Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ 12-13 տարեկան տղաներն էին տանկ վարում

Նոյեմբեր 12,2020 14:30

Հատված Հրանտ Աբրահամյանի «ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ» գրքից

Եկավ 1993 թվականը, պայքարի վեցերորդ տարին:

ԼՂՀ ԳԽ նախագահությունը եւ ՊՊԿ-ն դեկտեմբերի 30-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, շեշտում են, որ ուժի դեմ կարելի է կանգնել միայն ուժով եւ որ այսօր յուրաքանչյուր հայի պարտքն է Լեռնային Ղարաբաղը վերածել անառիկ ամրոցի, արցախցիները պետք է ոչ միայն հերոսաբար հաղթահարեն թշնամու կողմից ստեղծված բոլոր դժվարութունները, այլեւ տանեն ձմռան ծանրությունը եւ կյանքը դարձնեն տանելի: Հույս է հայտնվում, որ 1993 թվականը Արցախի համար կհանդիսանա բեկման տարի:

-1993 թվականի Ամանորը համեմատաբար խաղաղ սկիզբ ունեցավ`առանց ռմբակոծությունների ու մարտերի: Համոզված էինք, որ այդ համեմատական անդորրը երկար չի շարունակվի: Ոմանք դա բացատրում էին նրանով, որ կողմերից յուրաքանչյուրը զբաղվում էր ուժերի վերախմբավորումով, համալրումներով, հետագա ռազմական գործողությունների ծրագրերի մշակումով եւ այլ անհրաժեշտ հարցերով:
Չենք կարող չհամաձայնվել Համլետի այդ մեկնաբանության հետ:

Իրոք, Ադրբեջանը ծրագրել էր 1993 թ. պետական բյուջեի գրեթե կեսը հատկացնել ռազմական կարիքներին: Որոշումը չուշացավ:
Շուտով թշնամին սկսեց հեռահար հրանոթներով ռմբակոծել ԼՂՀ մի շարք բնակավայրեր:

Արդեն հունվարի 13 -14-ին Ադրբեջանը գործողության մեջ դրեց իր ռազմական տեխնիկայի գրեթե ամբողջ զինանոցը`գրոհային ինքնաթիռներ, ծանր տանկեր, ինքնագնաց հրանոթներ:

Մեկ տարի էր, ինչ կենաց ու մահու պատերազմ էր մղվում թշնամու դեմ:
Այո, ապրելու, գոյատեւելու համար պետք էր պատերազմել: Արցախահայությանը պատերազմ պարտադրեց թուրքը: Նրան անպատասխան թողնել` նշանակում էր կամավոր գնալ կառափնարան: Եւ արցախահայության պայքարի, դիմակայության հիմքը հանդիսացավ արիությունն ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությունը: Նույնիսկ 12-13 տարեկան տղաներն էին տանկ վարում եւ ռազմաճակատի առաջատար գծում կռվում հրացանը ձեռքին: Ճիշտ է, ԼՂՀ հյուսիսային գոտին կորուստ տվեց, որովհետեւ հակառակորդը շարունակում էր պահպանել զինական ու քաղաքական առավելությունը:

Բացի այդ, Հայաստանի իշխանությունները չօգտագործեցին բոլոր հնարավորությունները թշամուն դիմակայելու համար: Արցախը շարունակում է մնալ մեկուսացված ու չճանաչված, ձեւափոխման էր ենթարկվել Հայաստանի հետ վերամիավորման գաղափարը եւ իր տեղը զիջել անկախության գաղափարին: Իսկ Հռոմում էլ նստած ԵԱՀԿ-ի`Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի նախագահ Արիո Ռաֆայելին պլանավորում էր այցելել հակամարտության շրջան եւ խոստանում Ղարաբաղի բարդույթի լուծման նոր առաջարկներ: Մինչդեռ զոհվում էին մարդիկ, զոհվում էին պատգամավորներ, զոհվում կանայք ու երեխաներ:

Հունվարի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ավիառմբակոծության հետեւանքով զոհվեց Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի ներկայացուցիչ, ԼՂՀ ժողովրդական պատգամավոր Բորիս Բաբայանը: Փետրվարի կեսի դրությամբ զոհվել էին ԼՂՀ ժողովրդական վեց պատգամավորներ:

Նահանջի ճանապարհ չկար: Հետեւում արնաքամ լինող Արցախն էր: Որոշ տվյալներով Ղարաբաղի բանակում կային մինչեւ 15 տարեկան 150 զինվոր, 14 տարեկան տանկի հրամանատար, Մարտունու շրջանի Ամարասի ձորակում գտնվող Մաճկալաշենի մարտում միայն մեկ ժամվա ընթացքում ազատամարտիկները խփել էին 7 տանկ: Այդ նույն շրջանում, 1992-ի հունվարից մինչեւ 1993-ի հունվարի կեսերը խփվել էր թշնամու 57 տանկ:

Ահեղ մարտերը շարունակվում էին նաեւ Մարտակերտի շրջանում: Մարտակերտի շրջան ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիեւը եւ ներքին գործերի նախարար Համիդովը ցինիկաբար հայտարարում են, թե բոլոր հայերին կոչնչացնեն եւ մի քանի բեռնատար հայերի դիակներ կուղարկեն Բաքու՝ ցուցադրելու քաղաքի զբոսայգում: Մինչդեռ դրա փոխարեն կարող էին ռազմաճակատում ընկած իրենց զինվորների դիակները հավաքել եւ տեղափոխել այդ նույն Բաքու:

Հայ ազատամարտիկները փայլուն հաջողությունների հասան Մարտակերտի, Հադրութի եւ Մարտունու ռազմաճակատում, ազատագրելով տասնյակ բնակավայրեր եւ հակառակորդին պատճառելով ֆիզիկական եւ նյութական վնաս:

Արցախի իշխանությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունները չէին վերանում: ԼՂՀ ԳԽ նախագահության եւ ՊՊԿ-ի միջեւ քաղաքական հակամարտությունը փետրվարի տասնութին մտավ իր վերջին փուլը:

Ահա թե այդ հանգամանքը հետո ինչպես մեկնաբանեց Համլետը /խոսքը Համլետ Գրիգորյանի մասին է/:

-Նախագահության անդամներիս համար տարօրինակն այն էր, որ նիստին ներկա, ՊՊԿ-ին մոտ կանգնածները միահամուռ պնդում էին, առանց լսելու վերանայել հանրապետությունում կոմիտեի հաշվետվությունը, ռազմական դրության ժամկետի հարցը եւ այն հայտարարել մինչեւ պատերազմի վերջը: Այդ նիստում հնչեցին նաեւ հակասահմանադրական առաջարկություններ: Ինչ խոսք, Գերագույն Խորհրդի նախագահությունը մերժեց ընդունել որոշումներ, որոնք կարող էին հանգեցնել ուժի եւ բռնության հաստատմանը: Նախագահության անդամները հանգեցին այն մտքին, որ պետք է լսել ՊՊԿ-ի եւ ԳԽ նախագահության զեկուցումները եւ փոփոխություններ մտցնել ԳԽ կանոնակարգի մեջ: Որոշում ընդունվեց ԳԽ նախագահության նիստ հրավիրել առաջիկա ամիսներին:

«Առավոտ» օրաթերթ
11.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30