Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրված այս խաղաղությունը կարող է ցանել պատերազմի հաջորդ փուլի սերմերը. ICG

Նոյեմբեր 11,2020 23:43

Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ 6 շաբաթ տևած արյունալի ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը ստորագրել են Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Ի տարբերություն նախկին 3 մարդասիրական հրադադարների, որոնց բանակցությունները հաջողությամբ վարում էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, այս մեկը կարծես թե պահպանվում է: Դրա հաջողությունն արտահայտվում է մարտադաշտի իրականության մեջ. Ադրբեջանը ռազմական հաղթանակ է տանում, իսկ Հայաստանը կանգնել է կործանիչ պարտության առաջ: Բայց նվաստացումը չի կարող ամուր հիմք լինել կայուն խաղաղության համար: Կողմերը և արտաքին խաղացողները պետք է ապահովեն, որպեսզի հրադադարը պահպանվի. նրանք նաև պետք է քայլեր ձեռնարկեն՝ ապահովելու, որ նոր տարածաշրջանային կարգը բխի ներգրավված բոլոր կողմերի շահերից, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած հայտարարության մեջ:

Երևանը մեծ ընտրություն չուներ, քան համաձայնել այն պայմաններին, որով նա հանձնեց ամենը, ինչ ձեռք էր բերել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից հետո՝ 1980-ականների վերջերին Ադրբեջանից անջատվելու իր պայքարում: Այդ պատերազմն ավարտվեց 1994թ. հրադադարով և թողեց Ստեփանակերտում ձևավորված կառավարությամբ դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղ, որը մեծապես հենվում է Հայաստանի վրա: Երբ մարտերը դադարեցին, հայկական զինված ուժերը վերահսկում էին նաև Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանները: Դրանից հետո երկու կողմերն էլ պահպանել են լարված համագոյակցություն՝ շփման գծում, երբեմն նաև հայ-ադրբեջանական սահմանին պարբերական բախումներով և բռնկումներով:

Այդ փխրուն հավասարակշռությունը խախտվեց սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակմամբ սկսված նոր բախումներով: Մարտեր, որոնց ժամանակ զոհվեցին հազարավոր զինվորներ և հարյուրավոր քաղաքացիական անձինք երկու կողմերում և տեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասը էթնիկ հայեր էին, ադրբեջանական ուժերը վերագրվերցին հարակից տարածքների մեծ մասը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերը: Նոյեմբերի 9-ին նրանք հայտարարեցին Շուշիի հաղթանակի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքներից մեկն է և մշակութային ու պատմական նշանակության կենտրոն և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար:

Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված գործարքը վերջ դրեց մարտերին՝ թողնելով տարածաշրջանը հստակությունից ու կայունությունից զուրկ խաղաղության մեջ: Կողմերը համաձայնել են լիարժեք հրադադարի, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Համաձայնագրի մյուս դրույթները, որոնք այժմ իրականացվում են, ներառում են իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող տարածքներից հայկական զինված ուժերի փուլային դուրսբերում: Այդ տարածքները ներառում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ Լաչինը, Քելբաջարը և Աղդամը՝ երեք հարակից տարածքները, որոնք Հայաստանը դեռ վերահսկում է: Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է մոտ 200 ռուս զինված խաղաղապահ՝ բացառելով անկլավի այդ տարածքները ադրբեջանական վերահսկողությունից: Ստեփանակերտը Հայաստանին կկապի ռուս սահմանապահների կողմից վերահսկվող միջանցքը: Ռուս սահմանապահները նաև կվերահսկեն նոր տարանցիկ ճանապարհը Ադրբեջանի և իր անկլավի՝ Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով: Ռուսաստանի առաքելությունը ենթադրում է վերակնքում 5 տարուց հետո. առաքելությունը չի վերականգնվի, եթե կողմերից մեկը նախատեսվող երկարաձգումից 6 ամիս առաջ տեղեկացնի դրա մասին, ասվում է հայտարարության տեքստում:

Գործարքն ունի մի քանի ակնհայտ հաղթողներ. ադրբեջանցիները տոնում են. նրանց երկիրը վերագրավել է 30 տարի կորցրած տարածքների մեծ մասը, չի առաջարկել որևէ տեսակի ինքնավարություն Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես որ նախատեսվում էր նախկին խաղաղության բանակցություններում: Իրականում Բաքուն չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր. նա կնախընտրեր հստակ, ուղիղ վերահսկողություն ամբողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. այս իրավիճակում շրջանի կարգավիճակը մնում է քնած: Ավելին, ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ է դնում Բաքվի հպարտության կետերից մեկին՝ անկախությունից հետո իր հողում ռուս զինվորականների առկայության բացառմանը: Այնուամենայնիվ, ձեռբերումներն ավելի շատ, են քան ցանկացած ենթադրյալ կորուստ:

Մոսկվան էլ գոհ լինելու պատճառ ունի: Նա ոչ միայն ցույց տվեց, որ ինքը միակ կողմն է, որն ի վիճակի է խաղաղություն ապահովել, այլև այժմ հաստատել է երկարաժամկետ էական լծակներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա ՝ շրջանում տեսանելի ապագայում տեղակայելով իր ուժերը: Թուրքիան ոչ միայն գործարքը ստորագրող չէ, այլև հիշատակված չէ դրանում, բայց Անկարան նույնպես նպաստեց Ադրբեջանի հաղթանակին՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական աջակցություն ցուցաբերելով Բաքվին:

Հայաստանի համար համաձայնագիրը դառը դեղահաբ է կուլ տալու համար, որի արդյունքում երկրում խառնաշփոթի լուրջ վտանգ կա: Հայերի մեծ մասի համար դա հավասար է հանձնվելուն, թե՛ տարածքների տեսանկյունից, որոնք բնորոշվում են որպես բուն հայկական և առանցքային նշանակություն ունեն ազգի պատմության և մշակույթի համար, և՛ հպարտության տեսանկյունից՝ կապված երեք տասնամյակ առաջ կերտած հաղթանակի հետ: Հրադադարի մասին համաձայնագրի հայտարարումից հետո առաջին ժամերին հազարավոր մարդիկ դուրս են եկել Երևանի փողոցներ: Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծի են ենթարկել Հայաստանի խորհրդարանի խոսնակին, որն այժմ հիվանդանոցում է՝ մեղադրելով նրան դավաճանության մաս լինելու մեջ: Զայրացած հայերը, այդ թվում` երկրի նախագահը, կասկածի տակ են դրել վարչապետի՝ առանց ավելի լայն խորհրդակցությունների համաձայնագիրը ստորագրելու իրավաբանական հիմքերը, իսկ ընդդիմության առաջնորդները պահանջում են, որ նա հրաժարական տա: Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Երևանի կառավարական շենքերում: Դժվար է տեսնել, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում մնալ իր պաշտոնում:

Երևանում տիրող իրավիճակից բացի՝ լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում մնացած հազարավոր էթնիկ հայերի անվտանգության հարցը: Մարտերի ավարտը նվազեցնում է որոշ ռիսկեր խաղաղ բնակչության համար, սակայն գործարքի ոչ մի դրույթ չի ապահովում էթնիկ հայերի անվտանգ տարհանումը, եթե նրանց ցանկանան լքել Լեռնային Ղարաբաղը կամ հարակից տարածքները: Չնայած Ստեփանակերտում ապրողները կարող են մեկնել Ռուսաստանի կողմից հսկվող միջանցքով, Լեռնային Ղարաբաղի մյուս մասերում կամ Լաչինի այն հատվածներում, որոնք չեն սահմանակցում միջանցքին, ինչպես նաև Քելբաջարում գտնվողները, կունենան անվտանգ անցնելու երաշխիքների կարիք, եթե որոշեն հեռանալ, և պաշտպանության կարիք, եթե որոշեն մնալ: Գործարքի համաձայն, Հայաստանը պետք է հանձնի հարակից տարածքներից երկուսի՝ Քելբաջարի և Լաչինի վերահսկողությունը՝ համապատասխանաբար մինչև նոյեմբերի 15-ը և դեկտեմբերի 1-ը:

Գործարքը նաև նախատեսում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնան Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի աջակցությամբ (չնայած հաղորդվում էր, որ այս բանակցությունների ընթացքում այս մարմնի հետ խորհրդակցություն չի եղել): Տեսականորեն այս դրույթը վերաբերում է ինչպես էթնիկ ադրբեջանցիներին, որոնք տեղահանվել են 1990-ականների սկզբին տեղի ունեցած մարտերից հետո, այնպես էլ վերջին ամիսներին տեղահանված էթնիկ հայերին: Բացի այդ, Հայաստանի և Ստեփանակերտի միջանցքի ստեղծումը կարծես ենթադրում է, որ ստորագրողները նախատեսում էին շարունակել էթնիկ հայերի ներկայությունը այդ քաղաքում: Բայց չնայած որ ռուս խաղաղապահները կլինեն Լեռնային Ղարաբաղում, անհասկանալի է, թե կոնկրետ ինչ դրույթներ են նախատեսվում մնալ կամ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի համար, մանավանդ որ նրանց և վերադարձող ադրբեջանցիների միջև կարող են առաջ գալ փոխադարձ գույքային պահանջներ:

Գործարքը, որը հայերը համարում են կապիտուլյացիա, հուսալի հիմք չի լինի ավելի կայուն խաղաղության համար: Չնայած նրանց համար դժվար կլինի դա ընդունել, բայց պետք է քայլեր ձեռնարկվեն հարվածը մեղմելու և ադրբեջանական կողմի գործողությունները կանխելու համար: Դա նշանակում է, մասնավորապես, ապահովել, որպեսզի հայերը կարողանան անվտանգ վերադառնալ, հեռանալ կամ մնալ Լեռնային Ղարաբաղում: Պատասխանատվությունն այս հարցում նախ և առաջ Ռուսաստանի վրա է, որը պետք է և՛ ամրապնդի, և՛ հստակեցնի համաձայնագիրը: Եթե Լեռնային Ղարաբաղը, կամ դրա մի մասը դառնա դե ֆակտո Ռուսաստանի պրոտեկտորատ, ապա Մոսկվային մնում է բանակցել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ կենսունակ կառավարման և անվտանգության ծրագրի շուրջ:

Այս ջանքերը հետապնդելիս Ռուսաստանը պետք է փնտրի միջազգային ավելի լայն աջակցություն: Նա պետք է վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը վերահսկում էր վերջին երեք տասնամյակների խաղաղ բանակցությունները, որպեսզի առաջընթացի ուղի փնտրեն Լեռնային Ղարաբաղի համար: Նա կարող է նաև աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների հետ՝ հրադադարի ռեժիմը հաստատող բանաձև ընդունելու համար` կողմերին խնդրելով խուսափել վրեժխնդրությունից և պաշտպանել խաղաղ բնակիչներին, և կոչ անելով նրանց բանակցել պաշտոնական խաղաղության պայմանագրի շուրջ: ՄԱԿ-ը կամ, հնարավոր է, ԵԱՀԿ-ն, որը նախկինում ղեկավարում էր միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարող է նաև դիտարկել միջազգային քաղաքացիական առաքելություն տեղակայելու հնարավորություն, որը կմշտադիտարկի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը և ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձը:

Միջազգային դոնորները նույնպես դերակատարություն ունեն: Նրանք պետք է հանձնառություն ստանձնեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին ՝ հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերաբնակեցման և ավերված ենթակառուցվածքների վերակառուցման ծախսերում: Չնայած մինչ այժմ ունեցած վերապահումներին, Հայաստանը պետք է բաց լինի նման օգնության համար, որն արդեն առաջարկվում է մի քանի շաբաթ, և կարող է օգնել Լեռնային Ղարաբաղից փախած տասնյակ հազարավոր տեղահանվածներին: Ցուրտ եղանակի սկսվելուն և COVID-19- ի շարունակական արագ տարածմանը զուգահեռ նրանց կարիքները միայն կաճեն: Իրենց հերթին, Թուրքիան և Ադրբեջանը պետք է վերացնեն Հայաստանի շրջափակումը և վերսկսեն առևտուրը, ինչի մասին խոսվում է հրադադարի մասին համաձայնագրում:

Պարտադրված խաղաղությունը, որը դժգոհ է թողնում հայերի մի ամբողջ սերունդ, խաղաղության բաղադրատոմս չէ. ինչ-որ իմաստով դա կլինի սոսկ հայելային պատկերը այն իրականության, որով ապրում էին ադրբեջանցիները վերջին երեք տասնամյակների ընթացքում: Զուգորդված երկու կողմերից եկող ռազմական հանցագործությունների մեղադրանքների հետ, որոնք նույնպես ծագելու են առաջիկա տարիներին, դա կարող է ցանել հակամարտության հաջորդ փուլի սերմերը: Առնվազն, ավելի կայուն կարգավորման համար անհրաժեշտ կլինի գործարք, որի ընթացքում փախստականներն ու տեղահանվածները արդարացի վերաբերմունք կստանան, մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները և կստանան տնտեսական զարգացման օգուտներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30