Հարցազրույցը արվել է նոյեմբերի 9-ին։
Գնդապետ Միշա Թադևոսյանը «Կարմիր բերետներ» ջոկատի մարտական հրամանատարն է։
«Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր խմբ.) հետ 5165-ի բազայի վրա, երբ ԱԱԾ Հատուկ նշանակության զորամասը ցրեցին մեր հարգարժան երրորդ նախագահի ժամանակ։ Երբ նորմալ երկրներում ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունը մարդիկ մեծացնում են, ես չեմ հասկանում, թե ինչու մեր այդ շատ չակերտավոր խելացի ղեկավարները այս պատրաստի մարտունակ զորամասը ցրեցին։ Ես վերջում եկա եզրակացության, որ գնդապետ Թադևոսյանին հանելու համար մի հատ մեծ, պատրաստի, մարտունակ զորամաս ցրեցին։ Ես իրենց առաջարկել էի ինձ հանել, բայց թողնել այդ մարտունակ, պատրաստ և տարիներով ստեղծված զորամասը, որ Արթուր Ալեքսանյանի և մեր զինակից ընկերների հետ ենք ստեղծել, վերջին ղեկավարը ես էի, ինձ չլսեցին և այդ մարտունակ զորամասը ցրեցին։ Այս պատերազմը, որ սկսեց այդ զորամասի հիման վրա հավաքեցի մեր վետերաններին, նախկին ժամկետային զինծառայողներին, ենթասպաներին, որոնք որ այսօր մեզ հետ միասին մեր հայրենիքի սուրբ սահմանները պաշտպանում են, և միասին պատերազմում ենք հակառակորդի դեմ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Միշա Թադևոսյանը կարևորում է այն հանգամանքը, որ Հատուկ նշանակության զորամասի սպաները և ենթասպաները կամավորների հետ ամեն օր 2-4 ժամ պարապմունքներ են անցկացնում․ «Այսօր պատրաստված մի հոգին հավասար է չպատրաստված 100 հոգու։ Դրա համար մենք աշխատում ենք պատրաստել բանիմաց կամավորների։ Մեզ բանիմաց զինվորներ մեզ շատ-շատ են պետք։ Փառք աստծո, դրա պակասը մենք չունենք, և բոլորն էլ մեր մասին լսելով և մեզ հետ շփվելով մեզ վստահում են և մեր կողքին են»։
Նա հավելեց․ «Կուզեի մեր ժողովրդին ասել, մեր սահմանները պաշտպանված են, հմուտ և հայրենասեր տղաների ձեռքում է։ Արցախ կամավոր մեկնած և կանոնավոր բանակում ծառայող տղաները համատեղ պաշտպանում են և պաշտպանելու են մեր սուրբ սահմանները։ Ես կխնդրեի, որ խառնակիչները ոչ մի ավելորդ բաներ չխոսեն։ Մեկ է՝ պատերազմի ժամանակ կռվողները կռվելու են, ապուշ-ապուշ խոսողները և փախչողները փախնելու են։ Թո՛ղ իմանան, որ մենք միշտ ուժեղ ենք՝ եղել ենք, կանք ու մնալու ենք, վերջնական մենք հաղթելու ենք»։
Իսկ այս պատերազմում նա վստահ է, որ միայն Ադրբեջանի դեմ չենք կռվում․ «Կռվում ենք Պակիստանից եկած իրենց զինվորների, Թուրքիայի, ինչո՞ւ չէ՝ ՆԱՏՕ-ի դեմ, որովհետև ՆԱՏՕ-ն այս ամենը տեսնում է, իրենց զենքերն են օգտագործում։ (Նախորդ պատերազմի հետ համեմատ խմբ.) մի քանի զենքեր են ավելացել, բայց կռվի բուն իմաստը մնացել է նույնը։ Մեկ է՝ մեզ՝ հայերիս, իրենք չեն կարող վախեցնել, որովհետև մեր գենի, մեր արյունի մեջ մտած է՝ մեկ ամիս, երկու ամիս հետո բոլորն էլ կոփվում են և դառնում են զինվորական, և հմուտ զինվորական, խելացի զինվորական․ իրենք իրենց տունն են պահում, հայրենիքն են պաշտպանում։ Եթե մենք միասնական ենք, մեզ հաղթել չկա»։
Նա համարում է, որ կամավորներն էլ պատրաստ են այս նոր զենքերի դեմ կռվելու․ «Ուղղակի իրենց հմուտ, փորձառու, բանիմաց ղեկավարներ պետք է իրենց կողքին լինեն, իրենց հետ միասին մարտնչեն, ոչ թե իրենց տանեն համապատասխան տեղը, ասեն՝ սա ձեր դիրքերն է, իսկ իրենք վերադառնան։ Ղեկավարը պետք է լինի խրամատում, իր ենթակայի կողքին, որ իրենց ուղղություն ցույց տա, որ իրենց մարտական ոգին բարձրացնի, ոչ թե ղեկավարը նա է, որ ինչ-որ մի սենյակում նստի, ասի՝ առաջ գնացեք։ Նման բան չի լինի»։
Միշա Թադևոսյանը շեշտեց, որ անում են ամեն ինչ, որ կռվի ժամանակ իրենց ենթակաները հրամանատարի մեջքը չտեսնեն․ «Ինքը պետք է տեսնի իր հրամանատարին իր կողքին՝ իր հրամաններով և իր մասնակցությամբ»։
Միշա Թադևոսյանի հետ առաջնագիծ են եկել նաև իր երկու որդիները՝ 25-ամյա Լեոնիդը և 21-ամյա Աղվանը․ «Ես իմ տղաներին ուրիշ ոգով եմ դաստիարակել։ Եվ երբ ես մեկնում էի, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել, չեմ ասել՝ եկեք գնանք ինձ հետ հայրենիք պաշտպանելու։ Խելացի, հասուն տղաներ են, արդեն գիտեն, որ հայրենիքը վտանգի մեջ է, պետք է պաշտպանել։ Դրա համար իմ երկու տղաները ինձ հետ մեկնել են՝ անկախ իմ ասել-չասելուց ինձ հետ են միասին համապատասխան դիրքերում և առաջնագծում են։ Եվ մեկը մեկին հերթ չի տալիս, դա իրենց մտածելակերպն է, որովհետև այլ կերպ չէր կարող լինել։ Այո՛, ես պատրաստ եմ մինչև վերջին կաթիլ արյունը իմ երկրի, իմ հողի, իմ ջրի համար պայքարել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ