Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանը». Արագած Ախոյանը սպառնում է Փաշինյանին ու հայտարարում հրամանատարների կազմկոմիտե ստեղծելու մասին

Նոյեմբեր 10,2020 19:44

Ինչպես տեղեկացրել ենք, վաղ առավոտից ԱԺ բակի մոտ ցուցարարներ են հավաքվել, տարբեր պահանջներ են ներկայացնում, մի մասը պահանջում է վարչապետի հրաժարականը, մի մասը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել, մի մասը՝ Արցախի հողերը հանձնելու խայտառակ պայմանագիրը չեղարկել:

ԱԺ բակում էր ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նա ասաց, որ առավոտյան ժամը 9-ին է եղել են դիրքերում, պահել են դիրքերը. «Մեր տղաները չենթարկվեցին ու չեն լքել դիրքերը: Տեղը չեմ կարող ասել: Ես հայտարարում եմ ՀՀ հպարտ նախիր իշխանությանը, որպեսզի այլեւս ժողովրդի անունից չխոսեն եւ ամբոխը ժողովրդից ջոկեն: Այլեւս էդ կտերը ոչ մեկը չի ուտելու: Նիկոլ Փաշինյանին առավոտյան լսում էի: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հաթաթա էլ չտա, ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանի Հանրապետությունը: Կոչ եմ անում բոլոր այն տղաները, որոնք տեսել են ամեն ինչ, մենք շատ բան գիտենք, մեր խոսելու ժամանակը կգա: Մենք տեսել ենք էն սցենարը, որն էսօր սարքել են, առաջին օրվանից՝ ամսի 28-ից առաջնագծում ենք եղել: Այն տղաները, ջոկատի հրամանատարները, որոնք գյուղով, կազմավորված եղել են ռազմաճակատում, կապվեն մեզ հետ, որպեսզի կազմկոմիտե ձեւավորենք, պահանջենք այսօրվա նախիր իշխանությունից ազատվել»:

Արագած Ախոյանը հայտարարեց, որ սա ռազմի դաշտի պարտություն չի, սա արտաքին քաղաքականության պարտություն է. «Սա ապաշնորհ քաղաքականության հետեւանք է, ժողովուրդ, լավ իմացեք, չե՛ն մարսելու: Երեկ զինվորը լաց էր լինում, ասում էր՝ հորս գերեզմանին գնամ ի՞նչ ասեմ: 30 տարի առաջ հերը զոհվեց, էսօր՝ ախպերը, գնան շիրիմին ի՞նչ ասեն, ո՞նց տվինք էս հողը»:

Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանն ասում էր, որ եթե շարունակեինք, կկորցնեինք Արցախն ամբողջությամբ՝ Արագած Ախոյանն արձագանքեց. «Վաղուց էր պետք մտածել եւ էշ-էշ չխոսել արտաքին քաղաքականության մեջ: Շատ բան գիտենք, քիչ ենք խոսում»:

Արագած Ախոյանն ասաց, որ կազմկոմիտե ձեւավորելուց հետո ժամն ու տեղը կասեն, կհավաքվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30