«Սա պարտություն էր եւ կապիտուլյացիա»։ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան կնքած՝ Արցախում պատերազմն ավարտելու մասին համաձայնագրի մասին նման կարծիքի է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը։
Այլընտրանք ունե՞ր կապիտուլյացիային։ Պարոն Նավասարդյանը կարծում է՝ ոչ։ Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է՝ պատերազմի ելքը տանում էր այստեղ, իսկ այլընտրանքի մասին կարելի է մտածել բավականին ժամանակ հետ գնալով՝ ի՞նչ կարելի էր անել 1 տարի առաջ, ի՞նչ կարելի էր անել 2,5 տարի առաջ կամ նախորդ տարիներին․«Որովհետեւ այնպես չի լինում, որ միայն վերջին ժամանակների իշխանություններն են ամեն ինչում մեղավոր, սա ակնհայտ է բոլոր քաղաքական վերլուծաբանների համար»։
Սա կապիտուլյացիա է եւ, ըստ պարոն Նավասարդյանի, նման եզրակացության հիմքն այն է, որ համաձայնագրում բոլոր այն դրույթներն են, որոնք ցանկանում էր տեսնել Ադրբեջանը, բացառությամբ գուցե ռուս խաղաղապահների ներկայության մասին դրույթի․«Բայց դա էլ մտավ ոչ թե այն պատճառով, որ դա Հայաստանի իշխանություն նվաճումն էր, այլ դա հենց Ռուսաստանի նվաճումն էր եւ դրան ՌԴ-ն հասավ Սիրիայում Թուրքիային շատ հարվածներ հասցնելով։ Եւ Թուրքիան ստիպված էր իր հավակնությունները համեստ դարձնել։ Թեեւ, այստեղ կա մի քողարկված հանգամանք՝ Ադրբեջանն էլ էր ինչ-որ տեղ շահագրգռված, որ Թուրքիան չամրացնի իր դիրքերն Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում, որովհետեւ դա ցանկալի չէր Ալիեւի կլանի համար։ Ալիեւը ստացավ իր համար առավելագույնը։ Ռուսաստանի որոշակի ներկայությունն այս տարածաշրջանում ուժեղանալը հնարավորություն է տալիս Ալիեւին հավասարակշռել Անկարայի եւ Մոսկվայի ազդեցությունն իր եւ իր իշխանության վրա։ Այնպես որ, այդ դրույթն ընդունելի էր միայն Ադրբեջանի համար, այլ ոչ թե Ադրբեջան-Թուրքիա տանդեմի համար»։
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։ Սա համաձայնագրի կետերից մեկն է։ Արդյոք այս դրույթը սպառնում է Սյունիքի մարզի անվտանգությանը։ Մեր այս հարցին ի պատասխան պարոն Նավասարդյանն ասում է՝ այս դրույթը կապիտուլյացիայի մի մասն է, որովհետեւ, այն բոլոր հնարավոր կարգավորման տարրերը, որոնք կային վերջին 20-25 տարում բանակցությունների ընթացքում, դրանք արտացոլվեցին այս փաստաթղթում, եւ սա Քի-Վեսթյան չհաջողված պայմանագրի դրույթն է, որը մտավ այս համաձայնագրի մեջ․«Ալիեւն ու Ադրբեջանը հասան բոլոր այն կետերին, որոնք իրենց անհրաժեշտ էին, դա էլ պարտադիր պետք է մեջը լիներ։
Կարդացեք նաև
Դա ընդամենը կարելի է գնահատել որպես մեզ համար անընդունելի դրույթներից մեկը, բայց էական ազդեցություն, անվտանգային առումով, իր մեջ չի պարունակում։ Այստեղ միգուցե կա նվաստացնող դրույթ՝ երբ կողմերը խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, որոնք վերաբերում են եւ բխում են Ադրբեջանի շահերից, իսկ ընդհանուր այնպիսի ապաշրջափակում, որը կարող էր հետաքրքիր լիներ Հայաստանի հանրապետության համար՝ ոչինչ չկա։ Սա ուղղակի լրացուցիչ նվաստացնող հանգամանք է, բայց գործնականում լրացուցիչ անվտանգային խնդիրներ դժվար թե մեզ համար առաջացնի։ Առանց այդ էլ այն անվտանգային մարտահրավերն այս համաձայնագրում այնքան շատ են, որ սա կարելի է անտեսել»։
Պարոն Նավասարդյանն այն կարծիքին է, որ Սյունիքն, ամեն դեպքում, վտանգված է, եթե մենք հաշվի առնենք, որ Թուրքիայի հավակնություններն այս տարածաշրջանում մեծանում են, եւ դրա գործնական դրսեւորումներն արդեն տեսանելի են․«Իսկ այս պատերազմից հետո է՛լ ավելի է վտանգվում»։
Բորիս Նավասարդյանն ասում է՝ այս պատերազմը ցույց տվեց, որ հույս դնել միայն Ռուսաստանի ռազմական ներկայության վրա, սխալ է եւ անկանխատեսելի են տարածաշրջանում զարգացումները։ Նա որպես հիմնավորում նշում է, այն հանգամանքը, որ այս պատերազմում մենք տեսանք, որ ՌԴ-ի դիրքերը թուլացել են եւ դա էլ էր պատճառներից մեկը, որ պատերազմը սկսվեց, ընդ որում, չենք կարող բացառել, որ ՌԴ-ի դիրքերի թուլացման գործընթացը չի շարունակվի․«Ամեն դեպքում, լիներ այդ դրույթը, թե՝ ոչ, Սյունիքի եւ ՀՀ-ի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ են մնում։ Եւ այն ժամանակը՝ անվտանգային երաշխիքների առումով, ասենք՝ հինգ տարին, որը ենթադրում է ՌԴ խաղաղապահների ներկայությունն Արցախում, դրանից հետո պետք է մտածենք, թե այդ հինգ տարուց հետո ինչպես ենք ապահովելու մեր երկրի անվտանգ ապագան։ Սա եւս խոսում է այն մասին, որ երբեք չի կարելի հավկիթները մեկ զամբյուղում դնել, Այսինքն, երբեք չի կարելի հույսը դնել մեկ դաշնակցի վրա»։
Պարոն Նավասարդյանը նկատում է՝ ՀՀ իշխանությունները չկարողացան հարաբերությունները կարգավորել ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ՝ մեր անվտանգության առումով։ Հիմա, ինչպես ասաց պարոն Նավասարդյանը, պետք է մտածել արտաքին հարաբերությունների մասին, եւ հաշվի առնել Չինաստանի եւ Հնդկաստանի միջազգային գործոնը․«Եթե ուզում ենք անվտանգության երաշխավոր, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը երբեք հացերը լուծող միակ գործոնը չի լինելու։ Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե Ռուսաստանը ցանկանա՝ այստեղ ոչ մի պատերազմ չի լինի։ Սա մտածելակերպի կարեւոր բաղադրիչ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ