«Իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում էինք եւ անհրաժեշտություն կար, որպեսզի հրավիրվեր ԱԺ արտահերթ նիստ: Դրա համար մեր եւ «Լուսավոր Հայաստանի» ձայները բավարար կլինեին: ԼՀ-ի մեր գործընկերները տեխնիկական խնդիրներ են տեսնում այս փուլում: Մենք կարծում ենք, որ մարտավարական տարբերություն կա մոտեցումներում: Գտնում ենք, որ նիստը հենց այսօր պետք է կայանար»,-ազգային ժողովի շենքի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթղթի առնչությամբ բողոքի ցույց անող քաղաքացիներն ԱԺ-ի բակում են, պահանջում են Փաշինյանի հրաժարականը:
«Վստահ չեմ, որ արտահերթ նիստ գումարելու դեպքում «Իմ քայլի» գործընկերներից շատերը կմասնակցեին, բայց ճանաչում եմ «Իմ քայլում» բավականին ազնիվ եւ պարկեշտ մարդկանց, ովքեր հասկանում են՝ այն, ինչ տեղի է ունեցել, դա զարհուրելի է: Տարբեր գործիչներ փորձում են տարբեր արդարացումներ գտնել, տարբեր ձեւակերպումներ տալ…անհարմար է: Ամենաճիշտ լուծումը կլիներ լռելը եւ թույլ տային, որպեսզի այն քաղաքական ուժերը, որոնք գտնում են, որ տեղի ունեցածը պատմության ամոթալի էջերից է, որ հայրենիք կորցրինք…Օր առաջ այս նիստը պետք է գումարվեր, եւ հասկանայինք, թե ինչ ենք անելու այս իրավիճակում: Մինչդեռ նորից լսում ենք հասարակությանը պառակտելու կոչեր՝ գնացեք վրեժ լուծեք…սա ի՞նչ է, քաղաքացիական պատերազմի կո՞չ»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա շեշտեց, որ հայրենիք ենք կորցրել. «Մեր համար անակնկա՞լ էր: Ոչ, մենք գիտեինք ճշմարտությունը: Ժողովրդի համար անակնկա՞լ էր: Այո, ժողովրդի համար շոկ էր, որովհետեւ մեր ժողովուրդը նայում էր Արծրուն Հովհաննիսյանին, ով ասում էր, որ գնում ենք, հաղթում ենք…հետո ժողովուրդը տեսնում է, որ Շուշին չկա»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի. «Բազմաթիվ գրանտալափ կազմակերպություններ՝ իշխանությանը կից եւ ներսում, Ռուսաստանի դեմ պանիկա արեցին: Սա պետությանը թիկունքից հասցված հարվածներից էր: Բա ո՞ւր է ձեր արեւմուտքը: Ռուս խաղաղապահների տեղադրումն այս փուլում լավագույն լուծումն է, արյունահեղությունը կանգնեցնելու լավագույն լուծումը: Րոպե առաջ այս արտահերթ նիստով պետք էր հանել ռազմական դրությունը, որից հետո քաղաքական ուժերով կքննարկեինք ստեղծված իրավիճակը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ