Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց. «Այն, ինչ տեղի է ունեցել, չի եղել այդպիսի աղետ մեր երկրի պատմության մեջ: 1992-94-ին Արցախի 4400 քմ-ին գումարվել է 8200 քմ, Արցախի հանրապետությունը դարձել է 12600 քմ: Երեկ ստորագրվել է թուղթ, որ 10 հազար 100 քմ-ն տրվում է թուրքերին, մնացել է 2500: Նման ձեւի ձախողումը անընդունելի է: Այս հետքը երկու տարի առաջ երեւում էր, երբ հարձակվում էին կուսակցությունների, ռազմավարական դաշնակիցների, նախկին զինվորականների վրա»:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ այն տեղերում, որտեղ մերոնք կարող էին առաջ գնալ՝ չէին թողնում. «Շուշին գրավում էին, մենք հետ էինք գրավում, հետո մեզ ասում էին՝ հետ եկեք, որովհետեւ հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիեւն ուզում է 7 շրջանները, պլյուս Շուշին, պլյուս ինչ կհասցնի գրավի, պլյուս մի բան էլ Հայաստանից, Ղազախի շրջանից Բարխուդար գյուղ կար, նաեւ հարավում Գորիսից Կապան գնացող ճանապարհը, ըստ էության նախկինում կառուցված է եղել Ադրբեջանի տարածքների վրա: Սա անընդունելի բան է, արվում է նրա համար, որ ունենանք զրոյական պրոբլեմներ Ադրբեջանի, Թուրքիայի հետո ու հետո ինչ ուզում ենք՝ անենք… Եթե Փաշինյանը մնա իշխանության, ի՞նչ ենք անելու, վստա՞հ եք, որ վաղը Երեւանը չի տալու: Նա պիտի հեռանա օր առաջ, ժամ առաջ»:
Բագրատյանը նշեց, որ այն տարածքները, որը տվել են, չենք կարող այդտեղ գոյատեւել, ազգը չի կարող մի հատ փողոցի վրա «յոլա գնալ». «Զգալի չափով ամեն ինչ հետ ենք բերելու, ես վստահ եմ, ճնշող մեծամասնությամբ»:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ ժամանակ չունենք, 4 օր կա, որ կանգնեցնենք պայմանագրի կիրառումը, անվտանգության տարածքների հանձնումը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց., որ պատերազմի ընթացքում մենք գերագույն գլխավոր հրամանատար չենք ունեցել, ունեցել ենք գերագույն գլխավոր «խրտվիլակ», որ զինվորականներին ամեն կերպ խոչընդոտեց ու գուղապետերից էր ջոկատ կազմում. «Այս պատերազմում պարտվել ու հանձնվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, մենք չենք հանձնվում»:
Հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն ու պահանջեցին, որ ժամերի ընթացքում արտահերթ նիստ հրավիրել խորհրդարանում՝ սպառնալով,որ ժողովուրդը կգնա տները ու կբերի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ