Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաղթությա՞ն զանգեր էին, թե՞․.. քահանան ինքն էլ չգիտեր

Նոյեմբեր 10,2020 20:40

Առավոտյան լուր ստացվեց, թե Սյունիքի մարզկենտրոն Կապանում բողոքի միտինգ է՝ կապված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված տարածքների փոխանակման հայտարարության հետ։ Մշակույթի կենտրոնի առաջ ավտոմեքենաներ են, որպեսզի հասնեն մայրաքաղաք։

Բայց պարզվեց, որ մարդիկ հավաքվել էին մասնակցելու հերոսացած հերթական զինվորի՝ Ալեն Բեգլարյանի հուղարկավորությանը (անմահացած զինվորի մասին հոդվածը առաջիկայում–հեղ․)։ Պարզապես այնքան հոծ բազմություն էր հավաքվել, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում հնարավոր չէր այդքան մեքենա կայանել ու մի մասը մշակույթի կենտրոնի առջեւ էր։

Չէ՛, սյունեցին, մասնավորապես կապանցին, ի վիճակի չէ մարզպետարանի դռները ջարդել։ Կապանցու պայքարի ուղին ուրիշ է, այլ կերպ է։ Կապանցիները ցավը կոկորդում սեղմած՝ եկել էին հերթական քաջորդուն ճանապարհելու։

Եկեղեցու ներսում կանգնածների հայացքները բախվելով որդեկորույս մոր հայացքին, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ միանգամից դառնում էին լռակյաց։

Իսկ դրսում՝ եկեղեցու բակում խումբ առ խումբ հավաքված շշուկով քննարկում էին օրվա իրադարձությունը։ Քննարկում էին, թե ինչպես հնարավոր է ադրբեջանցիները տեղափոխվել Կապանի օդանավակայանի հարակից տարածք՝ իբր իրենց նախկին բնակավայրերում ապրելու։ Հետո կարծես վախենալով՝ այդ մտքից պատմությունն էին հիշում, թե թշնամին էս կողմը չի գա, ինչքան էլ պայմանագիր կնքեն, չէ որ «գյավուրի հողեր» են այդ տարածքները։

Եկեղեցու ներսից հոգեհանգստյան կարգ կատարող քահանայի ձայնը երբեմն սթափեցնում դիվանագետ դարձած կապանցիներին։ «Տեր ողորմյա~….»։ «Ե՞րբ եւ ո՞վ է ստորագրել չարաբաստիկ պայմանագիրը․ Լեւո՞նը, Ռո՞բը, Սե՞րժը թե Նիկո՞լը»,–հարցրեց 90-ականների ազատամարտի մասնակիցներից մեկը։ Մյուս ընկերոջ նյարդերը չդիմացան։ «Հիմա էլ ի՞նչ մեղավորներ ես փնտրում, հիմա պիտի ելքը մտածենք, ո՞նց ենք անելու»,–ասաց նա։

Ամեն մեկը երկրի վարչապետ ու ղեկավար էր դարձել, իր տեսակետն էր հնչեցնում որպես գերագույն անքննելի դիրքորոշում։ Հետո էլի երեւանյան անցած գիշերվա իրադարձություններն էին հիշում, Գարեգին Նժդեհի խոսքերը՝«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Հերոս զինվորի աճյունը հանեցին եկեղեցուց, ու քարացած բազմությունը շարժվեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր՝ նրան ամփոփելու մյուս հերոսների կողքին։

Կապանը սգում էր իր քաջորդու մահը, բայց կապանցին հպարտ էր՝ անկախ քաղաքական խարդավանքներից՝ սյունեցին պինդ է ու իր սահմանն անառիկ կպահի, որքան էլ թշնամին ապրի կողք–կողքի։

Արդեն ուղիղ կեսօր էր։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգերը, ինչպես վերջին մեկ ամսում, նույն ժամին սկսեցին ղողանջել։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի որոշմամբ մինչեւ հաղթություն, ուղիղ կեսօրին՝ 10 րոպե պիտի ղողանջեն հայոց բոլոր եկեղեցիների զանգերը։ Հաղթությա՞ն զանգեր էին արդյոք այսօրվա զանգերը, վաղն էլ կհնչե՞ն ու այդպես դեռ քանի տարի՝ կոչնակ հնչեցնող քահանան չգիտեր։ Նոր որոշում չկա եւ ինքը ամեն կեսօրին դեռ կհնչեցնի զանգերը։

«Մնացածը թող հավատացյալը որոշի՝ հաղթության, ավետիսի թե գույժի կոչնակ է»,–ասաց նա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30