Փոխգնդապետ Ռոբերտ Ղուկասյանը «Կարմիր բերետներ» ջոկատում ջոկատի հրամանատարի տեղակալ է։
«Ե՛վ սերունդներ ենք դաստիարակում, և՛ մարտի դաշտում անցկացնում ենք մեր հերթապահությունը»,- ասում է նա՝ նշելով, որ իրեն շատ վատ կզգար, եթե չմասնակցեր այս պատերազմին։ «Հայրենիքի կանչը ինձ համար ավելի հզոր է, քան ամեն ինչն իրար հետ վերցրած։ Չունենք հող, չունենք հայրենիք, ուրեմն՝ չունենք նաև ապագա։ Դա է մեր հիմնական խնդիրը եղել։ Չեմ կարծում՝ մի մարդ, որ անցած ուղի ունենա, ու չմտածի հայրենիքի համար։ Ամեն մի քար, ամեն մի թուփ շարժելու ժամանակ նա միշտ որպես ազատամարտիկ մտածում է ապագայի մասին, թե ոնց կանդրադառնա այդ քայլը իր երկրի թե՛ քաղաքական, թե՛ մարտական ասպարեզի վրա»։
Ռոբերտ Ղուկասյանը գոհ է կամավորներից, նրա կարծիքով՝ լավ սերունդ է դաստիարակված․ «Մնում է նրանց սիրտը չկոտրել։ Մենք անում ենք ամեն ինչ, որ իրենց պատրաստենք այս կանչին։ Ոգեշնչում ենք, դասընթացներ ենք անցկացնում։ Բայց միևնույնն է, տեխնիկապես շատ բաներ են պակասում, իսկ հոգեպես և գաղափարապես լավ պատրաստված անձինք ունենք»։
Իսկ իրենց վարած դասընթացների արդյունքները Ռոբերտ Ղուկասյանը համարում է, որ ակնհայտ են․ «Միանգամից վերև չենք հանում․ պարապեցնում, վարժեցնում ենք, նոր ենք դիրքեր հանում։ Դրա համար էլ մարդիկ ցանկություն ունեն, որ նմանատիպ ջոկատներում ընդգրկվեն, և եթե չհասցնեն նույնիսկ վառոդի հոտը քաշել, գոնե ինչ-որ բաներ սովորեն, որոնք աստված ոչ անի, հետագայում պետք կլինի»։
Կարդացեք նաև
«Ցանկալի է, որ պատերազմում միշտ էլ մենք հաղթանակած լինենք, և վայ նրան, ով մեր այս երիտասարդների դիերի վրայով անցնի»,-ասում է փոխգնդապետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ