ԲՀԿ պատգամավորներն ԱԺ շենքում են, նրանք ստորագրություն են հավաքում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն ձեւաթղթի տակ չեն ստորագրել ո՛չ «Իմ քայլը», ո՛չ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Ասել են՝ Էդմոն Մարուքյանը չգիտենք ուր է, ինչ-որ կարեւոր հանդիպման է: Ցուցարարներն էլ բողոքում են՝ «ավելի կարեւոր, քան հայրենի՞քը»:
Արթուր Գրիգորյան անունով մի քաղաքացի բանակցում էր ԲՀԿ-ականների հետ, որից հետո մոտեցավ ցուցարարներին ու ասաց, որ նոր ԱԺ էին ուզում ստեղծել՝ նոր կազմով. «Հներից ոչ մեկը չպետք է լիներ: Բայց փորձում են արհեստականորեն այդ ամեն ինչը ձգձգել եւ մարդիկ ուզում են տանել իրենց ցանկալի հունով: Դրա համար հիմա ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր իրոք մտահոգված են մեր հայրենիքով, մեր ազգի ապագայով, որն, իրոք, վտանգվածն է: Պահն օրհասական է: Հիմա պետք ենք բոլորս, պետք է ավելի մեծ թվով հավաքվենք այստեղ, որպեսզի կարողանանք լուրջ ճնշում գործադրենք ԱԺ-ի վրա՝ հետագա ընթացքը փոխելու: Պիտի վարչապետի հրաժարականը լինի, խորհրդարանի լուծարում լինի, նոր խորհրդարանական ընտրություններ: Հիմա դիմում եմ բոլորիդ:
Կարդացեք նաև
Հարգելի՛ հայրենակիցներ, հայրենիքի մի մասը հանձնում ենք, եթե համաձայն եք այդ մտքին…վստահ եմ, որ համաձայն չեք, ուրեմն դիմում եմ, պահանջում եմ բոլորիցդ, մենք բոլորս պիտի լինենք պահանջատեր, եկեք հավաքվենք այնտեղ, 200-300 հազար հոգի պիտի հավաքվենք, որ կարողանանք շատ մեծ ճնշում գործադրենք ԱԺ-ի ու վարչապետի ուղղությամբ: Որոշում պետք է կայացվի ոչ թե հօգուտ արտաքին ուժերի կամ սեփական ամբիցիաների, այլ՝ ազգի եւ պետության: Հիմա պրոցես է գնում, որը վնաս է մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, պահը պիտի հասկանանք, ժամանակ չունենք: Պիտի հարկ եղած դեպքում պիտի բոլորին պարտադրենք, որ ընդունեն մեր պահանջը՝ ԱԺ-ի ներսում, էլ տարբերակ չունենք: Սյունիքի մի մասն էլ են ուզում տան, ուզում են բուֆերային գոտի ստեղծեն այնտեղ մեր թշնամիների համար, այնտեղ մեր մուտքը պիտի լինի խաղաղապահ ուժերի թույլտվությամբ:
Այսինքն, մենք մեր տարածքներում, մեր հողի վրա պիտի թույլտվություն պահանջենք ինչ-որ մարդկանցից, որ նոր կարողանանք մուտք գործենք: Առանց հայ ազգին հարցնելու՝ համաձայն եք տարածքներ տրամադրելու, ինքնակամ որոշումներ են կայացնում ու իբր մեր անունից ստորագրում: Պետք է հավաքվենք մեծաթիվ մարդկանցով,ուրիշ տարբերակ չունենք: Սահմանադրությունն այնպես են գրել, որ ամեն ձեւ կարողանում են շրջանցել, ճնշում պիտի գործադրենք բոլորս անխտիր՝ օր ու գիշեր»:
Մինչ այս պահը ԱԺ շենքի բակում չի հավաքվել ցուցարարների 200-300 հազարհոգանոց խումբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ