Զինադադար Ղարաբաղում
Երեքշաբթի, 2020 թ․ նոյեմբերի 10-ին Բելգիայի հայերի կոմիտեն ի գիտություն ընդունեց Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կնքված եռակողմ համաձայնագիրը: Այս համաձայնագիրը, կարծես թե, նշանակում է արյունալի պատերազմի ավարտ Լեռնային Ղարաբաղում (Արցախ):
Գործարքը որպես հաղթանակ ողջունեց Ադրբեջանի նախագահը, որն իրեն հատուկ ամբարտավանությամբ հայտարարեց․ «մենք նրանց շների պես վռնդեցինք»: Այս խոսքերը, ինչպես և շատ այլ հայտարարություններ, արդեն ենթադրել են տալիս, թե ինչ վերաբերմունքի կարժանանան դեռևս այդ տարածքում բնակվող հայերը:
Ամենից առաջ, կոմիտեն հիշատակում է այս հակամարտության չափազանց շատ զոհերի, մասնավորապես, 1200 հայ երիտասարդների վառ հիշատակը, ովքեր ընկան Արցախի հայ բնակչությանը պաշտպանելիս:
Կարդացեք նաև
Մինչ կհստակեցվեն սույն պայմանագրի կիրառման պայմանները և Արցախի վերջնական կարգավիճակը, Կոմիտեն կոչ է անում Բելգիայի բոլոր հայերին մնալ միասնական և չտրվել սադրանքներին:
Երեկ ձեռք բերված համաձայնությունն անկասկած նշանակում է պատերազմի, բայց ոչ Արցախի ժողովրդի համար մեր պայքարի ավարտը։ Հայերն առաջին հերթին մարմնավորում են միասնությունն ու դիմադրությունը։ Կոմիտեն կոչ է անում Բելգիայում բնակվող բոլոր հայերին շարունակել համախմբված աջակցությունն Արցախի ժողովրդին, վերակառուցել ավերված շենքերը, որպեսզի արցախցի փախստականները կարողանան վերադառնալ տուն, եթե անվտանգության պայմանները մի օր դա թույլ կտան: Հիշեցնենք, որ Արցախի բնակչության մեծ մասն արդեն լքել էր տարածքը, թուրք-ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտները ռմբակոծելու հետևանքով։
Կոմիտեն նաև տարակուսանքով արձանագրել է բելգիական կառավարության և դաշնային խորհրդարանի լռությունը պատերազմի ողջ ընթացքում: Մասնավորապես արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսը և վարչապետ Ալեքսանդր դե Կռուն զերծ մնացին Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ ագրեսիայի, բազմաթիվ փաստագրված ռազմական հանցագործությունների, ադրբեջանական ուժերի մեջ ջիհադիստների ներկայության և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի` հայկական փոքր ժողովրդավարության դեմ այս ագրեսիայի մեջ խաղացող դերը դատապարտելուց: Եվրամիությունը նույնպես լռում է: Կոչ ենք անում մեր բելգիացի հայրենակիցներին փնտրել այս լռության պատճառները:
Բելգիայի կառավարությունը զերծ մնաց նաև, 100,000 ղարաբաղցի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելով, ցուցաբերել իր համերաշխությունն այս պատերազմի ընթացքում: Հաշվի առնելով վերակառուցման խնդրի մեծությունը, մենք կառավարությանը կոչ ենք անում վերջապես աջակցել Արցախի ժողովրդին, նրանց ենթակառուցվածքների և տնտեսության վերակառուցմանը, որին կլծվի նաև այս երկրի հայությունը։
Բելգիայի Հայերի կոմիտե