Բացի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, երեկ հարձակում է տեղի ունեցել նաեւ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի վրա։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ այս գիշեր կառավարության շենք ներխուժածները մտել են նաեւ իր իսկ աշխատասենյակ. «Գողացել են Ավետարանը՝ մտածելով, որ այն ոսկեզօծ է: Նաեւ գողացել են հուշանվերներ»:
Փոխվարչապետը հիշեցրեց, որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում գործադուլները, հավաքներն արգելված են, իսկ ներքաղաքական խժդժությունները դրական չեն ազդում ռազմական իրավիճակի վրա, որտեղ ամեն բան դեռ ավարտված չէ. «Այսօր մեր բոլոր ռազմական խնդիրները դեռեւս լուծված չեն, կան հարցեր։ Հայտարարությունը դեռ պետք է մանրամասն քննարկվի, եւ որոշակի հստակ լուծումներ տրվեն՝ արդեն ենթադրաբար համաձայնագրի տեսքով, բոլոր դետալներով։ Դիվանագետներն ամբողջ ներուժը պետք է դնեն դրա վրա, որպեսզի մենք այդ հարցը կարողանանք լուծել»:
Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ եթե հանրության մոտ առաջանա իշխանություններին վստահել-չվստահելու հարց, ապա որեւէ մեկը չի կառչի իր պաշտոնից: Պետրոս Ղազարյանի հարցին, թե ՝ «բնական չէ՞, որ կորուստներից հետո նոր ընտրությունների, իշխանափոխության հարց կարող է առաջանալ», Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը կտա ժողովուրդը: Եթե նման կարիք լինի, որեւէ քաղաքական թիմի անդամ չի կառչի աթոռից: Այսինքն, գնալու ենք նոր ընտրությունների, եթե նման պահանջ լինի ժողովրդի կողմից՝ ոչ այն կուսակցությունների կողմից, որոնք երեկ խուլիգանական ակտեր էին կազմակերպում, այլ իրապես՝ Հայաստանի հանրության կողմից»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ