Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին. միջազգային մամուլի արձագանքը

Նոյեմբեր 10,2020 18:55

Միջազգային լրատվամիջոցների էջերում կրկին Լեռնային Ղարաբաղն է: «Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր». կարդում ենք վերնագրերում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարքն անվանել է «խիստ ցավոտ և՛ իմ, և՛ մեր ժողովրդի համար», գրում է BBC-ն: «Հրադադարի նոր պայմանագիրը զայրույթ է առաջ բերել Հայաստանում, ցուցարարները գրոհել են խորհրդարանը, ծեծի ենթարկել խոսնակին և կողոպտել վարչապետի գրասենյակը»,- հայտնում է BBC-ն:

«Անասելի ցավոտ համաձայնագրին» անդրադարձել է նաև CNN-ը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Հեռուստաալիքը հիշեցրել է, որ երկուշաբթի ավելի վաղ Փաշինյանը պնդում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են:

«Ալ-Ջազիրան» նկատում է, որ համաձայնագիրը ստորագրվել է մի քանի ժամ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները հաստատեցին, որ  երկրորդ քաղաք Շուշին գրավվել է ադրբեջանական ուժերի կողմից:

France-24-ը հայտնում է, որ «վիճելի շրջանը վերագրավելու նպատակով ադրբեջանական մի քանի հաղթանակներից հետո» Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնության են եկել՝ դադարեցնելու մարտերը Լեռնային Ղարաբաղում: Հեռուստաալիքը նաև հայտնում է, որ դժգոհ ցուցարարները ներխուժել են կառավարության շենք՝ կողոպտելով գրասենյակները և կոտրելով պատուհանները:

«Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ Մոսկվայի միջնորդությամբ կնքված խաղաղության գործարքից հետո, որը Ադրբեջանում առաջ է բերել տոնակատարություններ, Հայաստանում՝ ցույցեր»,- գրում է բրիտանական The Guardian-ը:

Financial Times-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմում Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը, որը տարածաշրջանում գերիշխող աշխարհաքաղաքական ուժն է, չեզոքություն էր պահում, անգամ երբ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված մի քանի հրադադարները տապալվեցին: «Պայմանագիրը, որը հաջորդեց ադրբեջանական ուժերի կողմից ռազմավարական վճռորոշ քաղաքի գրավմանը, խոշոր ռազմական հաղթանակ է Բաքվի համար, որն ամրապնդում է նրա մեծ տարածքային նվաճումները և հարցեր բարձրացնում Հայաստանի կողմից կառավարվող անկլավի ճակատագրի վերաբերյալ»,- գրում է թերթը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30