Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ընտանիքի ֆենոմենը. կուլ չգնացող, ներդաշնակ, հյուրասեր և ինքնակազմակերպվող

Նոյեմբեր 10,2020 21:01

Ավանդական արժեքներ՝ մեծերի նկատմամբ հարգանք, միջսերնդային ներդաշնակություն, աշխատասիրության, փոխօգնության վրա հիմնված ընտանիք, կրթական բարձր զենզ, ներքին ազատություն, հյուրին դիմավորելու ավանդույթներ. ահա այսպիսին է արցախյան ընտանիքը, որն ամուր կառչել է իր ավանդույթներին 18-րդ, 19-րդ, 20-րդ դարերում և հիմա էլ շարունակում է:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ ավանդույթներ ուներ արցախյան ընտանիքը 18-րդ, 19-րդ դարերում, մեր օրերում: Նա նշեց. «Ավանդական ընտանեկան արժեքները՝ մի փոքր առանձնահատկություններով, Արցախի և արևելյան Հայաստանի որոշ այլ հատվածներում բավականին լավ պահպանված էր»: Մխիթար Գաբրիելյանը, հղում կատարելով Ստեփան Լիսիցյանի և մյուս ազգագրագետների աշխատություններին՝ հատկապես Ստեփան Լիսիցյանի «Լեռնային Ղարաբաղի» հայերը աշխատությանը, նշեց. «Ի տարբերություն արևմտյան Հայաստանի մեր պատմաազգագրական շրջանների, արևելյան Հայաստանում կարծես թե ընտանիքները սկսել են ավելի վաղ տրոհվել հիմնական ընտանիքի: Ավանդական ընտանիք ասելով՝ մենք պարտադիր շատ մեծ ընտանիքները նկատի ունենք. մի քանի սերունդ մի տանիքի տակ ապրող, բայց արևելյան Հայաստանում ընտանիքները մի քիչ ավելի շուտ սկսեցին տրոհվել: Հիմնականում գուցե նաև ցարական Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու փոփոխությունների պայմաններում»: 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած հանդիպում էր ընտանիքի եռասերունդ տիպը, որը ոչ շատ բազմանդամ, բայց այնուամենայնիվ, բավականին բազմամարդ էր, միևնույն ժամանակ դրանով պայմանավորված համայնքը, համայնքային կյանքը, հարաբերությունները: Այդ ամենը շատ լավ ներկայացրել է նաև Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը. նա մասնագիտությամբ ազգագրագետ էր»:

19-րդ դարի երկրորդ կեսին Արցախում հիմնականում եռասերունդ ընտանիքներ էին՝ ծնողներ, ամուսնական զույգ և նրանց երեխաները: Ազգագրագետը մանրամասնեց. «Պահպանված էին ավանդական արժեքները՝ մեծերի նկատմամբ հարգանքը, միջսերնդային ներդաշնակությունը և այլն: Արցախը պատմական Հայաստանի և ընդհանրապես Հայաստանի այն բացառիկ ռեգիոններից է, որն ըստ էության և′ անկախության, ինքնավարության, ինքնակազմակերպման մեխանիզմները կարողացավ ավելի երկար պահպանել՝ խոսքը անկախ մելիքությունների մասին է, և′ ինքն անհամեմատ ավելի երկար մնաց հայկական, ավելի քիչ ենթարկվեց արտաքին ազդեցություններին, քանի որ այդ պետականության ատրիբուտիկայի գոյությունը նշանակում է նաև, որ դու քո ավանդույթները, քո սովորույթները, ծեսերը, արարողություններն ավելի լավ, բյուրեղացված վիճակում ես կարողանում պաշտպանել, եթե զերծ ես արտաքին ազդեցություններից»:

Հյուրը Աստծունն է արտահայտությունը շատ բնորոշ է արցախյան ընտանիքներին: Ազգագրագետն ասաց՝ դասական հյուրընկալության սովորությունները, հյուրի հանդեպ վերաբերմունքի, հարգանքի, հյուր ընդունելու, ճանապարհելու, հյուրին կերակրելու, նրա առաջ սեղան դնելու սովորությունները լավ պահպանված են արցախյան ընտանիքներում, և կարևոր նշանակություն էր տրվում դրան:

Օրինակ՝ Ստեփան Լիսիցյանը գրում է իր՝ 1920-ին ԼՂ -ում կատարված հետազոտությունների մասին, թե որպես սովորական օտարական, եթե ծեծեք ցանկացած դուռ ղարաբաղյան որևէ բնակավայրում և խնդրեք՝ ձեզ ներս առնեն, դուք երբեք մերժման չեք արժանան. «Արցախյան հյուրընկալության սովորույթը պահանջում է, որ ձեզ ընդունեն, պատվեն և արժանացնեն ամենալուրջ հարգանքի»:

Մխիթար Գաբրիելյանն արցախյան ընտանիքի այս նկարագրով է նաև պայմանավորում այն, թե ինչու է Ադրբեջանն անընդհատ փորձում, բայց չի հաջողում. «Մեծ հաշվով՝ այս իրականությանն ենք բախվում՝ ինչու անընդհատ Ադրբեջանը գնում է, ինչու է փորձում, քանի որ այդ հոգեբանական բարդույթն էլ ունի ցավոք: Այդ հասարակությունն ու հանցավոր ղեկավարությունը չեն կարողացել հանդուրժել և չեն էլ կարողանում հանդուրժել, գուցե կոպիտ է հնչում, այդ մոտեցումների, սկզբունքների տարբերությունը, երբ նույնիսկ ամենածանր, ամենալարված պայմաններում արցախյան հասարակությունը, ընտանիքը կարողացել է այդ ներդաշնակ վիճակը պահպանել, հարգանքի, փոխօգնության և օգնության վրա հիմնվելով՝ կուլ չի գնացել խորհրդային ամենակուլ քաղաքականության հետևանքներին, պահպանել է հայկականությունը»:

Մխիթար Գաբրիելյանը, առաջնորդվելով այն մոտեցմամբ, որ ընտանիքը հասարակության հայելին է, փաստեց՝ ինչպիսի ուժեղ, արժեքային տեսանկյունից առողջ, ներդաշնակ, հարգանքի, վերաբերմունքի աշխատանքի և աշխատասիրության սկզբունքների վրա հիմնված ընտանիք կար Արցախում նախախորհրդային և խորհրդային շրջանում, որ ալիևյան՝ հայր Ալիևի, դրան հաջորդած քաղաքականությունը նույնիսկ չկարողացավ ժողովրդագրական իրավիճակ փոխել. «Այսօր մենք ուրախությամբ ամեն մեկս մեզ համար մեր միջավայրում արձանագրում ենք՝ ինչքան բազմամարդ ընտանիքներ կան Արցախում. չորս և ավելի երեխաներն են դառնում սովորական, կառչածությունը սեփական հողին, աշխատասիրությունը, նվիրումը, դա ի վերջո ընտանիքի՝ առողջ լինելու և առողջ արժեքների վրա, կազմակերպված լինելու ամենակարևոր ցուցիչն է»:

Ազգագրագետը փաստեց՝ արցախյան գյուղերը ՀՀ տարածքում ցեղասպանությունից հետո ձևավորված գյուղերը չեն, որ տարբեր պատմաազգագրական շրջաններից մարդիկ եկան և պիտի հարմարվեին միմյանց, դրանք փոքր՝ 30-50 տուն ունեցող գյուղեր էին. բոլորն իրար ազգական, բարեկամ, խնամի են, և հարաբերությունների ներդաշնակությունը ֆենոմենալ է. «Երբ դեռ արցախյան առաջին պատերազմն էինք ուսումնասիրում Արտակ Դաբաղյանի հետ, այդ ամենը տեսնում էինք այնտեղ, թե ինչպես են ընտանիքները և′ կազմակերպում, ինքնակազմակերպվում և′ միևնույն ժամանակ այդ ամենը արտակարգ պայմաններում, ինչպես են կարողանում փոխօգնություն կազմակերպել, որ որևէ մեկը չնեղվի, քանի որ բարեկամներ, ծանոթներ հարևաններ են: Մաքուր մշակույթը, որ իրենք կրել են հարյուրամյակներ շարունակ, բյուրեղացվել է նաև օգնության և փոխօգնության, արժեքային դաստիարակության մասին պատկերացումներով: Ի՜նչ ֆանտաստիկ բարձր կրթական ցենզ կար նաև խորհրդային տարիներին արցախյան միջավայրում՝ Երևանում, հայաստանյան բուհերում կրթություն ստացողներ, ռուսական կամ խորհրդային ադրբեջանական բուհերում կրթություն ստացողներ: Մենք ունենք Շուշի, որն օրինակելի է ամբողջ տարածաշրջանի համար»:

Խնդրեցինք նաև անդրադառնալ արցախյան ընտանիքում, հասարակությունում կանանց դերին: Ազգագրագետը նշեց. «Որպես ազգագրագետ՝ երբ կնոջ հետ հարցազրույցներ էի անցկացնում ՀՀ տարբեր մարզերում, կնոջից ինչ-որ նյութեր գրառելը բարդ էր, քանի որ ինքը քաշվում է, մտածում է՝ ես ինչ գիտեմ, իմ ամուսինը կասի, տղաս կասի: Մինչդեռ Արցախում մենք ջերմ, հանգիստ ու ազատ էինք աշխատում կին բանասացների հետ, տարբեր թեմաների շուրջ ազատ կարողանում էինք զրուցել, քանի որ ներքին ազատությունը, ինքնուրույն լինելու, խոսքի իրավունք ունենալու, խոսքի արժեքը գնահատելու մշակույթ կա: Այդ առումով զուգահեռներ կանցկացնեի, երևի թե, Տավուշի և Լոռու որոշ հատվածների հետ, որտեղ դարձյալ արմատներով արցախցիներ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ արցախյան ընտանիք 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի ժամանակահատվածում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30