ԱԺ արտահերթ նիստը, որն այսօր 20:00-ին էր նախանշված, տեղի չունեցավ, որովհետեւ «Իմ քայլի» պատգամավորները չէին ներկայացել: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ ստորագրություններն արտահերթ նիստի համար հավաքվել են: ԱԺ բակում, որտեղ հավաքված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական գործիչներն ու քաղաքացիները, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը կոչով դիմեց իշխանական պատգամավորներին.
«Հարգելի «Իմ քայլի» պատգամավորներ, դուք, որ ժողովրդի ընտրյալ եք ըստ օրենքի, եւ ինչպես հպարտորեն ասում եք դա, այսօր ձեզ ընձեռնված է հնարավորություն ապացուցելու, որ հանուն հայ ազգի իրավունքների՝ կատարելու եք կարեւոր քայլ, գալ ԱԺ եւ քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին: Այս քայլով դուք հայոց պատմության մեջ կմնաք որպես ազգընտիր պատգամավորներ, որոնք պաշտպանեցին ազգի պատիվը: Մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը: Պատրաստ ենք այցելել ձեր տներ, օգնել, բերել ԱԺ՝ առանց որեւէ բռնության կամ նման փորձի: Մենք կարող ենք եւ ի վիճակի ենք դա անել»:
Նիստի առնչությամբ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նախ պարզաբանեց՝ արտահերթի օրակարգը պետք է նախ հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, եւ որպես ԱԺ փոխնախագահ՝ Լենա Նազարյանը խոստացել է գալ եւ մասնակցել նիստին. «Սպասում ենք: Ժամ չենք կարող ասել: 33 ստորագրություն հավաքվել է, բայց դա միայն արտահերթ նիստի կայացման համար է: Որպեսզի արտահերթում կայացվի որոշում, դրա համար 67 ձայն է պետք: Քսան քանի ձայն պակասում է»: Պետրոսյանը նաեւ նշեց. «Նիկոլ Փաշինյանը թքած ունի մարդկանց վրա, պաշտոնի համար պատրաստ է անցնել բոլորի վրայով»: ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն էլ ԱԺ խորհրդի անդամ հանդիսացող «Իմ քայլի» պատգամավորներին հորդորեց գալ ԱԺ, այլապես կհամարեն սաբոտաժ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ