլոր 10 մարզերի, ինչպես նաեւ Արցախ աշխարհի խոհանոցի։ Կարող եմ ասել, որ բոլոր մարզերի խոհանոցները տարբերվում են։ Ազգային խոհանոցը հստակ արտացոլանքն է բնակլիմայական պայմանների, դրանք բարբառների նման իրարից տարբերվում են։ Ինչ վերաբերվում է Արցախի խոհանոցին, այն եւս մեր բոլոր մարզային խոհանոցների հետ վերականգնել ենք եւ կարող ենք փաստել, որ առկա է շուրջ 60 կերակրատեսակ»,-նշում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, իրականում կերակրատեսակները շատ ավելին են, սակայն իրենք առանձնացրել են՝ թողնելով չկրկնվողները։
Խոսելով արցախյան խոհանոցի ամենաճանաչված կերակրատեսակներից՝ մեր զրուցակիցը նշեց հավի փոր ուտեստը, որը բրնձով լցոնած հավի փորն է։ «Առհասարակ կերակրում օգտագործվող մթերքները ցույց են տալիս մեր խոհանոցի բովանդակությունը։ Ինձ ամբողջությամբ հոգեհարազատ է հայկական ազգային խոհանոցը, որքան ուսումնասիրում ես, նոր առանձնահատկություններ ես հայտնաբերում, այն բազմազան է եւ յուրահատուկ»։
Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա սկսնակ խոհարարներին եւ ո՞ր հատկանիշներն են կարեւոր լավ խոհարար լինելու համար, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Սկսնակ խոհարարներին, ինչպես եւ իմ ստուդիայի սաներին պետք է ասեմ, որ լավ խոհարար դառնալու համար նախ պետք է աշխատել սեփական անձնային որակների վրա, այսինքն անհնար է խոհարար դառնալ առանց ազնվության, ճշտապահության, մաքրասիրության եւ հայրենասիրության։ Խոհարարն այն մշակութային ներկայացուցիչն է, որը պատասխանատու է մեր հասարակության առողջության, մտածելու եւ պատերազմելու ունակության, ընդհանրապես մեր կերպարի համար եւ, եթե սա հաշվի չառնենք, ապա դատապարտված ենք անհաջողության»:
Կարդացեք նաև
Պարոն Մամուլյանի ձեւակերպմամբ, չենք կարող մեզ անվանել հայրենասեր, բայց գովազդել եւ ուտել շաուրմա, պիցցա, խինկալի. «Պետք է հասկանաք, որ իրավունք չունենք ազգային խոհանոցը տարանջատելու մեր մշակութային ժառանգությունից: Նաեւ դա է մեր դիմագիծը: …Ազգային խոհանոցը միայն քաղցը հագեցնելու միջոց չէ, դա մեր մշակույթի անքակտելի մի մասն է: Ազգային խոհանոցը նաեւ իրավունք ունի առկա լինելու հանրակրթական ծրագրում, ինչպես երգը, պարը, շախմատը եւ այլ առարկաները»:
Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիայի դասընթացներին, ասաց, որ տարիքային սահմանափակում չկա, լավագույններին էլ երբեմն աշխատանքի են տեղավորում: Նշեց նաեւ, որ ստուդիայի ուսանողները ծրագրային դասընթացը ավարտելուց հետո պատրաստում են խմորեղեն եւ ուղարկում առաջնագիծ եւ ապաստարաններ. «Մինչեւ այժմ չէի բարձրաձայնել այս մասին, բայց այսպես ուզում ենք ուսանողներին հնարավորություն տալ զգալ, որ այս դժվար ժամանակներում նրանց աշխատանքը նույնպես կարեւոր է թիկունքը ամրացնելու եւ ռազմաճակատը պինդ պահելու համար։ Ցավալի է, բայց պատերազմը բնավորություն ու վերաբերմունք փոխեց։ Շատ ցավալի է, բայց պատերազմը առիթ դարձավ թեւ ու թիկունք լինելու»։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2020